ԿարևորՔաղաքական

Որոշ հարցերում դիրքորոշումները մոտեցել են, բայց իրավիճակը կարող է փոխվել․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվի առաջարկների մասին

Հայաստանում է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։ Իր հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո նախարարները հանդիպել են նաև լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Խոսելով հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացից, Արարատ Միրզոյանն ասել է,  որ հայկական կողմի առաջարկներին 10-15 օր առաջ արձագանքել է Բաքուն։ Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ, սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ վաղը կարող է այլ պատկեր լինել, ասել է  նախարարը, զերծ մնալով բովանդակության մասին տեղեկություն հայտնելուց։ Խորվաթիայի արտգործնախարարն էլ շեշտել է այն  հանգամանքը, որ Երևանը գիտակցում է ԵՄ կարևորությունը խնդրի կարգավորման հարցում։

Խորվաթիայի արտգործնախարարի այցի նպատակը հայ-խորվաթական երկկողմ օրակարգի ընդլայնումն է և հարաբերություններին նոր լիցք հաղորդելը: Սա  Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը կանգ չի առել, առաջարկները փոխանակվում են, և ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա Հայաստանը շուտով նոր մեկնաբանություններ կներկայացնի, հայտարարեց  ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը իր խորվաթ պաշտոնակցի՝ Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Միրզոյանը նախ՝ հստակեցրեց, որ դեկտեմբերին Մոսկվայի հերթական քննարկմանը հայկական կողմը չի մասնակցել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հանգամանքով պայմանավորված, սակայն առաջարկները հայկական կողմը փոխանցել է ադրբեջանական կողմին ու 10-15 օր առաջ ստացել դրանց արձագանքը․որոշ հարցերում հնարավոր է եղել մոտեցնել դիրքորոշումները․

«Չմասնակցելով, մենք միևնույնն է փոխանցել ենք առաջարկները, և 10-15 օր առաջ ստացել են Ադրբեջանի պատասխանը։ Ըստ էության՝ քննարկման փուլում ենք, ինչը ցույց է տալիս, որ քննարկումները շարունակվում են, և այժմ մենք կներկայացնենք մեր մեկնաբանուոյունները՝ ադրբեջանական մեկնաբանությունների հիման վրա»։

Նախարարը հրաժարվեց մանրամասներ հայտնել Բաքվից ստացած պատասխանի մասին, քանի որ դրանք ամեն պահի կարող են փոխվել․

«Առաջարկների բովանդակությունն այս պահին երևի ամբողջությամբ չեմ հայտնի, քանի որ դետալների, բանակցային գործընթացի մասին է խոսքը։ Բացի դա կողմերի դիրքորոշումները կարծրացածից որոշ դեպքերում մոտենում են իրար, որոշ դեպքերում շարունակում են մնալ բավականին հեռու, հետևաբար քաղաքական առումով նպատակահարմար չէ վերցնել մի դետալը և ասել՝  ինչպիսին է այս պահին կողմերի դիրքորոշումը, որովհետև վաղը կարող է լրիվ այլ պատկեր լինել»։

Իսկ մոսկովյան հանդիպումը չի չեղարկվել, այն հետաձգվել է և հարմար պահի նորից կգործարկվի, վստահեցրեց նախարար Միրզոյանը։ Հանդիպման վայրը, իհարկե,  կարևոր է, սակայն չափազանց էական ազդեցություն գործընթացի վրա չունի, քանի որ, ըստ նրա, հանդիպումներ կազմակերպվում են տարբեր քաղաքներում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՀՀ արտգործնախարարի համոզմամբ,  դաշնակցային են։  Բազմաթիվ հարցերում անհամաձայնություններ կան, սակայն դրանք չպետք է ճգնաժամային համարել․

«Կա շատ լայն երկկողմ ու բազմակողմ օրակարգ, կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում՝ և հրապարակային, այդ թվում և ՀԱՊԿ դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության, սակայն դա ճգնաժամ անվանել երևի չափազանց  ուռճացված կլինի»։

ԵՄ–ը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է տեղակայում Հայաստանում․ որքանո՞վ է պատրաստ առաքելությունը զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները․ լրագրողների այս հարցին ի պատասխան,  Խորվաթիայի ԱԳՆ Գորդան Գրլիչ Ռադմանը նախ՝ շեշտեց այն, որ Հայաստանը գիտակցում է եվրոպական ջանքերի կարևորությունը Հայաստանի ու Ադրբեջանի   հարաբերությունների նորմալացման գործում։ Սակայն, ըստ դիվանագետի,  անհրաժեշտ են մեկտեղված ջանքեր լարվածությունը լիցքաթացելու ուղղությամբ․

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է այս առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ այս քաղաքացիական 100 հոգանոց առաքելութունը երկու տարով է տեղակայվում և հանձնառու է,  որպես կայունությամբ շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։  Սա որևէ կերպ  ստատուս քվո չի երաշխավորում»։

ՀՀ արտգործնախարարն էլ հավելեց, որ միջազգային հանրությունն ու Եվրամիությունը մեծ դերակատարում ունեն տարածաշրջանում լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ, Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու հարցում։ Ճանապարհն, ըստ Արարատ Միրզոյանի, մեկն է՝ բանակցություններ, և ԵՄ մեծ դեր ունի այս հարցում։

Back to top button