Ընտանիքներին վերամիավորվելու համար 18 մարդ վերադարձել է Արցախ


Կարմիր խաչի միջնորդությամբ 18 մարդ Հայաստանից տեղափոխվել է Արցախ՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։
Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ հիվանդների և շրջափակման պատճառով ընտանիքներից կտրված անձանց տեղափոխումը շարունակում է իրականացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 59 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: