Վերնատուն

«Բարեկամների» միջավայր` նպաստելու կարճամետրաժ կինոյի նորովի զարգացմանը․ «Վերնատուն»

«Արվեստի Բաց հարթակ» կազմակերպությունը սկսել է հայկական կարճամետրաժ կինոսեանսների ծրագիր։ «Բաց հարթակի» համահիմնադիր, ռեժիսոր Գագիկ Ղազարեն ասում է, որ ցուցադրվող ֆիլմերը վերջին 2–3 տարվա ընթացքում նկարահանված բացառիկ ստեղծագործություններ են՝ փառատոններում ներկայացված, մրցանակների արժանացած։

Ֆիլմերն անդրադառնում են մեր արդիության խնդիրներին՝ արտագաղթ, գործազրկություն, երիտասարդության շրջանում ձանձրույթի, միգրացիայի խնդիրներին։

«Մենք ուզում ենք հայկական կարճամետրաժ կինոն վստահ լինի, որ ունի «բարեկամ էկրան»՝ գոնե «Բաց հարթակի» տարածքում, և ինչ–որ չափով մեր փորձի ճնշումով նպաստենք, որ կինոցանցի մյուս գործողները ուշադրություն դարձնեն, որ նույն կարճամետրաժ ծրագրերը իրենք էլ կարող են ունենալ», – ասում է ռեժիսորը։

Գագիկ Ղազարեն ասում է, որ մեր ժամանակներում կարճամետրաժ կինոն շահեկան դիրքերում է, այն կարող է շատ արագ արձագանքել ամենաարդիական խնդիրներին և հատուկ ուշադրությամբ պետք է հետևել դրա զարգացումներին։

«Միայն պետության հույսին մնալը քիչ է, պետք է ձևավորվեն կինոյին աջակցող անկախ ֆոնդեր, այսպիսի համակարգի կենսունակությունը կարող է օգնել կինոյի զարգացմանը»։

Գագիկ Ղազարեն ասում է, որ կուզենար կինոյի զարգացման խնդիրը միայն պետության խնդիրը չլիներ․ «Կան այսօր լավ հնարավորություններով բիզնես միջավայրի մարդիկ, որոնք սիրում են կինոն և կարող են կանգնել կինոյի կողքին, որպեսզի կինոարտադրության շնչառությունն ավելի մեծանա և ուժեղանա։ Շատ կարևոր է պետություն– անկախ ստուդիաներ– հովանավորներ հարաբերությունը ակտիվացնել, որ կինոպրոցեսը «մեկ այլ հունի մեջ մտնի»»։

Կինոռեժիսորն ասում է, որ այսօր վերջապես պետությունը մասնակիցն է դառնում «կինոարտադրության տրամաբանական զարգացման գործին»։

Մինչև այդ չկար տրամաբանություն, ամեն ինչ հիմնված էր սուբյեկտիվ որոշումների վրա։ «Մեր սերնդի համար գուցե այս փոփոխությունները ուշացած են, բայց կինոյի երազանքով եկող մեկ այլ սերունդի համար այս փոփոխությունները կարևոր են։ Նրանց պետք է տալ հնարավորություն փորձարկելու, փորձ ձեռք բերելու, հանդիպում ունենալու սեփական երևակայության հետ, գուցե նաև սխալվելու։ Մենք ահռելի ժամանակ կորցրեցինք փորձ ձեռք բերելու, միջազգային կոմունիկացիաների աշխարհի հետ համաքայլ լինելու։ Նոր սերնդի համար հիմա այդ մեկնարկային գործիքները սկսել են աշխատել», – ասում է Գագիկ Ղազարեն։

Back to top button