ԿարևորՀասարակություն

Դատախազի միջնորդութուններ և ընդդիմության հարցապնդում․ ԱԺ-ում թեժ է լինելու

Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստերը խոստանում են թեժ լինել: Փետրվարի 7-ին խորհրդարանը քննարկելուէ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը:

Նույն օրը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է հրատապ քննարկում: Այդ իրավունքը ընդդիմադիրներին տալիս է Աժ կանոնակարգ օրենքը: Հարցապնդման առարկան  Զինված ուժերի ոլորտն է․ ընդդիմությունն արդեն դիմել է Աժ ղեկավարությանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայությունն ապահովելու պահանջով:

Ընդդիմադիր երկու պատգամավորի «հետևից» փետրվարի 7-ին խորհրդարան է գնալու Հայաստանի գլխավոր դատախազը: Աննա Վարդապետյանը պատգամավորներին ոչ թե կալանավորելու, այլ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է փորձելու ստանալ ԱԺ-ից: Նա հունվարի 20-ին ԱԺ ղեկավարությանը ներկայացրել էր 3 միջնորդագիր: Դրանք առնչվում են «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հունվարի 23-ին էլ դատախազությունից Աժ է ուղարկվել ևս մեկ միջնորդագիր նույն խմբակցութունից պատգամավոր «Իզմիլյան» կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին վերաբերյալ:

Եթե Չարչյանը խուսափում է գործի առնչությամբ մեկնաբանություններից, ապա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դատախազի միջնորդությունները «քաղաքական հետապնդում» է որակում:

«Այսօր պահն ընտրել են շեղելու համարր ուշադրությունն այն իրավիճակից, որը կա Հայաստանում: Այսօրվա իշխանությունները փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, հատկապես երբ աղետալի դեպք է տեղի ունեցել ԶՒ-ում՝ հրդեհի զոհ են դարձել 15 հոգի, փոխանակ դրանով զբաղվեն, հիմա փորձում են այս տեղեկությամբ շեղել: Կարծում եմ, որ սա հերթական շոուն է, ես շատ հանգիստ եմ ընդունում»:

Դատախազն իր միջնորդագրերի մասին մանրամասն կխոսի երեքշաբթի, իսկ մինչ այդ քրեական հետապնդման հիմքերը ներկայացված են ԱԺ ուղարկված փաստաթղթերում: Օհանյանի դեպքում դրանք վերաբերում են նրա՝ պաշտպանության նախարար եղած տարիներին։ Ռազմական գերատեսչությունը նա ղեկավարել է 8 տարի՝ 2008-2016 թվականներին:

Դատախազությունը նշել է, որ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք։ Խորհրդարան ներկայացված միջնորդությունների ծավալը շուրջ 100 էջ է: 

Պատգամավոր Արմեն Չարչյանին դատախազությունը հիշել է 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կալանավորված հանրությանը որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործից: Սարգսյանը մահացավ կալանքի մեջ:

Ըստ գլխավոր դատախազի միջնորդության՝ պատգամավոր Արմեն Չարչյանը որպես փորձագետ, ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանի մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում և 2017 թվականի փետրվարին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն:

Դատախազի միջնորդության որոշումը կայացվելու է գաղտնի քվեարկությամբ։ նվազագույն պահանջը առնվազն 54 պատգամավորի մասնակցությունն է քվեարկությանը: Եթե անգամ 28  կողմ էլ եղավ, Օհանյանը կզրկվի անձեռնմխելիությունից, Դատախազությունն էլ նրան մեղադրանքներ առաջադրելու հնարավորություն կստանա։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 պատգամավոր:

Եթե ուսումնասիրենք անկախ Հայաստանի պատմությունը, ապա խորհրդարանական կյանքում քիչ չեն դրվագները, երբ գլխավոր դատախազները պահանջել են զրկել պատգամավորների անձեռնմխելիությունը:

•        1996 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման և անկարգությունների գործով անձեռնմխելիությունից զրկվել է միանգամից 8 պատգամավոր:

•        1999-ի հոկտեմբերի 9-ին՝ հարուցված քրեական գործով մանդատից զրկվել է ներքին գործերի նախկին նախարար, այն ժամանակ ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Վանո Սիրադեղյանը:

•        1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նոյեմբերին, ԱԺ-ն քննարկել ու բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը եւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Մուշեղ Մովսիսյանին:

•        2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններից հետո 4 պատգամավոր է զրկվել անձեռնմխելիությունից:

•        2012թ․-ին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անձեռնմխելիությունից զրկվել է ԲՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու առաջին իսկ տարում՝ «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործի պատճառով։

•        2018-ի իշխանափոխությունից հետո գլխավոր դատախազը 4-րդ անգամ է գնալու խորհրդարան: 3 միջնորդությունները ներկայացրել է նախորդ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Երկու անգամ նա Ազգային ժողով էր մտել 2018-ին՝ միջնորդելով քրեական հետապնդում հարուցել այն ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Արամ Հարությունյանի նկատմամբ: 2020–ին նման միջնորդություն էր ներկայացվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։

Խորհրդարանական մեծամասնության անդամները չեն շտապում Օհանյանի և Չարչյանի գործերով մեկնաբանություններ տալ: Իշխանական թևի դիրքրոշումն, ըստ էության,  պարզ կդառնա նիստի ընթացքում: Մինչդեռ ընդդիմությունը նույն օրը պատրաստվում է հակահարվածի: Օգտվելով կանոնակարգով տրված իրավունքից՝ հրատապ քննարկում է նախաձեռնել և հարցապնդումով է հանդես գալու ԶՈՒ տիրող իրավիճակի առնչությամբ: «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոստանում է հիմնավոր փաստեր հրապարակել։

«Այնպիսի խայտառակ փաստեր կներկայացնենք համապատասխան ատյաններին, որ մեր աչքով ենք տեսել, որ մեր ամենօրյա աշխատանքով ենք արձանագրել: Առաջնագծում բազմաթիվ խնդիրներ ենք արձանագրում: Արձանագրում ենք ընդհանրապես ԶՈՒ կառավարման, ԶՈՒ միասնականության, ԶՈՒ-ն մեկ ընդհանուր համակարգով գործելու շուրջ եղած ուղղակի խայտառակ բացթողումներ, որոնց մասին պետք է նաև խոսվի և այս առումով շատ կարևոր է պաշտպանության նախարարի ներկայությունը»:

Պաշտոնապես Աժ ղեկավարությանը ընդդիմադիրները փոխանցել են, որ Սուրեն Պապիկյանին կցանկանային տեսնել նաև որպես հարակից զեկուցող: Ընդդիմադիրները պնդում են՝ իրենց համար իսկապես կարևոր է հարցը քննարկելը, ոչ թե պարզապես արծարծելը, դրա համար նույնիսկ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում լինի թեկուզ փակ նիստում քննարկել ԶՈՒ-ին և անվտանգությանը առնչվող հարցերը: 

Back to top button