ԿարևորՀասարակություն

Պարտադիր ապահովագրության հայեցակարգը հաստատված է, օրենսդրական կարգավորումները՝ առաջիկայում

Հայաստանում ներդրվում է առողջապահության պարտադիր ապահովագրության ինստիտուտը։ Հայեցակարգը հաստատված է, առաջիկայում կներկայացվեն օրենսդրական կարգավորումները։ Համակարգը կներդրվի փուլային եղանակով։ Ապահովագրավճարը կսուբսիդավորվի մասնակի կամ ամբողջությամբ՝ կախված շահառուի տարիքից, եկամտի չափից ու խոչընդոտներից։

2024 թվականից մինչև 18 տարեկանների, իսկ արդեն 2025-ից՝ կեսնաթոշակառուների  համար ապահովագրական ծախսերը կվճարի պետությունը։ Ավելի քիչ եկամուտ ունեցողներին պետությունն ավելի շատ կսուբսիդավորի և հակառակը։ Անձի ֆունկցիոնալության գնահատումը նույնպես իր դերը կունենա ապահովագրավճարի սուբսիդավորման հարցում։ Բայց մասնագետները մի շարք մտահոգություններ ունեն։

Նախնական հաշվարկներով առողջապահության ապահովագրավճարը Հայաստանում կկազմի 150 հազարից 200 հազար դրամ։ Առողջապահության նախարարությունը դեռ հստակ թիվ չի հրապարակում, բայց ասում է, որ այն լինելու է ֆիքսված գումար և վճարվելու է մաս–մաս։ ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը  հստակեցնում է՝ համակարգը փուլային է ներդրվելու։

«2024 թվականին փորձարկման փուլի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է, որ համակարգին կմիանան հիմնականում բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերը, որոնք գրեթե ամբողջությամբ կսուբսիդավորվեն պետության կողմից։ Համակարգին կմիանան նաև սոցիալական փաթեթի շահառուները, որոնք այսօր էլ ունեն առողջապահական բաղադրիչ և պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է նրանց առողջակական ծառայությունների հատուցումները։ Լրացուցիչ ապահովագրությամբ նախատեսված ծառայությունների դիմաց գուցե անհրաժեշտ լինի  լրավճար կատարել, որը չի լինի այնքան գումարով, որքան նախատեսված է լինելու  համաակրգի ներդրման վերջին փուլի ընթացքում ներառվող շահառուների՝ վարձու աշխատողների, ինքնազբաղվածների ու գյուղացիական տնտեսությունների համար»,– ասում է փորձագետը։

Խարազյանը վիճակագրությունն է մեջբերում՝ Հայաստանում բնակչության մինչև 10 տոոկսը առողջապահական հիմնարկներ չի դիմում, դիմողների 23 տոկոսն էլ մեկ և ավելի տարի խնայում է, որ կարողանա բժշկի դիմել։ Ապահովագրավճարը կսուբսիդավորվի մասնակի կամ ամբողջությամբ՝ կախված շահառուի  տարիքից, եկամտի չափից ու խոչընդոտներից։ 2024–ից մինչև 18 տարեկանների, իսկ արդեն 2025–ից՝ կեսնաթոշակառուների  համար ապահովագրական ծախսերը կվճարի պետությունը։ Ավելի քիչ եկամուտ ունեցողներին պետությունն ավելի շատ կսուբսիդավորի և հակառակը։ Անձի ֆունկցիոնալության գնահատումը նույնպես դեր կխաղա ապահովագրավճարի սուբսիդավորման հարցում։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք–Նուբարյանը կարծում է, որ պետք է առողջապահական համակարգի ֆինանսավորման տրամաբանությունը փոխել ․

«Այժմ գործող համակարգն այլևս ունակ չէ որևէ զարգացում ապահովել։ Ունակ չէ բարեփոխման, տեխնիկապես հնարավոր չէ եղած համակարգը բարեփոխել»։

Նախատեսվում է ստեղծել պետական հիմնադրամ, որն էլ կառավարելու է  ակնկալվող ավելի քան 370 մլրդ դրամը։ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հաշվարկներն այլ են՝  ըստ նախագծի  2 մլն 880 հազար շահառու, եթե վճարի 150  հազարական դրամ, ապա ընդհանուր գումարը 420 մլրդ դրամ է կազմելու։ Ինչու՞ պետական հիմնադրամ, իսկ գուցե մասնավոր ապահովագրական ընկերություններն ավելի լա՞վ առաջարկներ ունեն։ Իսկ եթե առողջապահական շուկայի կարգավորման փորձի դեպքում կրկին ստվերն ավելանա՞ ․ մտահոգող հարցերն, ըստ տնտեսագետի, շատ են․ 

«Եթե խոսքը մեկ շահառուի մասով 150–200 հազար դրամի մասին է, միգուցե մեր մասնավոր ապահովագրական ընկերություններն ավելի էժան են այսօր կարողանում իրականացնել այն։ Ցանկացած մասնավոր կազմակերպություն, որն ունի 500 և ավելի աշխատատեղ, կարող եմ վստահեցնել, որ բավականին ծավալուն փաթեթով ապահովագրություն կարող են ստանալ։ Եթե փորձենք շուկան կարգավորել, սահմանելով գներ, դիցուք՝ հայտնի մասնագետ է, որի ծառայությունների արժեքը՝ վիրահատությունը,  650 հազար դրամ է, եթե մենք սահմանում ենք 350 հազար դրամ, ապա կամ տվյալ մասնագետը հրաժարվելու է սպասարկելուց, կամ  ասելու է՝ շատ լավ թող հիմնադրամը վճարի 350 հազար դրամ, հիվանդն էլ՝ 300 հազար դրամ»։

Առողջապահության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրման քննարկումների ընթացքում մասնավոր ապահովագրության նեգրավման հարց չի քննարկվել, պարզաբանում է ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը։ Նա մանրամասնում է՝ եթե քաղաքացին ապահովագրված է, բայց ընտրում է այլ , ավելի բարձր արժեք ունեցող առողջապահական հիմնարկ, ապա կարող է դիմել ու, կրկին վճարելով,  ստանալ այդ ծառայությունը․

«Միասնական գնորդի ֆինանսավորման համակարգը բավականին ծախսարդյունավետ է, և մենք դա նույնպես պետք է հաշվի առնենք։ Ինչ վերաբերում է արդեն գների կարգավորմանը, ապա այստեղ ևս մոտեցումը համակարգը  հնարավորինս ծախսարդյունավետ դարձնելն է։ Որևէ մեկը չի արգելում ինչ որ բժշկական կազմակերպության ուղղակի միանալ համակարգին և նույն ապահովագրված անձին վճարովի ծառայություն մատուցել»։

Տնտեսագետ Հայկազ ֆանյանն ասում է, որ չի հասկանում, թե ինչպես է համակարգի ներդրումը դրական ազդեցություն ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Տնտեսագետը չի գտնում նաև այն հարցի պատասխանը, թե որքան կարժենային  ծառայությունները, եթե դրանցում ապահովագրական կազմակերպությունները ներգրավված լինեին․ 

«Հարցն այն չէ, որ համակարգը չպետք է ներդրվի,եթե անգամ բացասական էլ լինի, պետք է ներդրվի։ Ես բացում եմ ՀԲ իրականացրած հետազոտությունը, փորձում ենք հասկանալ։ Կախված ֆինանսավորման մոդելից՝ դա կիրականացվի եկամտային հարկի, ակցիզային հարկի միջոցով․ նախնական փուլում բացասական ազդեցությունը տատանվում է  3–4․6 տոկոսի շրջանակում։ Կարո՞ղ եք ինձ ասել, թե որքան կարժենար, եթե այս համակարգը ներդրվեր ոչ թե միասնական վճարովի սկզբունքով,  այլ իրականացնեին ապահովագրական ընկերությունենրը։ Քանի դեռ դուք այս այլընտրանքը չեք բերել, մենք չգիտենք, թե ընտրությունը ինչի մեջ ենք կատարում»։    

Նման հաշվարկներ չեն կատարել՝ նպատակահարմար չէ, պատասխանում է ԱՆ ներկայացուցիչը, վստահեցնելով, որ ծառայությունների արժեքները կազմվում են հաստատված մեթոդաբանությամբ, նորմատիվային ծախսերն էլ հիմնվում են ուղեցույցների վրա, որոնք հասանելի են մասնագետներին։ 

Back to top button