Հայ փրկարարները ժամանել են Սիրիա
Այսօր՝ փետրվարի 8-ին, Հալեպ են հասել Հայաստանից մեկնած փրկարարները։ Խմբում ընդգրկված են 29 մասնագետ և Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարութեյան ներկայացուցիչը։
Փրկարարները Սիրիա են մեկնել՝ օժանդակելու երկրաշարժի հետևանքով Հալեպում իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքներին։


Հալեպի միջազգային օդանավակայանում խմբին դիմավորել են Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Պատալյանը, Կարմիր Մահիկ սիրիական կազմակերպութեան ներկայացուցիչները։
Սիրիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:


Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7800-ը, AFP գործակալության տվյալներով՝ Թուրքիայում հաստատվել է 5894, իսկ Սիրիայում՝ 1932 մարդու մահ։
Այս թվերը վերջնական չեն և կարող են աճել, մասամբ այն պատճառով, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Ձմեռային ցրտերի պայմաններում նրանց այնտեղից կենդանի դուրս հանելու հնարավորությունը գնալով փոքրանում է։
Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում: Նույն օրվա ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։