Երկրորդ շնչառություն

Նորարար միտքը և ավելիին հասնելու ձգտումը՝ երկարակեցությանը նպաստող գործոններ․ «Երկրորդ շնչառություն»

74 տարեկանում Արարատն է բարձրացել, Արագածի չորս գագաթները վաղուց են նվաճված, Թեղենիսը մեկ շնչով է հաղթահարում. Երևանի պետական բժշկական համալսարանի Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դասախոս, պրակտիկ բժշկության մեջ կիրառվող 53 գյուտի հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 77-ամյա վիրաբույժը նշտարը ձեռքին այսօր էլ իր երիտասարդ գործընկերների հետ կյանքեր է փրկում:

«Պետք է ոչ մի կերպ բավարարված չլինես քո ապրած կյանքով ու ձգտես ավելիին, և եթե առողջական փոքր խնդիրներ են ի հայտ գալիս, հետևողական լինես բուժման հարցում»,- ասում է նա: Մտքով ու մարմնով երիտասարդ մնալը պրոֆեսորը չի կապում մեծամասամբ գենետիկայի հետ, մարդը պետք է իր վրա աշխատի: Տարեցների համար նախատեսված հաղորդմանը հյուր է եկել միայն այն բանի համար, որ կյանքի նախանձելի որակի և հագեցած առօրյայի իր փորձը կիսի:

«Շաբաթական առնվազն երկու անգամ քայլում եմ երկար մոտ 3․5 կմ, պաշտպանության նախարարության շենքային համալիրի շուրջն եմ պտտվում, անպայման լողավազան եմ գնում, այն լողացողներից չեմ, որ կանգնում սրան-նրան են նայում, միանգամից լողում եմ 2500 մետր, հետո էլ տաք և սառը ցնցուղ եմ ընդունում մի քանի անգամ»,- բացատրում է բժիշկը, որ ոչ խմում է, ոչ ծխում: Փոքր այգի ունեմ ամեն տեսակի մրգերով, հիմնականում ինքս եմ խնամում: «Իմ էներգիան այսօր այնքան շատ է, որ ես ցանկացած երիտասարդ մասնագետի հետ կարող եմ հավասար մրցակից լինել»,-համոզված է Յու. Պողոսյանը՝ հավելելով, որ իր նորարարական միտքն է իրեն անընդհատ առաջնորդում՝ ստեղծել ավելին, ձգտել ավելիին:

Մեր երկրում դիմածնոտային վիրաբուժության հայտնի մասնագետների զգալի մասը բժիշկ Պողոսյանի սաներն են: «Նրանք անցել են այն դասընթացը, որ մենք մշակել ենք ու տալիս ենք մեր կլինիկական օրդինատորերին: Նրանք ինձ հետ լվացվում են, վիրահատում, երբեմն էլ թողնում եմ, որ իրենք ավարտին հասցնեն, իսկ հետո արդեն միասին քննարկում ենք, թե որքանով հասանք մեր դրած նպատակին:

Նրա խոսքերով, իմացած ամեն ինչը փոխանցում է երիտասարդներին ու շատերի նման մտավախություն չունի, թե սաները կարող են գերազանցել իրեն, քանի որ ինքը երբեք չի կրկնում իրեն, ամեն նոր դեպքում կարող է նոր մոդիֆիկացիա կիրառել:

Բժիշկ Պողոսյանի խոսքերով, գործատուները թոշակի տարիքի աշխատակիցների պարագայում պետք է չառաջնորդվեն անձնագրի թվերով, այլ հիմք ընդունեն մարդու աշխատունակությունը. եթե ժամանակին գալիս է գործի, չի բացակայում, անաշխատունակության թերթիկ չի ներկայացնում, ուրեմն, հարկավոր է մարդուն հնարավորություն տալ դրսևորվելու, այլ ոչ թե ուղարկել տուն, ինչը նշանակում է մարդուն ուղարկում են մահանալու։

Իսկ 60 տարեկաններին նա խորհուրդ է տալիս խելքները գլուխները հավաքել և հետևել առողջ ապրելակերպի կանոններին:

Back to top button