ԿարևորՔաղաքական

Լաչինի հարցը սրում է Հայաստանի ներքաղաքական պայքարը․ լսումներ խորհրդարանում

Իրավական ի՞նչ հիմքեր կան փոխելու Արցախի կարգավիճակին առնչվող բանակցությունների ընթացքն ու կանխելու Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու հեռանկարը։ Հարցերը քննարկվել են «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։ Ընդդիմադիր ուժերը խորհրդարանին առաջարկել էին ընդունել իրենց մշակած հայտարարության տեքստը, մերժումից հետո այդ տեքստի շուրջ մասնագիտական քննարկումներ են կազմակերպել, ապա՝ լսումներ հրավիրել։    

Հայաստանը հնարավորություն ունի շրջադարձային փոփոխություն մտցնել արցախյան հակամարտության` այս պահին ոչ հայանպաստ ընթացքում՝  Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։ Նա առաջարկում է Ադրբեջանին հակազդել հենց իր լեզվով։ Խոսքը ոչ թե ռազմական սպառնալիքների, այլ իրավական փաթեթի մասին է։

«Եվրոպան ընդունել է մի քանի փաստաթղթեր, որտեղ ճանաչել է ԼՂ ժողովրդի պայքարի արդարացի լինելը և այն, որ ԼՂՀ–ն կայացել է նույն հիմքերի վրա, ինչ հիմքերով կայացել են մյուս հանրապետությունները։ Միացյալ նահանգները 1989 թվականի նոյեմբերի 19–ին Կոնգրեսի ընդունած որոշմամբ հորդորել է Գորբաչովին գտնել այնպիսի լուծում, որը կհամապատասխանի ԼՂ ժողովրդի հայացքներին։ Այսինքն՝ այդ բոլոր փաստաթղթերը կան»։

Ավագ սերնդի մասնագետների վկայակոչած պատմական փաստերից բացի նոր սերնդի վերլուծաբանները մատնանշում են նոր զարգացումներ, որոնք կարող են օգտագործվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայքարի համար։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Արցախի շրջափակումը և հարցի միջազգայնացումը այդ հնարավորություններից են։

«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց մի կարևոր բան, որ մեր միջազգային գործընկերների համար ընկալելի է, որ Արցախը կարող է ունենալ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս, որովհետև Ադրբեջանի կազմում օբյեկտիվորեն առկա է էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ։ Այսինքն՝ խնդիր է ի հայտ գալիս Արցախի սուբյեկտայնության։ Բայց ինչպե՞ս մենք կարող ենք խոսել Արցախի սուբյեկտայնության մասին միջազգային հարաբերությունների տրամաբանության շրջանակում, երբ նույնիսկ ներհայկական գործընթացներում Արցախը սուբյեկտային չէ»։

Մասնագետների կարծիքով՝ խիստ անհրաժեշտ է, որ քննարկումների ընթացքում առաջարկված լուծումները հավաքվեն մեկ մեծ փաստաթղթում, որը հնարավոր կլինի օգտագործել միջազգային շփումներում։

Լաչինի միջանցքի արգելափակման հարցով  ընդդիմության նախաձեռնած լսումները մասնագիտական քննարկումներից զատ նաև  քաղաքական հստակ շեշտադրումներ ունեին։ Հիմնական ասելիքը, ըստ էության,  ձևակերպեց Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Անհրաժեշտ է համախմբվել և հասնել իշխանափոխության, որից հետո միայն ցանկացած լուծում կարելի կլինի կյանքի կոչել ի շահ և ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի»։

Խորհրդարանական մեծամասնությունից լսումներին մասնակցող միակ պատգամավորի՝ Գուրգեն Արսենյանի արձագանքը այս և համանման թեզերին թեժացրեց քննարկումների մթնոլորտը։

«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն, լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղում։ Աջռաջնայնությունները ճիշտ դնենք։ Ձեզ թվում է, որ դուք տրիբունալի մասնակից եք հա՞։ Մինչև հիմա դուք խոսում էիք Հայաստանի ժողովրդի ընդտրության սխալ լինելու մասին։ Առաջարկ չունեք Հայաստանի բնակիչներին։ Ձեզ տեղեկացնեմ հետևյալը՝ Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ։ Մոռացեք դա։ Հայաստանում իշխանության կարող եք գալ և Հայաստանի քաղաքականությունը որոշեք միայն այն դեպքում, եթե Հայաստանի ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը։ Միակ ձևն է, ավարտվել է մնացած բոլոր սցենարները։ Ձեր գործունեությունը ուղղեք Հայաստանի պետական շահերի սպասարկմանը։ Այն նպատակները, որ դուք փորձում եք սպասարկել բերելու եք նոր պատերազմի»։  

Դահլիճից դուրս հեռարձակման միջոցով լսումներին հետևող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրառմամբ է անդրադարձել քննարկումներին․   

Լաչինի միջանցքի խնդրին նվիրված քննարկման հիմքում ընդդիմության հայտարարության տեքստն էր, որ «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել դեկտեմբերի 12–ից հետո։ Այն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը չհամաձայնեց ընդդիմադիրների առաջարկած տեքստին, գրեց սեփական տեքստը և ընդունեց հայտարարության այդ տարբերակը, որը ընդդիմադիրները գնահատեցին «անատամ»։ Այժմ ընդդիմադիրները մտադիր են իրենց հայտարարության հիման վրա պատրաստել հայտարարության մեկ այլ նախագիծ, որն առաջիկայում կրկին շրջանառության մեջ կդնեն ԱԺ–ում։  

Back to top button