ԿարևորՀասարակություն

Աղի բլիթը՝ ամուսնության կանխորոշում. երազներ քնած և արթմնի

Սիրո արագահաս բարեխոս սուրբ Սարգսի տոնը, բացի իր հոգևոր բովանդակությունից,  նաև ժողովրդական ավանդույթ է, որը նախկինում մեծ շուքով ու սպասումներով են նշել: Այն երիտասարդների սիրելի տոներից է: Տոնի նախօրեին  նրանք աղի բլիթներ են կերել, իսկ սկուտեղով փոխինդը կամ ալյուրը գիշերը թողել դրսում՝ սպասելով սուրբ Սարգսի գալուն: Արմավիրում  ավանդույթները  մասամբ  պահպանվում են:

Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում թեև ժողովրդական ծեսերը, ավանդույթներն ու հավատալիքներն աստիճանաբար մոռացվում են, բայց Սուրբ Սարգիս զորավարի տոնը շարունակում են նշել: Այն երիտասարդների սիրելի տոներից է, որն ըստ ավանդազրույցի,  կանխորոշում է  ամուսնությունը: Տոնի նախօրեին «Արմավիրի երիտասարդների տանը» աղի բլիթներ էին պատրաստել.

«Աղը, ալյուրն ու ջուրը խառնում ենք իրար, խմոր ենք պատրաստում, թողնում մի քիչ հանգստանա, հետո մեր ուզած ձևով կտրում ենք ու թխում»:

Աղի բլիթները ձևավորել էին սրտի տեսքով, բարեմաղթանքներ գրել, քահանան օրհնել է ու բաժանել երիտասարդներին: Նպատակը մեկն է. Սուրբ Սարգսի բարեխոսությամբ իրականացնել սրտում պահված երազանքները: Կենտրոնի երիտասարդական աշխատող Լիլիթ Գևորգյան

 «Քնելուց առաջ ուտում են աղի բլիթները ու ջրի կարիք են ունենում:  Երազում  պետք է գա իրենց սիրած տղան կամ աղջիկը և ջուր տա»:

Նախկինում Սուրբ Սարգիս զորավարի տոնը  մեծ խանդավառությամբ են նշել: Աղի բլիթները պատրաստել են երգով ու  խաղիկներով. ժողովրդական սովորույթ էր: Հավաքվել են թոնրի շուրջ, երգել, խմորը հունցել ու մեծ սեր դրել թխուկի մեջ: Վերա տատիկը ծնունդով Շիրակի դաշտավայրից է․ չնայած պատկառելի տարիքին` չի կորցրել իր գրավչությունն ու երգեցիկ ձայնը: Հիշում է երիտասարդությունն ու երգում: Երիտասարդ տարիներին Վերա տատիկն էլ է աղի բլիթ կերել, երազում տեսել իր ամուսնուն, բայց այդ անգամ բլիթն իր ձեռքով էր պատրաստել։

«Թոնրով ամեն օր հաց էինք թխում, որպեսզի  ապահովեինք  տան տաքությունը: Գնացի թթխմորից մի քիչ կտրեցի, աղով շաղեցի ու կպցրեցի թոնրի շրթին: Պահք չեմ պահել, կերել եմ ու երազ  տեսել»:

Երազում ջուր տվող երիտասարդն ապագա ամուսինն էր: Սուրբ Սարգիս զորավարի  բարեխոսությանն աներկբա են հավատացել: Պատմությունները շատ են:  «Արմավիրի երիտասարդների տան» համակարգող Հռիփսիմե Հովհակյանը  հիշում է տատիկի պատմած երազն ու փորձում հավատալ։

«Տատիկս 25 տարեկան հասակում առաջին անգամ աղի բլիթ է կերել, երազում տեսել պապիկիս:  Եվ ինչպես տատիկս է սիրում ասել՝ հենց  էդ մարդը նույն հագուկապով, նույն բաժակով ինձ ջուր տվեց: Տատիկս ամուսնացել է իր երազի տղամարդու հետ»:

Տաթև Մկրտչյանի ընտանիքում  շարունակվում են տատիկից փոխանցված սովորույթները: Աղի բլիթը պատրաստում են միայն ընտանիքում ամուսնության տարիքի երիտասարդներ ունենալու դեպքում: Տատը համոզվել էր սեփական փորձով.

«Աղի բլիթ է կերել, պառկել քնելու: Շատ ծարավել է եղել: Երազում պապիկս եկել է, ինչպես ինքն էր պատմում՝ հաղթանդամ, շատ գեղեցիկ տղամարդ, բաժակով ջուրը մեկնել է տատիս: Տատս անծանոթ տղամարդու ձեռքից ջուրը վերցրել ու խմել է: Ամեն անգամ պատմելիս ասում էր՝ ես  զարմացա, թե ոնց կարողացա անծանոթ տղամարդու ձեռքից ջուրը վերցնել ու խմել: Ավանդապաշտ կին է եղել»:

Սուրբ Սարգսի բարեխոսությամբ ոչ միայն երիտասարդներն են ամուսնացել, այլև ընտանիքները հաջողություններ  են ունեցել: Այս ավանդույթն էլ կապված է փոխնդի կամ ալյուրի հետ: Ըստ ավանդության՝ սկուտեղով փոխինդը գիշերը թողել են դրսում և սպասել Սուրբ Սարգսի գալուն: Նախշուն Նազարեթյան.

 «Սկուտեղով ալյուր են դրել տանիքին, Սուրբ Սարգիս զորավարը ձիով եկել անցել է, և ձիու ոտնահետքերը մնացել են ալյուրի վրա»:

Տաթև Մկրտչյան.

«Մի ավանդույթ կար. փոխինդը պետք է սկուտեղի վրա լցներ ու երեկոյան, երբ բոլորը քնում էին, դներ  տան պատուհանագոգին, կամ պատշգամբում: Սուրբ Սարգիսը նժույնգով գալիս ու իր ձիու սմբակի հետքը թողնում  էր փոխնդի վրա: Տատիկիս դրված փոխնդի վրա միշտ այդ հետքը լինում էր»:

Տատը դժվարությունների պահին էլ է ապավինել Սուրբ Սարգսի զորությանն ու աղոթքներում  հաճախ է շշնջացել նրա  անունը:  Այսօր Սուրբ Սարգսի անունը կրող  եկեղեցիներում մատուցվել է պատարագ և կատարվել  երիտասարդների օրհնության կարգ:

Back to top button