

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,-Թվիթերի իր էջում գրել է Փաշինյանը։
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։
Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
ԱԳՆ-ից հավաստիացնում են, որ նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։
Թուրք-սիրիական սահմանի մոտ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներից հետո Թուրքիայի և Սիրիայի պաշտոնական տվյալների համաձայն ավելի քան 500 մարդ է զոհվել։
Սիրիայի առողջապահության նախարարության թարմացումների համաձայն՝ երկրի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս քաղաքներում 237 մարդ է զոհվել, ավելի քան 600-ը վիրավորվել են։
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2323 մարդ, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Սպասվում է, որ թվերը կավելանան։
Սա, ըստ մասնագետների, կարող է լինել Թուրքիայի պատմության մեջ ամենաահեղ երկրաշարժը՝ նույնքան ուժեղ, որքան 80 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժն էր։