ԿարևորՀասարակություն

Փորձառությո՞ւն, թե՞ բարետես արտաքին․ ինչ սկզբունքով են աշխատանքի ընդունում Հայաստանում

Աշխատանքային օրենսդրությամբ արգելվում է ցանկացած խտրականություն, այդ թվում՝ տարիքով պայմանավորված։ Արդյոք բոլոր գործատունե՞րն են ենթարկվում աշխատանքային օրենսգրքի  կանոններին։ Դատելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տացած ահազանգերի՝ ոչ բոլորը։

Տեսչությունից տեղեկացնում են, որ մինչ Երևանում բազմաթիվ մասնագետներ, մեծ քանակով պայմանավորված, անգործ են մնում, մարզերում, հնարավոր է՝ այդ մասնագետների կարիքն ունեն,  բայց դիմող չկա։ Եվ մինչ ոլորտի պատասխանատուները ուղիներ են փնտրում մասնագետների բաշխվածությունը  համաչափ դարձնելու ուղղությամբ, գործատուները  շարունակում են կադրեր ընտրել ըստ իրենց հայեցողության։   Տարիքով պայմանավորված աշխատանք չգտնելու մի ահազանգ էլ «Ռադիոլուրն» է ստացել։

Տարիների հարուստ փորձ ունեցող բուժքույրն արդեն 2 տարի է աշխատանք չի կարողանում գտնել։ Մինչև կենսաթոշակի անցնելը դեռ շատ ժամանակ ունի, բայց բազմաթիվ բուժկենտրոնների համար, պարզվում է, արդեն տարիքն այն չէ։

«Դիմել եմ «Աստղիկ», «Արտմեդ», «Շենգավիթ» բժշկական կենտրոններ։ Բոլոր տեղերում նույն պատասխանն եմ ստացել։ Իրենց անհրաժեշտ է մինչև 30 տարեկան, փորձառությունը պարտադիր չէ, չափերը՝ 90.60.90։ Նայում են, որ ավել քաշ չուենաս, գեր չլինես։ Չեմ հասկանում՝ ինչ չափանիշներ են կարևորվում։ Ըստ ինձ՝ սա այն ոլորտն է, որտեղ պետք է փորձառությանը նախապատվություն տալ, հատկապես, որ խոսքը առողջությանն է վերաբերում։ Նաև չեմ հասկանում, թե ինչու պետք է փորձառուն անգործ մնա, եթե թոշակի տարիքի չէ»,-տարակուսում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

50 ամյա բուժքրոջ տարիները անցնում են, և տարիքով պայամանավորված աշխատանք չգտնելու ռիսկն աճում է։ Մինչդեռ, ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակում չի կարող լինել։ Դա ամրագրված է ոչ միայն աշխատանքային օրենսգրքով, այլև  սահմանադրությամբ։

«Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է։  Խտրականություն է նաև տարիքով պայմանավորված ընտրությունը։ Իհարկե, նաև օրենսդրությամբ սահմանված դեպքեր կան, երբ աշխատողը կարող է աշխատանքի ընդունվել մինչև որոշակի տարիք։ Օրինակ ՝ քաղծառայողները կարող են աշխատել մինչև 65 տարին լրանալը։ Բայց ձեր նշած դեպքում տարիքային սահմանափակում չկա, հետևաբար՝ որևէ կազմակերպույթուն, որևէ տնտեսվարող սուբյեկտ տարիքով պայմանավորված չի կարող հրաժարվել աշխատանքի ընդունելուց»,– ասում է Ալվարդ Արշակյանը։

Աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը տեսչական մարմնին է վերապահված։ Այդ հարցի հետ կապված տեսչականը պարբերաբար իրազեկման միջոցառումներ է իրականացնում։

«Ձեր նշած պարագայում մի խնդիր ունենք։ Եթե ձեր զրուցակիցը աշխատանքային հարաբերությունների մեջ լիներ և տարիքով պայմանավորված որևէ սահմանափակում կիրառվեր աշխատողի նկատմամբ, ես խորհուրդ կտայի դիմել տեսչական մարմին։ Թեև քաղաքացին առանց աշխատանքային հարաբերությունների հաստատման էլ կարող է դիմել մեզ, և այդ ժամանակ տեսչական մարմինն արդեն կարող է իր նախաձեռնությամբ վարույթ հարուցել։ Ընդ որում՝ աշխատանքային օրենսգրով էլ ամրագրված է, որ աշխատանքի ընդունման հայտարարություններում ևս արգելվում է խտրականության հատկանիշ պարունակող պահանջ  ներառել»,– պարզաբանում է մասնագետը։

Աշխատանքի ընդունման հայտարարություններում տարիքով պայմանավորված սահմանափակման վերաբերյալ տեսչական մարմնում բազմաթիվ վարչական վարույթներ են հարուցվել։ Տեսչական մարմնի կողմից հայտարարությունները չեղարկելու  վերաբերյալ կարգադրագրեր են տրվել, իսկ գործատուները վարչական պատասխանատվության են ենթարկվել։

«Գործատուն ազատ է՝ ինքն ընտրել իր աշխատողներին, բայց եթե որպես պատճառ տարիքն է նշվում, քաղաքացիներն ահազանգում են։ Մենք բազմաթիվ նման ահազանգեր ենք ստանում։  Հետևողական լինելու համար տեսչական մարմինը կրկին վարչական վարույթ է հարուցում՝ տուգելու արդյոք իր կողմից տրված կարգադրագրի պահանջները կատարվել են, թե՝ ոչ»։

Մինչ Երևանյան բուժհաստատություններում փորձառու բուժքույրերին հրաժարվում են աշխատանքի ընդունել, մարզերում այս մասնագետների մեծ պահանջարկ կա, «Ռադիոլուրին» ասում է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Այլ հարց է, թե որքանով են մասնագետները պատրաստ մարզերում աշխատելու։

«Ցավոք սրտի՝ առողջապահական համակարգում կադրերը կենտրոնացած են մայրաքաղաքում։  Եվ այսօր մենք բժիշկների սուր խնդիր ունենք մարզերում, բուժքույրերի խնդիր ունենք։ Մենք ունենք ամբուլատորիաներ, որտեղ բուժքույրն ու բժիշկը մեծահասակ են, բայց չենք կարողանում այդ գյուղի համար բժիշկ գտնել, որը կգնա այդ հեռավոր գյուղում աշխատելու։ Այդ նպատակով մենք խրախուսական ծրագրեր ենք իրականացնում։ Բոլոր այն ուսանողները, որոնք կհամաձայնեն նպատակային օրդինատուրա սովորել, ավարտելուց հետո իրենց երեք տարով մարզեր ենք ուղեգրում։ Ինչ վերաբերում է բուժքույրերին, այո մարզերում խնդիրներ ունենք, և ես հասկանում եմ, որ տարբեր պատճառներից ելնելով չեն գնում, բայց մենք նմանատիպ նպատակային ծրագրերի մասին ենք մտածում նաև բուժքույերի համար»,-ասում է փոխնախարարը։

Առողջապահության նախարարության կողմից գործարկված մեկ այլ ծրագրով էլ մարզային բուժհաստատությունները պահանջվող մասնագետներով հրատապ կերպով ապահովելն է՝ համեմատաբար հրապուրիչ պայմաններ առաջարկելով, նաև լրացուցիչ աշխատավարձ տրամադրելով։ Թե ինչքանով այդ առաջարկը կընդունեն մասնագետները, կախված է ոչ միայն նրանց սոցիալական վիճակից։

Շատերի համար տարածությունն ավելին արժե, քան բարձր վարձատրությունը։ Մինչ գերատոսչությունում ուղիներ են փնտրում մասնագետների բաշխվածությունը ավելի համաչափ դարձնելու ուղղությամբ, բուժհիմնարկները շարունակում են կադրեր ընտրել՝ նախապատվությունը տալով ավելի երիտասարդներին։

Back to top button