ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայում 757 000 մարդ մասնակցել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ցույցերին

Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում երեքշաբթի կայացել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ լայնածավալ բողոքի ակցիա։

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 757 հազար մարդ, Փարիզում՝ 57 հազար մարդ։

Ֆրանսիական առաջատար արհմիությունը՝ «Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան» (CGT), իր հերթին հայտնել է, որ բողոքի ցույցերին ամբողջ երկրում մասնակցել է գրեթե 2 միլիոն մարդ, իսկ Փարիզում՝ 400 հազար մարդ։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ «black bloc»-ի արմատականները սկսել են քանդել սրճարանների և խանութների պատուհանները, հրկիզել աղբամանները և կոտրել գովազդային վահանակները։ Նրանք նաև ճայթուկներ ու ապակե շշեր են նետել ոստիկանների վրա։

Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարիզում իրավապահները 17 մարդու են բերման ենթարկել։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին ներկայացրել է վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։ Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից իշխանությունները կսկսեն երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել տարեկան երեք ամսով։ Այսպիսով, 2030 թվականին նա կհասնի 64 տարեկանի։

Back to top button