ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանի նախագահը դատապարտել է պատգամավոր Մարինա Կալջուրանդի նկատմամբ Ադրբեջանի անհիմն հետապնդումը

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նամակով դիմել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային՝ արտահայտելով իր խիստ դժգոհությունը՝ Ադրբեջանի խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գանջալիևի 2022 թ. դեկտեմբերի 20-ին հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ:

«Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գանջալիևը մեղադրել է Եվրախորհրդարանին «կոռուպցիայի միջոցով Եվրախորհրդարանի անդամներին ֆինանսավորելու մեխանիզմ ստեղծելու մեջ»։ Չներկայացնելով իր մեղադրանքների որևէ հիմք՝ նա պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղում թալանված ոսկու հանքերից ստացված եկամուտները գնում են Ադրբեջանի գործողությունները քննադատող ԵԽ անդամների գրպանները: Նա նաև Թվիթերում հրապարակել է մի հոդված, որը պարունակում է ուղղակի անձնական հարձակում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության խմբի համանախագահ Մարինա Կալջուրանդի դեմ՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով նրան կոռուպցիոն գործողությունների մեջ»,- գրել է Ռոբերտա Մեցոլան:

«Եվրախորհրդարանը հանձնառու է շարունակել լավ հարաբերություններ հաստատել Միլի Մեջլիսի հետ՝ փոխադարձ հարգանք պահպանելով։ Սա կարող է ներառել կառուցողական քննադատություն, որը, այնուամենայնիվ, պետք է հիմնված լինի փաստերի, և ոչ թե չհիմնավորված և զրպարտիչ պնդումների վրա», — ավելացրել է նա:

Եվրախորհրդարանի նախագահը խնդրել է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի հետագայում նման միջադեպերը չկրկնվեն։

Back to top button