ԿարևորՔաղաքական

ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը դժվար թե լինի իրատեսական․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։ Դիվանագետի օրվա կապակցությամբ տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է Մոսկվան գնահատում տարածաշրջան ՄԱԿ-ի բազմազգ զորախումբ ուղարկելու հնարավորությունը.

Հարցին, թե Ռուսաստանը մտադի՞ր է աջակցել Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու նախաձեռնությանը՝ հումանիտար իրավիճակը գնահատելու համար, եթե նման գաղափար բարձրացվի ԱԽ-ում արեւմտյան գործընկերների կողմից՝ Եվրախորհրդարանի համապատասխան բանաձեւից հետո, նա պատասխանել է․

«Մենք ելնում ենք նրանից, որ խնդրահարույց հարցերի լուծման համար կողմերին աջակցելու ցանկացած նախաձեռնության իրականացումը հնարավոր է միայն թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի պաշտոնական համաձայնությամբ։ Ուստի ցանկացած առարկայական խոսակցություն հնարավոր է վարել միայն այն դեպքում, եթե ադրբեջանցիներն ու հայերն իրենք արտահայտեն իրենց շահագրգռվածությունը»։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի խաղաղապահների բազմազգ առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարին , ապա Իլյիչևի գնահատմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները։

Նա նշել, որ ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում։ Միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար՝ նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով:

«Դժվարություններն առաջանում են կողմերի հետ հավասար հեռավոր դիրք պահպանելու անկարողության պատճառով՝ ներառյալ տարածաշրջան մուտքի և ելքի եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործողությունների կառուցման իրավական հիմքերը»,- ասել է դիվանագետը:

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, որը, առավել եւս, կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, դժվար թե լինի իրատեսական»,- նշել է նա։

Back to top button