Ադրբեջանը, պարբերաբար ընդհատելով գազամատակարարումը, նպատակ ունի խորացնել հումանիտար ճգնաժամը


Արցախում մասնակի վերականգնվել է Արցախի գազամատակարարումը, որը մինչ այդ հերթական անգամ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից։
Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը: «Արցախգազ» ընկերությունը հորդորել է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Ադրբեջանական կողմը, պարբերաբար ընդհատելով և մասնակիորեն վերականգնելով գազամատակարարումը, նպատակ ունի ոչ միայն խորացնելու հումանիտար ճգնաժամը, այլև՝ անորոշության զգացողությունը և հոգեբանական տառապանքները Արցախի ժողովրդի մոտ։
Լուսանկարում՝ արցախցի երեխան փորձում է տաքացնել ձեռքերը գազօջախի մոտ։
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 59 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: