Նեխած ջրի փոխարեն՝ որակյալ ջուր. Ծաղկալանջում հիմնանորոգվել են խմելու ջրագծերը


Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում վերակառուցվել է խմելու ջրագիծը: Տասնամյակներ շարունակ գյուղի բնակիչները կրկնակի են վճարել խմելու ջրի դիմաց. հին խողովակներով ջուրը տեղ չի հասել, օգտագործել են էլեկտրական պոմպեր: Նոր ջրագիծը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, բաժանորդ է դարձել 322 բնակիչ:
1950-ական թվականներին կառուցված խմելու ջրի թուջե խողովակները վաղուց կորցրել էին որակական հատկանիշներն ու բացասաբար անդրադարձել ջրամատակարարման վրա: Ջրագծի վթարներն անխուսափելի են եղել, ընդհատումները՝ հաճախակի:
«Առաջ որդնած, նեխած ջուր էր գալիս, որովհետև մեր գյուղը ցանցից շատ հեռու է, գրեթե վերջում: Մեզնից առաջ շատ գյուղեր կան, և մեր ջրերը անընդհատ կտրվում էին»:


«Հին համակարգ է՝ չուգունե խողովակներով, արդեն պարզ է, երբ միացնում էին՝ նեխած ջուր էր գալիս: Մի քանի օր գալիս է ու մաքրվում»:
Ծաղկալանջի բնակիչները խմելու ջուրը մեծ դժվարությամբ ստացել են միայն անհատական պոմպերի միջոցով, որի դիմաց կրկնակի են վճարել: Արդյունքում՝ խողովակներով օդն ու ավազն ավելի շատ է մղվել, քան ջուրը:


«Նախկինում հոսանքով, պոմպով էինք խմելու ջուր ունենում: Այն ժամանակ և՛ հոսանքին էինք մուծում, և՛ ջրին, իսկ հիմա լավ է, պոմպերն անջատել ենք, ծորակից գալիս է»:
«Առաջ շատ վատ էր: Ես ամռան շոգերին մեկ ամիս ջուր չեմ ունեցել, պոմպ էի միացնում, հոսանք էր գրում ու ջուր չկար, փոխարենը պարտքեր են ավելացել: Ջրի նախկին հաշվիչը տարել են լաբորատորիա ստուգաչափելու»:
«Հին ջրագծերի ժամանակ, երբ պոմպը միացնում էինք մինչև ջուրը քաշել հանելն այնքան էր պտտվում, որ հիմա պարտքեր են կուտակվել: Գյուղի 70 տոկոսը կրկնակի պարտքեր ունի»:


Ծաղկալանջի խմելու ջրի խնդիրը լուծվել է համայնքի ու կառավարության համաֆինանսավորմամբ՝ 97 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ծախսի 60 տոկոսը վճարել է կառավարությունը: Աշխատանքներն սկսվել էին մի քանի ամիս առաջ: Ջրագծերը միացվել են, բայց աշխատանքները դեռ չեն ավարտվել, փորձարկումների ժամանակ պատահարներ են գրանցվում։
«Դեռ նոր են սարքել, միացումների ժամանակ վթարներ են լինում, ասենք՝ ջրագիծը վնասվում է ջրի ճնշումից կամ ճիշտ չի դրված»:
«Ջրագծերը նոր են կարգավորում, ժամանակ առ ժամանակ ջուրն անջատում են, ցեխաջուր է գալիս, դժվարությամբ է մաքրվում»:


«Նոր են քաշել գծերը, մի քիչ դեֆեկտ կունենա, ջրի համը փոխում է: Դե ոնց էլ լինի խողովակներում մի բան կլինի՝ փոշի, հող, ավազ: Հիմա կամաց-կամաց կմաքրվի, ամեն ինչն էլ լավ կլինի, գոհ ենք»:
Ծաղկալանջի նորակառույց թաղամասերում խմելաջրագիծ չի կառուցվել: Տեղի բնակիչներն օգտվել են հորերի ջրերից՝ դարձյալ պոմպերով, բայց չեն խմել: Իսկ խմելու ջուրը գրեթե 40 տարի տարաներով կրել են մյուս փողոցներից կամ հարևան գյուղերից:
«Մենք խմելու ջուր երբեք չենք ունեցել, ամեն ինչը հորի ջրով ենք արել: Պոմպով հորից ջուր ենք քաշում, ոռոգում հողերը, օգտագործում խոհանոցում, բաղնիքում: Ես արդեն 37 տարվա հարս եմ, ընդհանրապես խմելու ջուր չենք ունեցել, անընդհատ դրսից ենք բերել դույլերով: Իսկ հիմա շատ լավ է, ծորակից է գալիս»:


Ծաղկալանջի բնակիչները գոհ են, խմելու ջուրը մատակարարվում է Նազրվանից: Համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացնում է առաջնահերթ խնդիրների լուծման հաջորդ քայլերը.
«2022թ.-ին մենք Ծաղկալանջ գյուղի ջրագծի վրա ծախսել ենք 97 մլն դրամ, ինչպես նաև կա մեկ խորքային հորի հաստատված ծրագիր՝ 15 մլն դրամ արժեքով, որն այս պահին իրականացվում է: 2023թ.-ին ևս ծախսում ենք 90 մլն դրամ, խոսքը մշակույթի տան և 3 փողոցների գազիֆիկացման մասին է»:


Խոյ համայնքում բացի Ծաղկալանջից խմելաջրի խնդիր կա Հայթաղ, Արշալույս և Հովտամեջ գյուղերում: Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն ասում է, որ Հովտամեջ և Արշալույս գյուղերի խմելու ջրագծերի հիմնանորոգումն ընդգրկված էր Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրում, որն ընթացք չի ստացել։
«Հովտամեջ և Արշալույս գյուղերի խմելու ջրի ծրագրերը գտնում են Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի քննարկուման փուլում: Երբ հաստատվի, կարվի, երբ մերժվի, համայնքը ինքնուրույն կլուծի, կդիմի սուբվենցիոն ծրագրին»:
Հայթաղ գյուղում Հայջրմուղի կողմից վերանորոգված ջրագծերի անորակության պատճառով բնակիչները ջուր չեն ստանում: Համայնքի ղեկավարի խոսքով՝ փորձում են «Վեոլիաջուր » ընկերության հետ համատեղ լուծել խնդիրը: Ծաղկալանջում կառուցված նոր ջրագծերի բաժանորդ է դարձել 322 բնակիչ: