ԿարևորՀասարակություն

Շվեդիայի Թագավորությունը պատրաստ է շարունակել աջակցել՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ բազմոլորտ համագործակցության համար:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է առաջիկայում իրականացվող բարեփոխումների տեսլականը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա նշել է, որ ներկայումս Արդարադատության նախարարությունը գտնվում է լայնածավալ բարեփոխումների փուլում, առաջիկայում նախատեսվում է նոր արբիտրաժային կենտրոնի բացումը:

Նախարարն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ընթացքին, կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ոլորտային բարեփոխումներին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությանը, նոր ձևավորված ներքին գործերի նախարարությանը, արդարադատության ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներին:

Շվեդիայի հետ համագործակցության համատեքստում նախարարը, մասնավորապես, ընդգծել է՝ Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ու Արդարադատության նախարարության համագործակցությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև բարձր է գնահատել քրեակատարողական համակարգի աշխատողների համար Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացված վերապատրաստումները:

Նախարարը կարևորել է 2022թ.-ի ընթացքում քրեակատարողական համակարգի աշխատակիցների, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբանների համար կազմակերպված դասընթացը:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դեսպանն ընգծել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող սահմանադրական բարեփոխումների, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, ներքին գործերի նախարարության ոլորտների բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայում իրականացվող իրավական բարեփոխումների կարևորությանը:

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ընդգծել է, որ Շվեդիայի Թագավորությունը պատրաստ է շարունակել աջակցել՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Back to top button