ԿարևորՀասարակություն

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել են ակադեմիական համակարգի բարեփոխումները

Փետրվարի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ակադեմիական համակարգի բարեփոխումներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները։

Նշվել է, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներուժով բազմապրոֆիլ համակարգ է, և պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կներգրավեն այդ ամբողջ ներուժը։ Շեշտվել է, որ, լինելով գիտության և գիտական մշակույթի կրողը, ՀՀ ԳԱԱ-ն պետք է ունենա հավասարակշռված մոտեցում՝ ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության հանդեպ։ «Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ։ Մենք պետք է առաջարկենք ներդրումային և նպատակային ծրագրեր, որոնց մի մասը պետք է լինեն կիրառական բնույթի», — ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից են գիտական արտադրանքի սերտիֆիկացումը, գիտաարտադրական համալիրի ստեղծումը։ Առաջարկվել է ստեղծել ակադեմիական կլաստեր, որը կարող է դառնալ եվրոպական նման համակարգի մաս։ Նշվել է գիտության մենեջերների անհրաժեշտության մասին, որոնք կապահովեն գիտության կապն այլ ոլորտների հետ։ Գիտության և կրթության կապի ամրապնդման նպատակով առաջարկվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը վերածել հետազոտական համալսարանի։

Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին կոչ է արել հանդես գալ հավակնոտ ծրագրերով։ Նա նշել է, որ հարկավոր է երիտասարդացնել ԳԱԱ  ղեկավարությունը, խթանել երիտասարդների ներգրավվածությունն ակադեմիական կառավարման համակարգում։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշել է․ «Մենք պետք է լինենք այն ուղեղային վերլուծական կենտրոնը, որը կառաջարկի մեծ ծրագրեր, որոնք պետք են երկրին և մեզանից յուրաքանչյուրին։ Այդօրինակ ծրագրերն ունեն մեծ մոբիլիզացիոն ներուժ»։

Back to top button