Վերնատուն

«Կոմիտաս․ տասը հայտնություն» կոնցեպտուալ նախագիծը՝ 20 տարեկան․ «Վերնատուն»

Կոմպոզիտոր, երգիչ երաժիշտ Վահան Արծրունու «Կոմիտաս․ տասը հայտնություն» CD–ալբոմը հեղինակի երաժշտական գործունեության համար նշանակալի և առանցքային դեր է ունեցել․ մրցանակներ, պարգևներ, համերգներ՝ ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի մի շարք երկրներում:

Ալբոմը երեք անգամ վերահրատարակվել է, երգերը ներառվել են դպրոցական դասագրքերում։ Հեղինակն ասում է, որ ալբոմը ստեղծվել է տարիների և նյութի կուտակման արդյունքում, երգերն էլ մի շարք համերգային, էքսպերիմենտալ փորձառությունների միջով են անցել․

«Առաջին երգը գրել եմ 16 տարեկանում, իսկ երբ ի մի բերեցինք և հավաքեցինք, արդեն 36 տարեկան էի։ Ընկերներս հետ նախաձեռնեցինք մեծ էքսպերիմենտ, գնացինք ռիսկի՝ համադրելով ակադեմիական երաժշտության արսենալը, ժողովրդական նվագարանները, ռոք երաժշտության տարրերը։ Ձայանասկավառակում մասնակիցների դիապազոնը շատ մեծ է՝ մանկական երգչախմբից մինչև ակուստիկ ռոք։ Երաժշտական լեզվամտածողության առումով ես մտել էի լուրջ էքսպերիմենտի մեջ», – ասում է Վահան Արծրունին։

Հեղինակն այս CD-ալբոմը հայեցակարգային նախագիծ է անվանում, որտեղ կա կոնցեպտուալ մոտեցում՝ Կոմիտասի բանաստեղծական էությանը՝ արվեստի հնարավոր միջոցներով։ Ալբոմում պատահական ոչ մի էջ և մոտեցում չկա, յուրաքանչյուր էջ կապված է պատմական կամ ստեղծագործական որևէ իրադարձության հետ․ Արտո Չաքմաքչյանի գրաֆիկական աշխատանքները, հարյուրամյա կոմիտասագետ Հակոբ Ասատրյանի կենսագրական տեքստը, տաղանդավոր երաժիշտների մասնակցությունը, որոնցից շատերն այժմ արտերկրում մեծ նվաճումների են հասել։

«CD-ալբոմի մշակույթն այսօր մնացել է անցյալում, հիմա ողջ աշխարհում հենց այս ձևաչափով են հրատարակվում դրանք, մենք 20 տարի առաջ ինտուիտիվ դա արել ենք․ որպես մշակութային երևույթ, որպես կոնցեպտ ու ստեղծագործողի մոտեցման դրսևորում։ Սա հիմա արդեն դարձել է սուվիներ կամ լավ նվեր», – ասում է Վահան Արծրունին։ Փետրվարի 6 –ին Հանրային ռադիոյի 6-րդ ստուդիայում տեղի է ունենալու ալբոմի 20– ամյակին նվիրված համերգ։

Back to top button