ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետարանում ընդունել են Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը:

2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն աջակցություն ցուցաբերել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի» զարգացման ծրագրերին: Փաստաթուղթը հնարավորություն էր տալու նաև բարելավել կենտրոնի շենքային պայմաններն ու ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների՝ ստանալու ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ:

Լևոն Հովհաննիսյանը, ով նաև ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ընդգծել է, որ քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ պատրաստ է լիազորությունների չափով նպաստել համատեղ նախաձեռնությունների իրագործմանը:

Ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան:

Հյուրերը, որոնց թվում են նաև ճարտարապետ և ինժեներ, ներկայացրել են կենտրոնում սպասվող բարեփոխումները, մասնավորապես, մասնագիտական նոր լաբորատորիայի նախագիծը: Կթարմացվի նաև կրթօջախի նյութատեխնիկակական հենքը:

Back to top button