Խոշորացույց

Արդյո՞ք կոռուպցիան պետական դավաճանություն է. «Խոշորացույց»

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության խորհրդի նախագահ Դելիա Ֆերեյրա Ռուբիոն աշխարհում 2022 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը հրապարակելու կապակցությամբ հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում պարտված կառավարությունները նպաստում են բռնության և հակամարտությունների ներկայիս աճին։

Անվտանգության խնդիրը շատ ավելի ընդգրկուն է, քան լոկ հակամարտությունը եւ չի նշանակում, որ կոռուպցիան ծնում է հակամարտություն, կամ հակառակը` հակամարտությունն է ծնում կոռոկպցիա, ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նա շեշտում է, որ կոռուպցիայի պատճառով անվտանգության համակարգն է թուլանում, ինչը շատ ավելի մեծ խնդիրների առաջ կարող է կանգնացնել պետությանը։

Դրա լավագույն օրինակը Սինգապուրն է, որը հրապարակված վարկանիշային աղյուսակում կոռուպցիան հաղթահարած լավագույն հինգ երկրներից մեկն է։ «Շատերին թվում է, որ այնտեղ բռնեցին ու սատկացրեցին կոռուպցիան»,- ասում է Հոկտանյանը։ Կոռուպցիայի դեմ պայքարով Սինգապուրը անվտանգության խնդիր էր լուծում։

Սինգապուր քաղաք-պետության բնակչության հիմնական մասը չինացիներ են։ Մայրցամաքային Չինաստանում իշխանության եկած կոմունիստները մեծ աջակցություն էին ստանում տարածաշրջանում, իսկ առաջնորդ Մաո Ցզեդունի գաղափարներն արագորեն տարածվում էին։ Սինգապուրում արդեն քաղաքային պարտեր էին տեղի ունենում իշխանություններին դեմ։

Անվտանգության լրջագույն սպառնալիքները չեզոքացնելու համար այնտեղ սկսեցին իրականացվել տնտեսական եւ սոցիալական խորքային բարեփոխումներ, ինչից էլ ածանցվեց կոռուպցիայի դեմ պայքարը։ Սինգապուրին այդպիսով հաջողվեց չեզոքացնել անվտանգային սպառնալիքը, թեեւ այն մինչ այսօր էլ մնում է ավտորիտար պետություն։

Այսօր հաճախ է ԱԱԾ-ն հաղորդագրություններ տարածում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը օտար պետությանը վաճառելու մասին։ Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ նման դավաճանության դեպքեր նաեւ նախկինում են եղել, եւ եթե դրա մասին այն ժամանակ էլ հայտնվեր, ապա նման դեպքեր քիչ կգրանցվեին։ Թափանցիկությունն ու հրապարակայնությունը կոռուպցիան նվազեցնելու լրջագույն գործիքներն են, վստահ է նա։

  • Ի՞նչ կլինի եթե, կառավարության` կոռուպցիան հաղթահարելու քաղաքականությունը  հասարակական աջակցություն չստանա,
  • Ի՞նչ կլինի, եթե կոռուպցիան հաղթահարելու հասարակական պահանջը կառավարության կողմից աջակցություն չստանա,
  • Ի՞նչ կլինի, եթե կոռուպցիոն համակարգն ինքը կայուն եւ անվտանգ միջավայրի կարիք ունենա։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կոռուպցիան եւ ազգային անվտանգությունը. այս թեմայի շուրջ ենք զրուցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ։

Back to top button