ԿարևորՔաղաքական

Միրզոյանը Բեռլինում կքննարկի նաև հայ–ադրբեջանական խնդիրներն ու Արցախի հումանիտար ճգնաժամի հարցը

Փետրվարի 6–7–ը երկօրյա աշխատանքային այցով Գերմանիա է մեկնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Աշխատանքային օրակարգը բավական հագեցած է՝ քաղաքականից մինչև տնտեսական համագործակցություն։ Գերմանիան թեև ուղղակիորեն ներգրավված չէ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, բայց առաջիններից մեկն է ողջունել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը և պատրաստակամություն հայտնել մասնակցել դրան։

Հայաստան–Գերմանիա այս տարվա առաջին շփումը տեղի է ունեցել հունվարի կեսերին։ Հայաստանի և Գերմանիայի նախագահների հեռախոսազրույցի հիմնական թեման տարածաշրջանային զարգացումներն ու Արցախում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման քայլերն են եղել։  

Նույն հարցերը նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գերմանական երկօրյա այցի առանցքում են։ Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը գրառմամբ է տեղեկացրել, թե ինչ օրակարգով է Բեռլին մեկնում Արարատ Միրզոյանը։

«Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա և Հայաստան– ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»։

Այս օրակարգերով նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, հանդիպումներ կլինեն նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների և փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։

Թեև Գերմանիայի մասնակցությունը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում  ուղղակի և անմիջական չէ, բայց Բեռլինն առաջիններից մեկն է ողջունել տարածաշրջան ԵՄ քաղաքացիական դիտորդներ գործուղելու որոշումը և պատրաստակամություն հայտնել մասնակցելու քաղաքացիական այդ առաքելությանը։ Դիտորդների՝ դեռ առաջին տեղակայման ժամանակ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Դաշնային կառավարությունը ձգտում է, որ Գերմանիան ներգրավվի առաքելության կազմում, նաև  կարող է  փորձագետներ առաջարկել»։ Թե առաջին, թե երկրորդ առաքելության դեպքում որոշումը, սակայն, առաքելության ղեկավարին է՝ կախված կոնկրետ կարիքներից։

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ի դեպ, 44–օրյա պատերազմից հետո էլ հստակ ձևակերպել է իր երկրի դիրքորոշումը ԼՂ հակամարտության լուծման հարցում՝ սկզբունքային միջնորդությունը, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին և ցանկություններին, վերապահելով ԵԱՀԿ ՄԽ–ին։

«Գերմանիան ՄԽ անդամ է և կողմնակից է տևական և կայուն խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ապավինում ենք այդ գործում ՄԽ գործունեությանը»։

Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին պաշտոնական Մոսկվան կրկին պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակրադակով հանդիպում կազմակերպել ՌԴ–ում՝ քննարկելու համար խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը։ Առաջարկն այս պահին առնվազն երկու անորոշ կետ ունի․ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ դեռ չի ստացել փաստաթղթի վերաբերյալ իր առաջարկների պատասխանը  Բաքվից։ Նաև չի հստակեցրել իր դիրքորոշումը Մոսկվայի առաջարկի վերաբերյալ։ Մինչև այս հստակեցումները Հայաստանի արտգործնախարարը բեռլինյան այցի շրջանակում հարցերը քննարկելու է գերմանական կողմի հետ։

Ոչ պակաս կարևոր են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման  և Հայաստան–ԵՄ փոխգործակցության ընդլայնման ուղղությունը։

«Հատկապես համավարակից հետո նկատելի են  դարձել Հայաստան–Գերմանիա առևտրաշրջանառության ակտիվացման դրական միտումները։ Շատ համատեղ ծրագրեր կան, որոնք հիմնականում իրականացվում են GIZ-ի՝ գերմանական համագործակցության գործակալության միջոցով»։

Հայաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն,  երկարաժամկետ հեռանկարով։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Գերմանիան Հայաստանի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերներից է: 2020 թվականին Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 526 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 17 տոկոսով:

Back to top button