ԿարևորՀասարակություն

Սոցապն առաջարկում է թոշակառուներին աշխատելու հնարավորություն տալ․ կարգավորումը ոչ բոլորին կվերաբերի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է  ընդլայնել կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների աշխատելու հնարավորությունը։ Գերատեսչությունը փոփոխություններ է նախաձեռնել Աշխատանքային օրենսգրքում։ Փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասում է՝ օրենսգրքի գործող կարգավորումներով աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը գործատուի համար նրան աշխատանքից ազատելու հիմք է։ Նախարարությունում սա տարիքով պայմանավորված խտրականություն են համարում ու առաջարկում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսգրքից հանել այս կետը։

«Մենք որևէ սահմանափակում չենք դնում, չենք ասում, որ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացին այլևս, ժողովրդական լեզվով ասած, թոշակի չի գնալու։ Մենք կարգավորում ենք, որ եթե քաղաքացին ցանկանում է աշխատել կամ գործատուն ցանկանում է նրա հետ շարունակել աշխատանքային հարաբերությունները, ապա երկու կողմին էլ հնարավորություն ենք տալիս ճկուն լինել ու շարունակել այդ հարաբերությունները՝ առանց ավելորդ քաշքշուկների»,– ասում է փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Այսինքն՝ եթե քաղաքացին 65 տարեկանը լրանալուն պես ցանականում է թոշակի անցնել, օրենքն այս հնարավորությունը չի բացառում։ Գործատուին հնարավորություն է տրվում կենսաթոշակային տարիքի հասած աշխատողի հետ նաև անժամկետ աշխատանքային պայմանագիր կնքել։ Գործող օրենսգիրքն այդ հնարավորրությունը չի տալիս։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասում է,որ փոփոխությունների հիմքում կուտակված փորձը պահպանելն է,  աշխատող-գործատու հարաբերությունները զարգացնելը։ Ոլորտային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործատուները հաճախ չեն կարողանում կենսաթոշակային տարիքի հասած մասնագետներին փոխարինողներ գտնել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյան

«Ամենամեծ խնդիրը, որ մենք ունեինք աշխատաշուկայում, որակավորված մասնագետների պահանջարկն է։ Ուսումնասիրություն է իրականացվել գործատուների շրջանում․ խնդիրը, որ իրենք նշում են, որակյալ մասնագետների պակասն է։ Ըստ էության, ստացվում է, որ գործատուն որակյալ աշխատողի պահանջարկ ունի, աշխատողն էլ ցանկանում է շարունակել աշխատել, չնայած իր տարիքին․ փոփոխությունը ի օգուտ բոլորի է»,– ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը։

Այնուամենայնիվ․ օրենսգրքի առաջարկվող կարգավորումները ոչ բոլորին են վերաբերում։ Աշխատանքային օրենսգիրքն առավելապես կարգավորում է մասնավոր սեկտորի աշխատանքային հարաբերությունները, առանձին ոլորտներում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ոլորտային օրենսդրությամբ։ Օրինակ՝ պետական համակարգի աշխատողների՝ մասնավորապես քաղծառայողների աշխատանքային տարիքը սահմանվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով․

Մեջբերում․ Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Աշխատանքային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերի նաև զինվորական ծառայությանը և ուժային կառույցներում աշխատողներին։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն, օրինակ, առանձնացված կարգավորում ունի․ կախված զինվորական կոչումներից՝ աշխատելու՝ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է 45-ից մինչև 65 տարեկան։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ «Աշխատանքային օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները լավ հիմք կարող են դառնալ նաև մյուս ոլորտներում համապատասխան փոփոխությունների համար։

«Այս պահին խոսքը Աշխատանքային օրենսգրքի մասին է, իսկ սա տարածվում է, օրինակ, քաղծառայողների վրա այնքանով, որքանով սահմանում է ընդհանուր կանոնները։ Օրինակ աշխատանքային հարաբերություններում առանձին հոդվածով սահմանվում է, որ աշխատանքային հարաբերություններում խտրականությունը արգելվում է, սակայն մենք չունենք պատասխանատվություն նախատեսող նորմ, այսինքն՝ եթե ինչ-որ մեկի նկատմամբ դրսևորվի խտրականություն, ապա այդ խախտված իրավունքը վերականգնելու որևէ մեխանիզմ չկա»,– ասում է Հայկ Հակոբյանը։

Թեև նախարարությունն առաջարկում է փոփոխություններ իրականացնել օրենսգրքի 266 հոդվածներից 122–ում, սակայն, ըստ Հակոբյանի, դեռ կան խնդրահարույց կետեր, որոնց անդրադարձ չի կատարվում։ Մասնավորապես, հաճախ նաև կենսաթոշակային տարիքին մոտ քաղաքացիների հետ գործատուներն անժամկետ աշխատանքային պայմանագրի փոխարեն որոշակի ժամկետով պայմանագրեր են կնքում։  Փաստաբանն առաջարկում է այս խնդիրը ևս կարգավորել օրենքով։

«Պրակտիկայում որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են՝ առանց անհրաժեշտ հիմքերի։ Այսինքն՝ եթե անորոշ ժամկետով պայմանագրի դեպքում մենք ունենք պայմանագիրը լուծելու կարգ, օրենսդրությամբ սահմանված հիմքեր այդ պայմանագիրը խզելու համար, ապա որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում ժամկետը լրանալն արդեն ինքնին հիմք է պայմանագիրը լուծելու համար։ Մենք առաջարկում ենք, որ սպառիչ թվարկվեն հիմքերը, թե որ դեպքում կարելի է կնքել ժամկետով պայմանագիր»։

Ստացվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարության նախաձեռնած փոփոխությունը հիմնականում կարգավորում է մասնավոր ոլորտում աշխատող կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների ու գործատուների հարաբերությունները։ Եթե գործող կարգովորմամբ աշխատողի 65 տարին լրանալուն պես գործատուն կարող է տարիքը հիմք ընդունելով աշխատողի հետ չերկարացնել աշխատանքային պայմանագիրը,  ապա կառավարության հավանությանն արժանացած նախագծով գործատուն այդ հնարավորությունից զրկվում է։

Back to top button