ԿարևորՀասարակություն

Հափշտակության «գինը» խորհրդարանում քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկումը չի ավարտվել

ԱԺ հերթական լիգումար նիստը սկսվել է Գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկումով։ Աննա Վարդապետյանին մեկ օրը չի բավարարել, և նա խորհրդարան կգնա նաև վաղը։ Գլխավոր դատախազը ԱԺ–ում է երկու պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի մասին է։ Անկախ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ գլխավոր դատախազները պահանջել են զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից: Նախկինում դատախազները 6 անգամ են դիմել խորհրդարան՝ ընդհանուր առմամբ 18 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

Պաշտպանության նախկին նախարարն ու Գլխավոր դատախազը Ազգային Ժողովում այդպես էլ չհանդիպեցին։ Ընդդիմադիր գործիչներն ասում են՝ Սեյրան Օհանյանն առողջական խնդիրների պատճառով չի եկել խորհրդարան։ Ի դեպ՝ նախօրեին Օհանյանը դատախազի միջնորդությունը «շոու» էր անվանել և կոչ էր արել ընդդիմադիր խմբակցություններին չմասնակցել քննարկմանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդությունով է հիմնավորում «Հայաստան» խմբակցության ղեկավարի նկատմամբ քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը։ Երեք միջնորդությունից մեկը գաղտնի էր։ Այն քննարկվեց հատուկ ձևաչափով՝ առանց հեռարձակման, դահլիճից դուրս հրավիրվեցին անգամ իշխանական այն պատգամավորները, որոնք դեռ չեն ստացել «գաղտնիության թույլտվություն»։

 «Օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում այն միջնորդագիրը, որը ես պետք է ներկայացնեմ և կխնդրեմ, որպեսզի հանրային լսում տեղի չունենա միջնոդագրի քննարկման ընթացքում»,– հայտարարեց Գլխավոր դատախազը։

Թե ինչի մասին է այս միջնորդությունը, չի բացահայտվում, մյուս երկու միջնորդություններով, ըստ դատախազության, ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել, ինչպես նաև, վատնելու եղանակով, առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։ Ավելի պարզ ասած՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող տարածքներ են վաճառվել շուկայականից անհամեմատ էժան, իսկ հետո՝ գրավադրվել է բանկերում։ Դեպքերից մեկով գլխավոր դատախազը թվարկում է, թե ինչեր են եղել վաճառված տարածքներում․

 «Երասխ–1 զորամասի կարգավիճակ ունեցող տարածքի վրա առկա են եղել զորամասի շտաբը՝ 252.8 քառակուսի մետր մակերեսով, զորանոցը՝ 366.4 քառակուսի մետր մակերեսով, ճաշարանը՝ 186.9 քառակուսի մետր մակերեսով, 636.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ–անցագրային կետերը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի համար խնդրահարույց է ընդհանուր շղթան՝ ինչպե՞ս կարելի է կադաստրային 8 միլիոն դրամ գնահատված գույքը 4 միլիոնով վաճառել, հետո բանկում գրավադրել մի քանի անգամ ավելի գումարով։

«Երբևէ բանկի հետ առնչված ցանկացած մարդ գիտի, որ երբ բանկում ինչ–որ մի բան՝ ոսկի, տուն, մեքենա գրավ ես դնում, բանկը հաստատ իր գնից ավելի գումար չի տալիս։ Սովորաբար տալիս է ավելի քիչ իր գնից։ Երբ այստեղ 18 միլիոն է տվել, ես պատկերացնում եմ, որ կադաստրային արժեքը այնքան է իջեցված եղել, որ իրականում խոսքը ոչ թե 18 միլիոնի մասին է, այլ շուկայական արժեքից մի քիչ ավելիի՝ 30 միլիոն, 40, 50 ։ Տարբեր թվեր կարող են հնչել», ասում է Վահագն Ալեքսանյանը։

Բացահայտված խախտումներում թերևս առանցքային նշանակություն ունի «Հողային օրենսգրքի» հատկապես 60–րդ հոդվածի խախտումը։ Ըստ էության, վաճառվել է ի սկզբանե անօտարելի սահմանված գույքը։ Դատախազ Աննա Վարդապետյանը մեջբերում է գործով մեղադրյալ կարգավիճակ ունեցող քաղաքացու ցուցմունքը․

 «Կադաստրի Վեդու տարածքային միավորի ղեկավարը ուղիղ իր ցուցմունքում նշում է, որ ի սկազբանե ասել է, որ չի կարելի սա օտարել, 60 հոդվածի սահմանափակման տակ է, բայց վերադաս ղեկավարությունն ուղիղ ասել է, որ կադաստրային գործում պետք է նշագրումը անես այդ փաստաթղթի վրա, հակառակ դեպքում արդեն պատկերացնում եք ինչ սպառնալիք կարող էր հնչել»։

Իրավական բնույթի այս խախտումները պատգամավորներ Արման Եղոյանի և Գևորգ Պապոյանի համար բավարար էին քաղաքական հետևություն անելու համար․

Արման Եղոյան․«Հաճախ են հնչում մեղադրանքներ, թե տեսեք՝ պետական ինստիտուտները ավիրեցին, քանդեցին, խարխլեցին, գործում էր պետական կուռ համակարգ և այլն։ Փաստորեն, ինստիտուտները այն ձևով էին գործում, որ ոչ թե հնարավոր էր անեին ինչ–որ խախտում, ոչ թե շեղվեին ճիշտ նորմերից, այլ ուղղակի անեին մի բան, որը հնարավոր չի անել ըստ օրենքի որևէ կերպ, ուղղակի իմպերատիվ է արգելվում վաճառել այդ հողը որևէ կերպ՝ թանկ, թե էժան, բարի նպատակներով, թե պետական շահից ելնելով։ Ուղղակի արգելվում է և վերջ»։

Գևորգ Պապոյան․ «Ասում են՝ ինչու է մեր զինվորը այսօր տնակի մեջ կամ վրանի մեջ։ Որովհետև զորանոցը ծախել եք, որովհետև զորանոցը կերել եք, դրա համար էլ վրանի մեջ են։ Օրենքը իմպերատիվ արգելել է ինչ որ բան անել։ Գիտեք, ես հիմա մտածում եմ, որ ենթադրաբար կարելի էր նաև ուրիշ ձև անել։ Ասենք, օրինակ՝ վերադարձնեին համայնքին, համայնքից օրենքով գնեին՝ թեկուզ էժան, նույն ձևի։ Բայց չէ, ինչի՞ այդ ձև անեն։ Երբևէ այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը»։

Խոսելով օտարված զորամասերի մասին՝ Աննա Վարդապետյանը նշեց, որ նպատակը ոչ միայն պատիժն է, այլև ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը, այսինքն՝ դատախազությունն ակնկալում է, որ այն գույքը, որը հափշտակվել է, պետք է վերադարձվի։

Թեև ընդդիմությունը բոյկոտել է դատախազի միջնորդության քննարկումը, ներկայացված փաստերին ունի իր հակափաստարկները։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, օրինակ, միջանցքում շրջում էր փաստաթղթերով։

 «Հիմնական շեշտը, որ դնում են՝ վայ, տեսեք, զորամասեր են վաճառվել, բարեբախտաբար ՔՊ պատգամավորներից մեկը հարց ուղղեց Գլխավոր դատախազին և դատախազը անկեղծ պատասխանեց, որ այդ զորամասերը չգործող զորամասեր էին և, հարցադրումը, որ Նախիջևանի սահմանին զորամաս է վաճառվել, տեղին չէր։ Ես բերել եմ մի փաստաթուղթ՝ 2022թ․ապրիլի 15։ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է՝ ՊՆ թվով 71 գույք պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցելու, որպեսզի հետո օտարվի, վաճառվի։ Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկն» էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր։ Հիմա ի՞նչ, հայտարարենք՝ տեսեք, զորամասեր են վաճառո՞ւմ։ Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող զորամասեր են և նույնիսկ պահպանությունը ՊՆ–ի համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի», – ասում է Գեղամ Մանուկյանը։

Գլխավոր դատախազի միջնորդության քննարկմանը նիստերի դահլիճից դուրս էին հետևում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները։ Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դա հիմնավորում է նրանով, որ դատախազի միջնորդության հիմքում այլ քողարկված նպատակներ են տեսնում։

 «Ակնհայտորեն կա մեկ գլխավոր նպատակ՝ շեղել ուշադրությունը վերջին շրջանում ԶՈՒ–ում տեղի ունեցող ողբերգություններից, վերջին շրջանում ԶՈՒ և պետական կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստներից։ Բավականին թույլ «փաստարկներով», իրավական բավականին խոցելի հիմքերով փորձ է արվում ԶՈՒ առկա իրավիճակը որևէ ձևով պայմանավորել վերջին երկու կամ երեք տասնամյակներում տեղի ունեցած գործընթացներով»։

Մինչդեռ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորում է ճիշտ կարծիք ձևավորելու անհրաժեշտությունը։

«Շատ կարևոր է, որ մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի, որ այստեղ դատավարություն է տեղի ունենում։ Ընդամենը ԱԺ–ն թույլ է տալիս կամ թույլ կտա, չգիտեմ դեռ, որպեսզի քրեական գործը շարունակվի։ Սեյրան Օհանյանն այսօր չգալով և չստորագրելով վաղեմության հետ կապված ընթացակարգը, շատ ճիշտ քայլ է անում։ Նա ուզում է ցույց տալ, որ ինքը նույնիսկ դատավարության պարագայում կարող է ապացուցել, որ ազնիվ, արդար աշխատակից է եղել և այս առումով մենք օգնում ենք պարոն Օհանյանին»։

Գլխավոր դատախազը մեկ օրում չի ավարտել իր միջնորդությունները խորհրդարանում։ Այդ աշխատանքի համար նրան կպահանջվի ևս մեկ օր։ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդություններից բացի, Աննա Վարդապետյանը ունի ևս մեկ միջնորդություն «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամի՝ Արմեն Չարչյանի առնչությամբ։

Դատախազությունը նրան հիշել է 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կալանավորված հանրությանը որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործից: Սարգսյանը մահացավ կալանքի մեջ: Ըստ գլխավոր դատախազի միջնորդության՝ պատգամավոր Արմեն Չարչյանը, որպես փորձագետ, ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանի մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովում և 2017 թվականի փետրվարին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն:

Դատախազի միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվելու է գաղտնի քվեարկությամբ։ Նվազագույն պահանջը առնվազն 54 պատգամավորի մասնակցությունն է քվեարկությանը:

Եթե անգամ 28 պատգամավոր կողմ լինի, դատախազությունը Օհանայանին մեղադրանք առաջադրելու հնարավորություն կստանա։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 պատգամավոր:

Կարդացեք նաև
Close
Back to top button