ՀարցուԳԻՏԱփորձ

Ե՞րբ է սկսվել ժամանակը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Որովհետև ինչ մենք անում ենք, ինչ կատարվում է մեզ հետ, տեղի է ունենում տարածության մեջ՝ ժամանակի ընթացքում»։

Այն, ինչ կա, ունի սկիզբ ու վերջ։ Ժամանակը կա։ Ուրեմն ժամանակը ևս սկսվե՞լ է ու վերջանալո՞ւ է։

«Մենք ծնվում ենք, մեծանում ենք, մահանում ենք։ Իսկ հակառակ պրոցեսը չենք տեսնում»։

Բարև, սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է։ Այսօր պարզելու ենք՝ երբ է սկսվել ժամանակը։

***

Մենք ժամանակի մասին էգոիստական պատկերացում ունենք։ «Ժամանակ չունեմ», «ժամանակն ավարտվում է» ու նման արտահայտությունները հիմնականում դիտարկվում են միայն անձնային մակարդակում։ Իսկ ժամանակը եղել է ու կա մեզնից անկախ։ Այն մերը չէ։ Մենք ենք ապրում նրա ֆոնին։ Որտեղի՞ց է սկսվել ու ո՞ւր է գնում ժամանակը։ Ինչո՞ւ ենք կարողանում տեղաշարժվել տարածության մեջ, իսկ ժամանակը պարտադրում է իր հունով գնալ։ Ե՞րբ սկսվեց ժամանակը, ի՞նչ կար այն ժամանակ, երբ ժամանակը չկար․ «ՀարցուԳԻՏԱփորձն» այսօր այս հարցերին է պատասխանելու։

«Մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ հարաբերականության տեսությունը ձևավորվեց, ժամանակի վերաբերյալ պատկերացումն այլ էր։ Դա անվանում են դասական ժամանակ կամ նյուտոնյան ժամանակ։ Դա այն ժամանակն է, որը բացարձակ է, որի վրա ոչ մի ազդեցություն մենք չենք կարող ունենալ»։

ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանն իր ժամանակի մի մասն անցկացնում է ժամանակի հետ աշխատելով։ Այն կա մեզնից անկախ և մենք ոչինչ փոխել չենք կարո՞ղ, մենք անվերապահորեն ենթարկվո՞ւմ ենք ժամանակին, թե՞ այն ևս կարելի է կառավարել։ Սահարյանը պատմում է այս հարցի նյուտոնյան պատասխանի մասին․

«Ենթադրենք՝ մենք ունենք երկու ժամացույց, որոնք նույն ձևով են ընթանում։ Հիմա վերցնենք մի ժամացույցը, շարժենք, տանենք մեկ ուրիշ տեղ, և հետո նորից համեմատենք այդ ժամացույցները։ Արդյո՞ք դրանք նույն ժամանակը ցույց կտան։ Նյուտոնը կարծում էր, որ այո, դրանք նույն ժամանակը ցույց կտան։ Ժամանակը բացարձակ է։ Այսինքն՝ դա ի վերուստ տրված մի բան է, որ մարդն ի զորու չէ փոխել»։

Սակայն մաքսվելյան էլեկտրադինամիկան հակառակն էր ենթադրում։ Նյուտոնի վարկածը գործնականում չափելի էր, արդյունքը՝ տեսանելի․ ժամանակն իրոք չէր փոխվում։ Սակայն Մաքսվելի պնդումները ևս հիմնավոր էին և ապացուցելի։ Խնդիրը լուծեց Այնշտայնն իր հարաբերականության տեսությամբ.

— Նյուտոնյան պատկերացումները՝ չփոփոխվող ժամանակի մասին, ճիշտ են միայն այն դեպքում, եթե արագությունները լույսի արագությունից շատ փոքր են։

Եթե երկու ժամացույց վերցնենք, մեկը շարժվի մյուսի նկատմամբ, բայց այդ արագությունը վայրկյանում լինի լույսի արագությունից շատ փոքր, մենք չենք էլ զգա, որ փոփոխություն կա։

— Բայց մենք ունե՞նք լույսից մեծ արագություններ։
— Լույսից մեծ չունենք, բայց այստեղ հարցը լույսին մոտ արագությունների մասին է։ Օրինակ՝ լինի 200 000 կմ/վրկ (լույսինը 300 000 է)։
— Ժամանակը կսկսի ավելի արա՞գ ընթանալ, թե՞ դանդաղ։
— Կստացվի, որ շարժվող դիտորդի ժամանակն ավելի դանդաղ է ընթանում։

Օրինակ՝ կարող է կանգնած դիտորդի ժամացույցով անցնել 10 ժամ, շարժվող դիտորդի ժամացույցով՝ 1 ժամ։ Դա չի նշանակում, թե ժամացույցն է դանդաղ ընթանում։ Մեր օրգանիզմի մեջ էլ է պրոցեսսը դանդաղ ընթանում։ Մարդն ավելի երիտասարդ կլինի։

Ժամանակը տրվում է նաև գրավիտացիային։ Պարզվում է՝ որքան ուժեղ է գրավիտացիոն դաշտը, այնքան դանդաղ է ընթանում ժամանակը։

«Երկու ժամացույց վերցնենք, որոնք նույն ժամանակն են ցույց տալիս։ Հիմա մեկը տանենք, օրինակ, Նեյտրոնային աստղի մոտ, իսկ մյուսը մնա Երկրում։ (Նեյտրոնային աստղի մոտ գրավիտացիոն դաշտը հազարավոր անգամներ ավելի ուժեղ է, քան Երկրի վրա)։ Հետո մեզ մոտ անցնի տասը տարի, բերենք իրար կողք դնենք նորից, կպարզվի, որ այն ժամացույցով անցել է մեկ տարի։ Նույն ձևով այս դիտորդը, որը գնացել էր ժամացույցի հետ Նեյրոնային աստղի մոտ, մի տարով կմեծանա, Երկրի վրայի դիտորդը՝ 10 տարով»։

Ստացվում է, որ մենք կարող ենք ճանապարհորդել ժամանակի մեջ։ Իհարկե՝ «տոմսերը» միայն ապագա ուղղությամբ են, այն էլ՝ գրեթե անհասանելի։ Բայց եթե մեր, օրինակ, 20-ամյա ռադիոլսողներից որևէ մեկին հաջողվի տիեզերք գնալ լույսի արագությանը մոտ արագությամբ ու այնտեղ որոշ ժամանակ անցկացնել, ապա, Երկիր վերադառնալով, իր հասակակիցներին հավանաբար կգտնի ծիրանավառ հասակում։ Անցյալ գնալը ևս բացառված չէ՝ ասում են գիտնականները, բայց դա ավելի դժվար ու ռիսկային է․

«Դա ավելի բարդ հարց է, որովհետև այստեղ արդեն առաջանում են պարադոքսներ։ Անգլերեն ասում են Grandfather paradox՝ մեր պապի պարադոքսը։ Ենթադրենք՝ գնում ենք մեր անցյալ, այնտեղ սպանում ենք մեր պապին, այդ դեպքում մեր ծնողը չի լինի, այդ դեպքում մենք որտեղի՞ց հայտնվեցինք»։

Այս թեմայով քննարկումներն ընթացքի մեջ են, վարկածները շատ են, առաջին հայացքից՝ անիրական։ Սակայն ֆիզիկան հենց կախարդանքը բացահայտելով այն իրական դարձնելու մասին է․

«Անցյալ դարի 90-ականների սկզբին ֆիզիկայի ամենահեղինակավոր ամսագրերից մեկում հոդված հրապարակվեց։ Հեղինակներից մեկը Նոբելյան մրցանակի դափնեկիրն էր, որը գրավիտացոն ալիքների համար Նոբելյան մրցանակ ստացավ ու այդ հոդվածի հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ հնարավոր է Այնշտայնի տեսության շրջանակում կառուցել մեքենա, որի միջոցով կարող ենք գնալ մեր անցյալ, այսինքն՝ դա չի հակասում հարաբերականության տեսությանը»։

«Կան շատ բարդ ժամացույցներ, այնքան բարդ, որ աշխարհում հաշված մարդիկ կարող են այդ ժամացույցների հետ աշխատել։ Ես դեռ այդ մարդկանց շարքին չեմ պատկանում»։

Առաջին կրթությամբ մշակութաբան, երկրորդ կրթությամբ հաշվապահ Լևոն Մկրտչյանի աշխատանքային կարիերան սկսվել է ժամացույցների հետ։ Երևանի ժամացույցների խանութներից մեկում սկզբում վաճառող-խորհրդատու էր, հետո՝ գանձապահ, հետո ավելի հմտացավ ու սկսեց մյուս աշխատակիցների համար ժամացույցների մասին դասընթացներ անել, իսկ հետո անսպասելի առաջարկ ստացավ։ Ժամացույցների աշխարհում անցկացրած 9 տարիներից վերջին 5-ը աշխատում է որպես ժամագործ․

«Մեխանիկականի հետ բնականաբար շատ բարդ է աշխատելը, աշխատանքը կարող է օրեր, ամիսներ տևել։ Մեխանիկական ժամացույցի աշխատանքը ես ուղիղ համեմատում եմ սրտի աշխատանքի հետ։ Այնտեղ դետալ կա, որը սրտի նման է աշխատում, բացվում-փակվում»։

Մեր ժամանակը չափելի դարձնողների աշխատանքը հեշտ չէ։ Նրանք հավակնում են վերահսկել այն, ինչն ընթանում է մեզնից անկախ, անորսալի է ու անկառավարելի։ Լևոնի համար ամեն չաշխատող ժամացույց ադրենալինի նոր չափաբաժին է․

«Ամենաշատը տևել է 5-6 ժամ։ Խնդիրն իմ մեջ էր, ոչ թե ժամացույցի։ Քանդում ես ժամացույցը, պատկերացրեք՝ 100-ին մոտ դետալ, ու երբ հետ ես հավաքում, այդ պահին դու կարող է չզգաս, որ մոռացել ես։ Երբ ամբողջական հավաքված է, նոր տեսնում ես, որ մի դետալ ավելացել է։ Այդպես ստիպված էի 2-3 անգամ քանդել ու նորից հավաքել»։

Լևոնի աշխատավայրում ցուցադրված ժամացույցների մոտ 70 տոկոսը կառավարվում են էլեմենտով։ Սա տիեզերքում առկա ամենաբարդ երևույթներից մեկը պարզ, նույնիսկ պարզունակ կերպով կառավարող հայտնագործություն է։ Դրանից առաջ ժամանակը մեխանիկական ժամացույցներինն էր, որոնք կառավարելի դարձնելու համար ժամագործները մեծ ջանքեր էին գործադրում․

«Երբ մտածում ես՝ ավտոմատացված դարում իրոք շատ «վիրավորական» է, որ մարդիկ էդքան չարչարվել են։ էդ ամենը հաշվարկ է, ֆիզիկա է։ Երբ էլեմենտով ժամացույցները ստեղծվեցին, մեխանիկականների պահանջարկն ամբողջ աշխարհում ահագին ընկավ, որովհետև էլեմենտովները մատչելի էին ու ավելի ճշգրիտ են աշխատում, քան մեխանիկականները, բայց որոշ ժամանակ անց արդեն մեխանիկականներն սկսեցին շատ ավելի շատ գնահատվել։ Մարդկային գործոնը մեխանիկական ժամացույցներում ավելի շատ է, ու հենց դա է իրան դարձնում ավելի թանկ, ավելի արժեքավոր»։

Ե՞րբ ստեղծվեց ժամանակը: Այս պահին առկա վարկածով ժամանակն ու տարածությունն առաջացել են միաժամանակ, դրանք չեն կարող լինել իրարից անկախ։ Իսկ այ «Ի՞նչ կար ժամանակից առաջ» հարցի մեջ Արամ Սահարյանը անլուծելի պարադոքս է տեսնում․ այդ «առաջ»-ը կրկին ժամանակ է ենթադրում։ Որքան էլ հարցուփորձ անենք, այս թեմայով գիտափորձերը դեռ պատասխաններ չեն տվել։ Տիեզերքը պահպանում է անցյալի մասին առեղծվածը։ Իսկ ֆիզիկան փորձում է հասկանալի դարձնել ներկան ու ապագան․

— Մեր հիմնական խնդիրը հետևյալն է․ ենթադրենք՝ մենք տիեզերքն ենք ուսումնասիրում։ Օգտագործելով այս պահին հայտնի օրենքները՝ փորձում ենք ասել՝ ինչ կլինի տիեզերքի հետ ապագայում։ Դա ֆիզիկայի խնդիրն է՝ որոշել համակարգի վիճակն ապագայում, եթե մենք գիտենք դրա վիճակն այս պահին։ Օրինակ՝ Արևին նայենք։ Մենք գիտենք, թե Արևի հետ ինչ է լինելու։ Արևն աստղ է, որը ժամանակի ընթացքում մեծանալու է, դառնալու է կարմիր հսկա, Արևի շառավիղը հասնելու է մինչև Երկիր, գուցե ավելի, հետո ներքին շերտերը սեղմվելու են, արտաքին շերտերը շպրտվելու են։
— Դա ե՞րբ տեղի կունենա։
— Միլիարդավոր տարիներ կտևի։ Ես հուսով եմ՝ այդ ժամանակ մարդն որ ուզի կճամփորդի։

Մենք ապրում ենք մեր կյանքը ժամանակի մեջ, ժամանակն ապրում է իր կյանքով։ Այն, ի տարբերություն մեզ, ընթանում է՝ հազվադեպ կողմնակի ազդակների տրվելով։ Գիտնականները ժամանակը «սանձելու» հավակնություն, կարծես թե, չունեն։

Բայց մարդուն միշտ է հետաքրքրել առեղծվածը։ Չի բացառվում, որ նրանց ձեռքով կստեղծվի ժամանակի մեքենա ու մեզնից հազարավոր տարիներ անց ինչ-որ մեկը կգա մեր օրեր, կլսի այս հաղորդումը ու կզարմանա մեր սահմանափակ իմացության վրա։ Բայց այժմ մենք կարող ենք միայն արդյունավետ օգտագործել տիեզերական անսահման ժամանակի՝ մեզ հասած չափաբաժինը։

Back to top button