ԿարևորՀասարակություն

Էդուարդ Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները՝ ի պատիվ իր ձեռնարկատիրական և մարդասիրական գործունեության

Ֆլորենցիայի քաղաքային խորհուրդը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Էդուարդ Էռնեկյանին է շնորհել քաղաքի բանալիները՝ «համերաշխության, խաղաղության և քաղաքացիական խիզախության արժեքների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

«Էռնեկյանն Իտալիայի ու Արգենտինայի և, մասնավորապես, Ֆլորենցիայի հարաբերությունների կենդանի վկայությունն է: Նա շատ ներդրումներ է կատարել մեր քաղաքում, ինպես նաև՝ ամբողջ Իտալիայում՝ օդանավակայանների միջոցով և նա այն արգենտինացի գործարարներից է, ով առավել ակտիվ է Եվրոպայում»,-ասել է Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելան:

Շնորհակալություն հայտնելով Էդուարդ Էռնեկյանն ասել է. «Քաղաքի բանալիները ստանալն ինձ համար մեծ իրադարձություն է, քանի որ գործարար մարդիկ բացում են դռները, ինտեգրում շուկաները, կապում մարդկանց, քաղաքներին, ազգերին արտադրության միջոցով՝ գնահատելով միայն այն ուժերը, որոնք են՝ հնարամտությունը, կազմակերպվածությունը, լավատեսությունն ու խիզախությունը, որով այս մշակույթը համակել է մեզ, ամբողջ աշխարհին»:

Քաղաքապետ Նարդելան ընդգծել է, որ Էռնեկյանին քաղաքի բանալիները շնորհելու առաջին պատճառը նրա՝ ցեղասպանության հիշատակի պահպանման հանձնառությունն է եղել. «Նրա արգենտինական և հայկական ծագումը և այն փաստը, որ նա ստեղծել է Ռաուլ Վալենբերգ հիմնադրամը, շատ կարևոր խորհրդանիշ է մեզ համար»։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, որը նշել է, որ Էդուարդ Էռնեկյանի ձեռքբերումների ներկապնակն ընդարձակ է. «Ցանկացած ներդրում և ծրագիր, որում ներառված է եղել Էռնեկյանը, հետապնդել է Հայաստանի և աշխարհի միջև կամուրջներ կառուցելու և ամրապնդելու հիմնական նպատակը»:

Back to top button