ԿարևորՀասարակություն

Ծնելիության ու ամուսնությունների թվով առաջատարն Արագածոտն է

Հայաստանում ավելի շատ ամուսնալուծվում են, քան ամուսնանում, արձանագրվել է ծնելիության ու մահացության նվազում․ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ հետխորհրդային երկրների համեմատ ծնելիությունը նվազել է, Եվրոպական երկրների համեմատ՝ աճել։ Հայաստանում ամենից շատ ծնունդներ ու ամուսնություններ են գրանցվել Արագածոտնի մարզում։

2022 թ–ին ՀՀ-ում ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները նվազել են․ Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։

Ամուսնությունների նվազելուն զուգահեռ, աճել է ամուսնալուծությունների թիվը։ Վիճակագրությունը մխիթարիչ չէ։ Եթե տեսանելի պատճառներով բացատրենք իրավիճակը, պետք է հիշենք 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Այդ դեպքում հասկանալի կլինի մահացության նվազումը 2020–ի համեմատ։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծում է, որ տարեցների շրջանում մահացությունն ավելացել է, սակայն 2020 թվականի համեմատ ընդհանուր պատկերը, իհարկե, պետք է ցույց տար, որ մահացությունը նվազել է։

Իսկ ինչի՞ հետևանք է ամուսնությալուծությունների ավելանալը, սա ևս պատերազմից բխող պատճառներ ունի, ասում է մասնագետը․

«Ծնունդների, ամուսնությունների նվազումը սպասելի երևույթ է, և պետք է այդպես էլ լիներ։ Մեր ճգնաժամային իրավիճակում չէր կարող չնվազել, միայն այն պարզ պատճառով, որ ունեցել ենք զոհեր, որոնք ամուսնական տարիքի էին։ Ամուսնալուծությունների աճը սոցիալական իրավիճակի բնական հետևանքներից մեկը կարելի է համարել»։

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հստակեցնում է՝ սրանք առաջին ամփոփ տվյալներն են, բայց՝ նախնական։ Դրանք դեռ կճշգրտվեն ու, հնարավոր է՝ փոփոխվեն։ Նախնական տվյալներով ծնունդների թիվը 2021 թվականի համեմատ քիչ է 270-ով։

Նախորդ տարի արձանագրվել է 36․353  ծնունդ։ Այս թիվը համընկնում է 2020 թվականի ծնունդների քանակի հետ։

Սակայն հարաբերական ցուցանիշները համեմատություն անելու համար որոշակիություն են ցույց տալիս, օրինակ՝ ծնելիության թիվը ըստ մարզերի։

«Սովորաբար հարաբերական ցուցանիշները հնարավորություն են տալիս այդ նույն ցուցանիշը համեմատելու հանրապետական ցուցանիշների հետ ու նաև այլ երկրների հետ։ Եթե մարզերի կտրվածքով նայենք, միջին հանրապետականից ավելի բարձր ցուցանիշ ունենք  Արագածոտնի մարզում, Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Վայոց Ձորում։ Միայն Երևան քաղաքում է , որ ցուցանիշը զիջում է հանրապետական ցուցանիշը», – ասում է Կարինե Կույումջյանը։

Վիճակագիրը չի կարծում, թե ընդհանուր առմամբ, մյուս երկրների համեմատ,  ծնելիությունը Հայաստանում նվազման միտում ունի։ Օրինակ՝ ցուցանիշը զիջում է հետխորհրդային երկրներին, մասնավորապես, միջինասիական երկրներին, սակայն եվրոպական երկրների համեմատ դեռ  ծնելիության ավելացում ունենք։

Ծնելիության ցուցանիշով Հայաստանը համեմատելի է Վրաստանի հետ։ Ադրբեջանի հետ համեմատելու դեպքում տարբերությունը շատ չնչին է, ասում է Կարինե Կույումջյանը։ Վիճակագրությունը փաստում է, որ 2022 թվականին 10 հազարով աճել է ծնելիությունը և դա բնական աճ է, շեշտում է նա․

«Անգամ Ադրբեջանը, որ ծնելիության միշտ բարձր մակարդակ ուներ՝ 13 պրոմիլ մեր 12-ի համեմատ, կարծում եմ՝ միջին մակարդակի վրա ենք, իսկ եվրոպական երկրների համեմատ աճ ունենք»։

Ամուսնությունների քանակով առաջատարը նույնպես Արագածոտնի մարզն է։ Թեև նախորդ տարվա համեմատ ամուսնությունների թվի նվազում կա մոտ 10 հազարով, 2020 թվականի համեմատ այն ավելացել է, կրկին հասկանալի պատճառնելով՝ պատերազմ, Քովիդի  համավարակ․․․ 2022-ին արձանագրվել է մոտ 16 800 ամուսնություն, ինչը մոտ 700-ով քիչ է 2021–ի համեմատ և երեք ու կես հազարով ավելի է 2020 թվականի համեմատ․

«Ինչ վերաբերվում է ամուսնություններին ու ամուսնալուծություններին՝ դրանք էլ, ծնելիության նման, գրեթե նույն հնարավորություններն ունեն։ Ամուսնությունները, քանի որ ներառում են միայն գրանցված ամուսնությունները, որի սկզբնաղբյուրը քաղաքացիական կացության գրանցման տվյալներն են , ուստի համեմտաբար ցածր նիշերի վրա են»։

Ամուսնալուծությունները նվազել են չնին չափով՝ 1000 բնակչի հաշվով մեկ ու կես անգամ։ Այս ցուցանիշով աչքի է ընկնում մայրաքաղաքը, որին հավասարվում է Շիրակի մարզը, վերջին տեղում Գեղարքունիքն է։ Ամուսնալուծությունները 2022-ին անցնում են 4500-ը։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծում է, որ բնակչության քանակի ավելացմանը նպաստել է տարբեր երկրներից միգրանտների հոսքը ՀՀ, սակայն, նրա համոզմամբ, նաև արտահոսք կա երկրից։ Աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ այս հարցում ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, ասում է Ռուբեն Եգանյանը։ Սակայն ընդհանուր թվական տվյալները նրան մտահոգվելու տեղիք են տալիս․

 «Ոչ միայն ոչինչ չի լավացել, դրական ուղղությամբ ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև ընդհակառակը՝ բացասական փոփոխություններ կան, որոնցից ամենավտանգավորը մեր բարոյահոգեբանական մթնոլորտի վատ վիճակն է, առանց որի կարգավորման հնարավոր չէ որևէ դրական բանի ակնկալիք ունենալ»։

Այ առումով, ըստ ժողովրդագրի, անգամ միտումներ չկան դրական փոփոխությունների։ Եթե անգամ միտումներ նկատվեն, ապա ժամանակ է հարկավոր, որ դրանք առարկայանան։ Ռուբեն Եգանյանը 5-10 տարի է մատնանշում, որ դրական փոփոխությունները նկատելի դառնան, եթե իհարկե, միտումներ լինեն։ Առայժմ դրանք նկատելի չեն։

Back to top button