ԿարևորՀասարակություն

Ծաղկալանջը սուբվենցիոն ծրագրով ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները այցելել են Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղ՝ գնահատելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքները, hայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և Ծաղկալանջ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Պողոսյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացրել են ավարտված և արդեն շահագործման հանձնված աշխատանքները:


Ծաղկալանջ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում (վերակառուցում) ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 97,225,000 ՀՀ դրամ, որտեղ համայնքի մասնաբաժինը կազմել է 40%՝ 37.776.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 60%-ը՝ 56.664.000 դրամը վճարել է պետությունը։

Ծրագրով Ծաղկալանջ բնակավայրում վերակառուցվել է 1950-ական թվականներին կառուցված 9 կմ երկարությամբ ջրագիծը, որը տարիների ընթացքում շարքից դուրս էր եկել և չէր շահագործվում։

Այսօր ծրագրի իրականացման արդյունքում շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովվել է 322 տնային տնտեսություն։

Back to top button