ԿարևորՔաղաքական

Առանցքային նշանակություն ենք տալիս կարգավորման բանակցային մեխանիզմի վերականգնմանը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ․ Սերգեյ Ղազարյան

Կարճաժամկետ հեռանկարում մեր ջանքերն ուղղված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքի գործունեության շուտափույթ վերականգնմանը և, հետևաբար, Արցախի արդեն 58 օր տևող շրջափակման ամբողջական վերացմանը․ «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Մեր հիմնական նպատակն է հասնել  միջազգային հանրության միասնական դիրքորոշման՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինի գործողությունների և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհնարին կդարձնեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման շարունակումը կամ նման սցենարի կրկնությունն ապագայում։ Բացի հասցեական հայտարարություններից ու կոչերից, անհրաժեշտ ենք համարում, որ Ադրբեջանի դեմ առավել գործուն  քայլեր ձեռնարկվեն, օրինակ՝ կիրառվեն պատժամիջոցներ, այդ թվում՝ անհատական բնույթի՝ այս անօրինական գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Առաջադրված նպատակներին հասնելու համար Արցախի ԱԳՆ-ն օգտագործում է իր դիրքորոշումն արտերկրում ներկայացնելու բոլոր հնարավորությունները»։

Միջնաժամկետ հեռանկարում կշարունակեն հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ.

«Արցախի ԱԳՆ-ն կօգտագործի բոլոր առկա հնարավորությունները՝ տեղեկացնելու միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարվող խտրական և ցեղասպան քաղաքականության, Արցախի  պետականության հռչակման և կազմավորման քաղաքական և իրավական հիմնավորման մասին։ Մենք կշարունակենք հետևողականորեն պաշտպանել Արցախի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ենք տալիս հակամարտության կարգավորման միջազգային բանակցային մեխանիզմի վերականգնմանը՝ գործընթացին Արցախի իշխանությունների անմիջական և լիիրավ մասնակցությամբ»։

Նա հավելել է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Արցախի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի պաշտպանել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, զարգացնել և խորացնել հանրապետության միջազգային հարաբերությունները տարբեր մակարդակներում։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իրազեկվածության բարձրացմանը Արցախի և նրա ժողովրդի՝ իր անքակտելի իրավունքների համար արդար պայքարի մասին։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի պահանջներին, ապա դրանք ուղղակիորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթներին։ Ադրբեջանի այն փաստարկները, որ Լաչինի միջանցքը, որպես Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի մաս, գտնվում է Ադրբեջանի իրավասության ներքո, անհիմն են։

«Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Եռակողմ հայտարարության տակ դա Ադրբեջան պետության ուղղակի և բացահայտ համաձայնությունն է՝ հրաժարվել Լաչինի միջանցքի վերահսկողությունից և դրա բացառիկ վերահսկողությունը փոխանցել ռուսական խաղաղապահ զորամիավորմանը։

Փաստորեն, Ադրբեջանը ձգտում է վերանայել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը՝ փոխելով իրավիճակը գետնի վրա և ներմուծելով նոր միակողմանի տարրեր, որոնք հակասում են Եռակողմ հայտարարությանը։ Մենք բազմիցս շեշտել ենք Լաչինի միջանցքի կարգավիճակը և շահագործման ռեժիմը միակողմանի կերպով վերանայելու Ադրբեջանի փորձերի անօրինականությունը»,-ասել է Արցախի արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի պնդումները Լաչինի միջանցքով անցնող մեքենաները կանգնեցնելու և բեռները զննելու իր ենթադրյալ իրավունքի մասին, անհիմն են։ Եռակողմ հայտարարության մեջ չկան բեռների փոխադրման վերաբերյալ որևէ սահմանափակումներ՝ ըստ դրանց բնույթի, նպատակի կամ կիրառման:

Back to top button