ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ Հայաստանում գործատուն ու գործ փնտրողը հաճախ չեն հանդիպում

Հատկապես վերջին տարիներին  ՌԴ–ն պարբերաբար խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Սակայն Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը չի նվազում։ Ավելին, 2022-ին Հայաստան փոխանցված գումարների ավելի քան 70 տոկոսը կրկին Ռուսաստանից է։ 2023-ի համար էլ միգրացիոն քաղաքականությունում փոփոխություններ են կատարել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Տիգրան Բաղդասարյանը գրեթե ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում։ Նա հիմնականում վարորդ է աշխատում․

«Հայաստանում մոտ երեք անգամ ավելի քիչ են վճարում, անգամ դրամի մոտ 20 տոկոս  արժևորման պայմաններում ավելի հարմար է ՌԴ-ում աշխատելը։ Դրամով մինչև 600 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում»։

Տիգրան Բաղդասարյանի ընտանիքը հինգ անդամից է բաղկացած։ Նա ասում է՝ չնայած Ռուսաստանում խստացրել են միգրացիոն քաղաքականությունը, այնտեղ  աշխատելիս խնդիրներ չի ունենում։ Արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ անպայման խորհրդակցում է իրավաբանի հետ է։ Այս տարի կմեկնի՞ արտագնա աշխատանքի, թե՞ ոչ,  դեռ չի որոշել։ Բայց Հայաստանում աշխատանք չի էլ փնտրում։

Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային ծառայության տնօրեն Զոհրաբ Շահինյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում հակառակն է պնդում՝ աշխատանք կա, աշխատող չկա։ Նոր տվյալներ դեռ չունեն, 2012–2013 թվականների հետազոտական տվյալներն է մեջբերում։ Իրենց մոտ գրանցված աշխատանք փնտրողների թիվը 900 է։ Նրանցից քչերն են, սակայն, առաջարկի դեպքում համաձայնում աշխատել։

«Տպավորություն է, որ աշխատանք փնտրողները հիմնականում հարցաթերթիկ են լրացնում։ Ունենք տարբեր մասնագետների պահանջարկ՝ բանվոր, վարորդ, մենեջեր, խոհարար, հավաքարար»։

Զոհրաբ Շահինյանն ասում է, որ Մարտունու տարածաշրջանում շինարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանում, բայց գործատուները չեն կարողանում օրական 8–10 հազար դրամով աշխատող գտնել։

Հայաստանից արտագնա աշխատանքի համար հիմնականում Ռուսաստան են մեկնում։ Այդ երկիրն էլ, հատկապես վերջին տարիներին, պարբերաբար խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Այս տարին էլ բացառություն չէ։ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ 2023 թ հունվարի 1–ից ԵԱՏՄ քաղաքացիները՝ որպես օտարերկրացիներ, Ռուսաստանում պետք է Դաշնության քաղաքացիներին հավասար հարկեր վճարեն։ 

«Նախկինում դրանք ավելի ցածր էին։ Այժմ խոստացված իրական աշխատավարձի 43․5 տոկոսը պահվելու է որպես հարկ։ Սա այս տարվա միակ փոփոխությունը չէ»։  

Հաջորդ փոփոխությունը, ըստ փորձագետի, ԵԱՏՄ երկրների քաղաքացիների երկար տարիների պայքարի արդյունք է։ Այն վերաբերում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին։ Ըստ այդմ՝ Ռուսաստան մուտք գործելիս անհրաժեշտ է միգրացիոն քարտ լրացնել, որն ունի «այցի նպատակ» բաժին։ Այստեղ անձինք նշում են, թե ինչու են մուտք գործում ՌԴ։ Աշխատելը, որպես նպատակ, չնշողները, պարզապես աշխատել չեն կարող։ Աշխատանքի թույլտվություն ստանալու համար նախկինում նրանք պետք է երկրի տարածքից դուրս գային, նորից մուտք գործեին ու միգրացիոն քարտի համապատասխան բաժինը լրացնեին։ 

«Այժմ միայն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն միգրացիոն քարտում նշված բոլոր այլ նպատակներ տողերում փոփոխություն կատարել, նշելով «աշխատանք»  բաժինը, առանց սահմանը հատելու։  Բայց, եթե նշել են «աշխատանք», ապա այն չեն կարող փոխել այլ նպատակի, օրինակ՝ «մասնավոր այց», «ուսանող»։

2022 թվականի ինն ամսում ՌԴ–ում միգրացիոն հաշվառման է կանգնել  ՀՀ 394 հազար 917 քաղաքացի (2021–ին՝ 437 հազար 276),  նրանցից  262 հազար 555–ը՝ աշխատելու նպատակով (2021–ին այդ թիվը 298 հազար 801 էր)։  85 հազար 694–ն ունեցել է աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր (2021-ին՝ 112 հազար 348),  ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել  32 հազար 788 մարդ (2021–ին նրանց թիվը 34 145 էր)։

Back to top button