ԿարևորՔաղաքական

Բովանդակությունը նույնն է, շահերի լանդշաֆտը՝ տարբեր․ Դավիթ Բաբայանը՝ Կոսովոյի և Արցախի մասին

Սերբիան մինչև վերջերս ամրապնդում էր ռազմական ներկայությունը Կոսովոյի հետ սահմանին` անտեսելով լարվածությունը թուլացնելու Արևմուտքի կոչերը։ Սակայն օրերս Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարել է արևմտյան միջնորդների առաջարկած կարգավորման պլանի մասին, որի անմիջական հեղինակները Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչություններ են։ Հարաբերությունների կարգավորման Եվրամիության առաջարկը կողմերին ներկայացվել է անցած տարի և ըստ հեղինակների՝ «լավ հիմք է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության համար»:

«Եթե Բելգրադը մերժի Կոսովոյի հարցի լուծման արևմտյան նախագիծը, ապա անխուսափելիորեն կհայտնվի մեկուսացման մեջ»,-  փետրվարի 3-ին Սերբիայի խորհրդարանում հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` հավելելով, թե  «իրականում, Բելգրադի ընդդիմանալու դեպքում նույնիսկ, եթե Արևմուտքը որոշի Կոսովոն ներգրավել Եվրոպայի խորհրդում, ապա այդ հեռանկարի կողմնակիցները մեծամասնություն կլինեն։ Նույնն է ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության դեպքում»։ Վուչիչի այս հայտարարությանը հաջորդել է ծեծկռտուք` Սերբիայի իշխող ուժի և խորհրդարանական ընդդիմության միջև։

Թե Սերբիան, թե մասամբ ճանաչված Կոսովոն ձգտում են Եվրամիության անդամակցությանը։

Սերբ-կոսովական հակամարտության խնդրում ի՞նչ երկակի ստանդարտներ է կիրառում Արևմուտքը, ի՞նչ  զուգահեռներ կան Արցախյան հիմնահարցի հետ, և արդյո՞ք դրանք կիրառելի են հետպատերազմյան իրողություններում։ 

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսելով սերբ-կոսովական հիմնախնդրի և Արցախյան հիմնահարցի հետ նմանությունների ու տարբերությունների մասին  նշում է, որ աշխարհաքաղաքականության մեջ չկա մեկ միասնական մոտեցում, հետևաբար այն, ինչ կատարվում է, չի պարունակում իրավական, բարոյական, պատմական կամ այլ հիմնական թեզեր, դրանք նետված են հետին պլան։ Հավաքական Արևմուտքը խնդիրը դիտարկում է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, ուստի կարևորը Սերբիայի դեմ շարունակվող արշավն է։

«Կոսովոն, մասամբ իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, անջատվել է Սերբիայից, բայց գտնվում է աշխարհաքաղաքական այլ ազդեցության գոտում։ Իսկ Անդրկովկասը մեկ խաղացողի ազդեցության գոտում չէ, հետևաբար այս տարածարշրջանում դերակատարները շատ են։ Ինչպես Կոսովոն, այնպես էլ Արցախը կանգնել են ինքնորոշման իրավունքի ճանապարհին, սակայն մի տարածքում  առկա է համապատասխան աշխարհաքաղաքական մթնոլորտ, ուստի Պրիշտինայի սկսած գործընթացն ավելի հեշտ է ընթանում։ Արցախը գտնվում է աշխարհաքաղաքական այլ «լանդշաֆտում», որտեղ չկա որևէ ուժի բացարձակ ազդեցություն։ Երկակի, եռակի ստանդարտների կիրառմամբ սա ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական ընտրություն։ Կոսովոյի ինքնորոշման խնդրի հետ կապված Ֆրանսիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի մշակած փաստաթղթերում անունը փոխելու` Արցախ գրելու դեպքում, թվում է, թե խնդիրը նույնական է, սակայն աշխարհաքաղաքական շահերն են տարբեր»,- ասում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը։

 «Պաշտոնական Բելգրադը շղթայական մասնատման առջև է կանգնած․ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է։ Դժբախտաբար, արժեքները և արժեհամակարգը վաղուց իրենց տեղը զիջել են գնին, իսկ գինը նավթն ու գազն են, աշխարհաքաղաքական դիրքը, Արցախի դեպքում Ադրբեջան-Թուրքիա պանթուրքական վեկտորը», –ասում է Բաբայանը։ 

Back to top button