ԿարևորՀասարակություն

Եթե գազաբալոնը ստուգաչափված ու վկայագրված չէ, ավտոմեքենան տեխզննում չի անցնի

Եթե ավտոմեքենայի գազաբալոնը ստուգաչափված ու վկայագրված չէ, փետվարի 25-ից ուժի մեջ մտնող փոփոխությամբ՝ տրանսպորտային միջոցը տեխզննում չի անցնի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ փոփոխության հիմնական նպատակն անվտանգության մակարդակի բարձրացումն է։ Մինչ օրս մոտ 162 հազար տրանսպորտային միջոց է վկայագրվել և ավելի քան 171 հազար գազաբալոն։ Նախորդ տարի իրականացված ստուգաչափումների արդյունքում պարզվել է, որ 5000-ից ավելի գազաբալոն ժամկետանց է, դրանցից 305-ը դեֆորմացվել կամ պայթել են:

Հանրապետությունում գազաբալոնների փորձաքննության համար լիցենզավորված 80 կազմակերպություններն այս պահին ծանրաբեռնված չեն։ Հերթեր չկան, բայց օրենքն էլ չի սպասում։ «Գազաբալոնների ճնշափորձարկման կայանի» տնօրեն Էդգար Ղամբարյան.

 «Երբ դեկտեմբերին տեսչականն ու նախարարությունը որոշակի գործիքակազմ կիրառեցին, մենք՝ տնտեսվարողներս, որոշակի ակտիվություն նկատեցինք, և վարորդների մի զգալի մասը իրենց գազաբալոնները բերեցին վկայագրելու»։

Տնտեսվարողը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց սակայն, որ դեկտեմբերի 2-րդ կեսից ակտիվությունը նույնությամբ էլ մարեց․

«Լինում էին օրեր, որ անգամ մեկ  գազաբալոն չէր վկայագրվում։ Վերջին 2-3 օրվա ընթացքում նորից ակտիվացել են, օրական 2-3 վարորդ մոտենում է հետագա հերթերից խուսափելու նպատակով»։

Անցյալ տարվա փետրվարի 18-ից ուժի մեջ մտած օրենքը խաղի նոր կանոններ է սահմանել։ Եթե ավտոմեքենայի գազաբալոնը ստուգաչափված ու վկայագրված չէ, փետվարի 25-ից ուժի մեջ մտնող փոփոխությամբ՝ տրանսպորտային միջոցը տեխզննում չի անցնի, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը․

«Եթե տրանսպորտային միջոցի վրա գազաբալոն կա տեղադրված, տեխզննման կայանները հասանելիություն կունենան մեր համակարգին՝ գազաբալոնների վկայագրման, և ավտոմատ կտեսնեն՝ գազաբալոնը վկայագրվա՞ծ է, թե՞ ոչ: Դրական հավաստումը ստանալուց հետո միայն կարող են շարունակել տեխզննման գործընթացը»։

Փոփոխության հիմնական նպատակն անվտանգության մակարդակի բարձրացումն է, նշում է Սողոմոնյանը: Նախորդ տարի իրականացված ստուգաչափումների արդյունքում պարզվել է, որ 5000-ից ավելի գազաբալոն ժամկետանց է, դրանցից 305-ը դեֆորմացվել կամ պայթել են հենց ճնշափորձարկման ժամանակ․

«Նախորդ տարվա ընթացքում ստուգվել է մոտ160 հազար տրանսպորտային միջոց, մոտ170 հազար գազաբալոն։ Վիճակագրությունը ցույց տվեց, որ դրանց մեծ մասը ժամկետանց է։ Զգալի հատվածն էլ խնդիրներ ունի փականների հետ կապված»։

Գազաբալոնների փորձաքննության համար լիցենզավորված կազմակերպություններում հիմնականում հնարավոր է ստուգաչափել թե մեթանի և պրոպանի համար նախատեսված բալոնները։ Որոշակի դժվարություն կա գործարանային տեղադրվածների դեպքում, նկատեց «Գազաբալոնների ճնշափորձարկման կայանի» տնօրեն Էդգար Ղամբարյանը․

«Գործարանային տեղադրված գազաբալոնները, որքան մենք հանդիպել ենք, 4-րդ տիպի բալոններն են, բոլորը եղել են ժամկետանց։ Քանի որ հին մեքենաներ են ներկրվել Հայաստան ու վրան եղել է ժամկետանց բալոն, դրանք վկայագրման ենթակա չեն»։

Նախորդ հաղորդման ժամանակ «Ռադիոլուրը» նաև որոշ վարորդների բողոքներ էր ներկայացրել, որ ոչ բոլոր լիցենզավորված ընկերություններում են փորձաքննում բալոնը։ Նման ահազանգեր նաև նախարարությունն է ստացել, հայտնեց ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։ Կայանները, որոնք, առանց ստուգելու, պարզապես վաճառում են վկայագիրը, արդեն իրավապահների տիրույթում են։ Նույնիսկ հարուցված քրեական գործեր կան։

Back to top button