ԿարևորՔաղաքական

Դեսպան Ներսեսյանը նախարար Դոhերթիին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը

Փետրվարի 7-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ՄԹ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոhերթիի հետ։

Դեսպան Ներսեսյանը նախարար Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունն՝ ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։

Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոհերթին ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Այս առումով կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։

Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Back to top button