ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ի առաջարկը, ԵՄ դիտորդների ռիսկերը. Լավրովի հայտարարության հետքերով

ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների դիմումը` կապված Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների իրավական հիմքերի հետ։ Թեման նախօրեին արծարծվել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հարցազրույցում, որում հնչած մի շարք հայտարարություններ միանշանակ չընդունվեին ինչպես հայ հանրության, այնպես էլ փորձագետների կողմից։

Լավրովը նաև բացասական համատեքստով էր խոսել Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ։ Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ ԵՄ դիտորդական առաքելությունը լրացուցիչ անվտանգային հնարավորություններ ապահովող գործոն է, հետևաբար այն չի կարող ռիսկեր առաջացնել։

ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների իրականացումը կարգավորվում է կազմակերպության 2007 թ-ի հոկտեմբերի 6-ի Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի 3-րդ հոդվածով։ Ըստ այդմ՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքում խաղաղապահ գործունեության մասին որոշումը կայացնում է կազմակերպության Կոլեկտիվ Անվտանգության Խորհուրդը՝ հիմնվելով տվյալ պետության կողմից պաշտոնական դիմումի վրա, անմիջապես տեղյակ պահելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Իսկ Կազմակերպության անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման մասին որոշումը կայացվում է ՄԱԿ ԱԽ որոշման հիման վրա։

Այդ դրույթի վերաբերյալ կազմակերպության քարտուղարությունը որոշ պարզաբանումներ է տվել.

Մեջբերում․ «Ներկայումս վավերացման գործընթացի մեջ է վերոնշյալ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2021 թ-ի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը, որը սահմանում է խաղաղապահ գործունեության ոլորտում ՀԱՊԿ անունից ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը կոորդինացնող պետության սահմանման հերթականությունը»։

ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կիրառման իրավական հիմքերի փոփոխության մասին առաջարկներ լինելու դեպքում դրանք համաձայնեցվելու են անդամ պետությունների հետ՝ նշվում է ՀԱՊԿ Քարտուղարության հաղորդագրությունում։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման համակարգումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ չափազանցված պահանջ է համարում։

Նախօրեի ասուլիսում նա կարծիք էր հայտնել, որ դրա համար կազմակերպության անդամ երկրներից մեկի օրինական կառավարության խնդրանքը լիովին բավարար է, ինչպես դա եղավ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանը փոփոխություններ է նախապատրաստում, որոնք թույլ կտան խաղաղապահ ուժեր տեղակայել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության: Նրա խոսքով՝ այդ նորամուծությունը կբարձրացնի ՀԱՊԿ-ի արդյունավետությունը։

Այս նախաձեռնության խորքում «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը մանիպուլյացիայի տարրեր է տեսնում։

 «Պարոն Լավրովը, իհարկե, մանիպուլիացիա է անում, այն իմաստով, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրը և մյուս այն 9 պայմանագրերը, որ մենք ունենք ռազմավարական համագործակցության տարբեր ոլորտներում՝ ՀՕՊ-ից սկսած, մինչև համատեղ զորքեր, բազայի պայմանագիր և այլն, այնտեղ բավականին հստակ գրված է՝ ինչ պարտավորություններ ունի Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ, որպես դաշնակցի։ Այնտեղ գրված չէ, որ միակ պարտավորությունը մոնիտորինգ անցկացնելն է»,-ասում է Խուրշուդյանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցում նաև շեշտել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է և, եթե Երևանը շահագրգռված է, առաքելությունը կարող է ուղարկվել մեկ կամ երկու օրվա ընթացքում։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել էր, որ Երևանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելուն։ Համաձայնեցվել է դրա աշխատանքի չափորոշիչների մասին փաստաթուղթը, սակայն, ի վերջո, այն չի ընդունվել Հայաստանի իշխանությունների դիրքորոշման պատճառով։ Երևանը կոչ է արել կոշտ գնահատական տալ ու դատապարտել Բաքվի գործողությունները։

 «Մանր վրիժառություն՝ այսպիսի բան եմ տեսնում այստեղ։ Որևէ բան անելու անկարողություն, մանավանդ՝ Արցախի հումանիտար աղետի մոտեցող պատասխանատվության բեռը գնալով ավելի է ծանրանում իրենց վրա։ Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը արդեն բաց տեքստով մեղադրում է ռուս խաղաղապահներին, որ առնվազն չեն կատարում իրենց պարտականություները»,-իր տեսակետն այս հարցում այսպես է երկայացնում «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը։ 

«Վերելք» վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Հայկ Խլղաթյանն էլ նկատում է, որ Լավրովի հայտարարությունները հանկարծակի չեղան։

«Մենք տեսնում ենք հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ, և դա ոչ միայն ռուսական կողմի պատճառով է։ Հայաստանը բերում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից դիտորդներ, ՀԱՊԿ զորավարժություններից է հրաժարվում, Մոսկվա չի գնում։ Շատ անտրամաբանական է, որովհետև դու կարող ես գնալ ու քո կարծիքն այնտեղ ասել։ Եթե դու Լյուքսեմբուրգի կամ Նիդեռլանդների հետ քննարկում ես, ասենք, ճանապարհի ապաշրջափակումը, ապա ինչու՞ չքննարկել այն երկրների հետ, որոնք կարող են այդ ճանապարհը բացել, երբ նույնիսկ դու ես դա ասում»,-տարակուսում է վերլուծաբանը։

Լավրովը նաև ասել էր, որ հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ քաղաքացիական դիտորդների երկարաժամկետ առաքելություն տեղակայելու շուրջ։ Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ առանց Ադրբեջանի համաձայնության եվրոպացի դիտորդների հայտնվելը սահմաններին վստահության ամրապնդման փոխարեն կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել։

Սակայն հայ փորձագետներից ոմանք կարծում են, որ ԵՄ դիտորդները ոչ միայն ռիսկեր չեն ստեղծում, այլ՝ հակառակը, այն վտանգներ հաղթահարելու լավագույն միջոցն է։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի համոզմամբ նույնպես՝ ԵՄ դիտորդների երկարաժամկետ տեղակայումը հենց ռիսկերի նվազեցման գործոն է.  

 «Եվրոպական դիտորդները, համոզված եմ, որ շատ օգտակար են տարածաշրջանում։ Ընդ որում՝ սա միակ հարցն է, որտեղ կոնսենսուսի են գալիս թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն։ Այդ սեղանի շուրջ կարող են նստել  այդ երեք դերակատարները և զրուցել, կոնկրետ՝ Արցախի հիմնախնդրի և Հայաստանի անվտանգային հարցերի մասով։ Զրույցելու այլ հպման կետեր, կարծես թե, չկան։ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ մեկ սեղանի շուրջ  կնստի Հայաստանի հարցով։ Նրանք այդ պատրաստակամությունը հայտնել են։ Ռուսաստանի հետ կումունիակացիայի մնացած ճանապարհները փակ են»,-ասում է քաղաքագետը։ 

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու հարցը՝ երկրի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։  Առաքելության մանդատը տրվել է երկու տարով։

Back to top button