ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի. իշխող մեծամասնությունը կողմ  քվեարկեց գլխավոր դատախազի միջնորդությանը 

Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ 68 «կողմ» ձայնով համաձայնություն է տվել գլխավոր դատախազի միջնորդությանը, թույլատրելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնել։

Ազգային ժողովն այսօր է ավարտել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագրի քննարկումն ու անցել ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն  Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը։ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով փակ գաղտնի քվեարկությունը կանցկացվի վաղն առավոտյան։  

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրից, մասնավորապես, պարզվում է, որ նա ու ևս 5 փորձագետ կեղծ եզրակացություն են տվել հանրությանը որպես «Հաց բերող»  հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանին ներկայացրեց միջնորդագիրը, նշելով, որ առաջարկության համար հիմք է հանդիսացել քրեական վարույթի ուսումնասիրությունը.

 «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին,   2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործը»:

Ըստ դատախազի միջնորդագրի՝ քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել  քրեական գործով բժշկական կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ, որոնք հիմք են տալիս ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել․

 «2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար»:

Արմեն Չարչյանը, որպես բժիշկ, 6 տարի առաջ եղել է Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով փորձագիտական խմբի 5 անդամներից մեկը։ 2022 թ. նոյեմբերի 10-ին որոշումներ են կայացվել քրեական հետապնդում հարուցել նաև առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետներ Հայկազ Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արթուր Ղամբարյանի և Արմինե Հարոյանի նկատմամբ։ Բոլոր փորձագետներն էլ, այդ թվում՝ Արմեն Չարչյանը, առարկել են վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատվելու դեմ այն հիմքով, որ չեն կատարել իրենց մեղսագրվող արարքը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին, գլխավոր դատախազը նաև ասաց, որ տվյալ գործով քննվում է նաև պատվիրատուի վարկածը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքով, որը կարող է ոչ մեկ անձ լինել, սակայն, դա խորհրդարանում չի ներկայացվում, քանի որ չի վերաբերում Արմեն Չարչյանին։ Այդ մասով քննությունն էլ շարունակվում է։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան.   

 «Ըստ կանոնակարգի հիմա պետք է Արմեն Չարչյանը ելույթ ունենար, բայց նա նույնպես, ինչպես Սեյրան Օհանյանը, ներկա չէ և, ըստ այդմ՝  կարող եք հերթագրվել մտքերի փոխանակության համար»։ 

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել  թույլատրելու գլխավոր դախախազի երրորդ միջնորդագիրը մինչ այդ էին իշխանական պատգամավորները քննարկել ու ավարտել։ Սահմանված 20 րոպեի փոխարեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանից ևս 10 րոպե ժամանակ էր խնդրել՝ դատախազության միջնորդագիրը ներկայացնելու համար։

 «Մեղադրանքը ծավալուն է։ Ես ուզում եմ հասցնել մաքսիմալ ներկայացնել», – ասել է գլխավոր դատախազը։ 

Միջնորդությամբ, մասնավորապես, ասվում է, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները,

ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

 «Թե ինչպես է «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները, ի վերջո, փոխանցվել մասնավոր անձին։ Այսինքն՝ մեղադրանքն ամբողջությամբ այս երևույթի մասին է»,– այսպես  ներկայացրեց մեղադրանքը Աննա Վարդապետյանը։  

Շարադրելով մեղադրականը, դատախազը նաև հայտնեց, որ 5 մլրդ 884 միլիոն դրամ արժողությամբ գույքի դիմաց վճարվել է 5 մլրդ 181 մլն դրամով պակաս, այսինքն, ըստ դատախազության տվյալների, հենց այդքան է կազմում պետությանը պատճառված վնասի չափը։ Սեյրան Օհանյանի կողմից հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով՝ նշեց գլխավոր դատախազը․

 «Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշողի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»։  

Օհանյանի գործի հետ կապված միջնորդության վերաբերյալ հարցեր տալու համար գրանցվեց 7 պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Հարցերն առնչվում էին գործի տարբեր դրվագներին, որոնց վերաբերյալ  դատախազը պատգամավորներին պարզաբանումներ ներկայացրեց։ Ընդդիմությունը գլխավոր դատախազի միջնորդությունները համարել է քաղաքական հետապնդման մաս, խորհրդարանական քննարկումը բոյկոտել, հայտարարելով, որ այն շոու է, որին իրենք չեն մասնակցում։ 

Back to top button