ԿարևորՀասարակություն

6-րդ ՄԻՊ-ին սպասելով․ ով ինչպե՞ս եկավ ու ինչու՞ գնաց

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո ԱԺ-ը նոր օմբուդսմեն պետք է ընտրի։ Գրիգորյանը, որպես հրաժարականի պատճառ, նշել է նոր աշխատանքի առաջարկը, սակայն դեռևս չի հստակեցրել, թե  ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Մինչ հայտնի կդառնա նոր թեկնածուի անունը, առաջարկում ենք վերհիշել՝ ինչ ճանապարհ է անցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ստեղծման պահից, ովքեր են ստանձնել օմբուդսմենի առաքելությունը, ինչով են հիշվել ու  ինչու են 5 պաշտպաններից 4-ը նախատեսվածից ավելի շուտ ավարտել պաշտոնավարումը։

2022 թվականի հունվարի 24-ին Քրիստինե Գրիգորյանը նշանակվեց Մարդու իրավունքների պաշտպան։ Մեկ տարի անց նույն օրը նա վերահաստատեց հրաժարականի իր դիմումը․ Հայաստանի պատմության մեջ ամենակարճը պաշտոնավատրած Պաշտպանը հեռանում է՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ։

Քրիստինե Գրիգորյանը Հայաստանի 5-րդ ՄԻՊ-ն էր և 4-րդը, որ անավարտ թողեց մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը։ Այս՝ արդեն «ավանդական» պրակտիկան սկսվել է կառույցի պատմության սկզբից։

***

Լարիսա Ալավերդյան Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան։ Պաշտոնավարեց 2 տարի՝ 2004-2006 թվականներին։

Լարիսա Ալավերդյանը ծնվել, մեծացել, կրթություն ստացել է Բաքվում։ 1968-ին տեղափոխվել է Երևան, զբաղվել գիտահետազոտական աշխատանքով։ 2004-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել է Հայաստանում նոր ստեղծվող Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Տարիներ անց Ալավերդյանը խոստովանել է, որ հենց Քոչարյանի թիմի ճնշումներով էլ հրաժարվել է այդ պաշտոնից։ Դրա մասին խոսել է 2016-ին տված հարցազրույցներից մեկում։

«Այո, և հրաժարական տալու առաջարկությունը շատ բարձր մակարդակից էր։ Քոչարյանը խռով էր ինձ հետ, ես կարծում եմ՝ մինչև հիմա խռով է։ Ասել եմ ոչ, ես հրաժարական չեմ տա։ Ես ասել եմ, հրաժարական պիտի տա նա, ով սխալ է»։

Ալավեդյանի խոսքով՝ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են եղել 2004 թվականի հոկտեմբերի վերջից՝ Հյուսիսային պողոտայի խնդրահարույց հարցին անդրադառնալուց հետո։ Պաշտպանն այդ ժամանակ գրություններ էր ուղարկել ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, Վճռաբել դատարան նախագահին՝  նշելով Հյուսիսային պողոտայի ծրագիրն իրագործելիս թույլ տրված սահմանադրական և օրենսդրական խախտումները։

Օբուդսմենը ԱԺ-ում հասցրել է ներկայացնել միայն մեկ զեկույց։ Նրա խոսքով՝ այն ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարայանն ասել է՝ 2005 թվականի գործունեության հաշվետվությունը պետք է ներկայացնի մարդու իրավունքների արդեն նոր պաշտպանը։ Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալավերդյանը նշել էր, որ խնդիրը զեկույցում ներառված կետերն են․

«Վերնախավը վախենում է այդ զեկույցի բոլոր կետերից: Աշխարհընկալման մի մակարդակ է պետք, որ հասկացվի՝ այդ զեկույցը և զեկուցողը գալիս են օգնելու թե’ մարդուն, թե’ պետությանը և թե’ երկրի զարգացմանը: Իսկ մեզանում կա հնաոճ մոտեցումը, որ միայն գովասանքով է փառաբանվում երկիրը, և դու պետք է միայն փառաբանես: Իսկ մարդու իրավունքների պաշտպանին օրենքը թույլ չի տալիս դա անել»

Ալավերդյանը պաշտոնավարումից հետո եղել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, այժմ էլ ղեկավարում է 1991-ին հիմնած «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն։

***

Արմեն Հարությունյան։ Աշխատեց 5 տարի՝ 2006-2011 թվականներին։ Հրաժարական տվեց պաշտոնավարման ավարտից մի քանի ամիս առաջ։

Արմեն Հարությունյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցան 2008-ի մարտի 1-ի հայտնի իրադարձությունները։ Հարությունյանը քննադատեց իշխանությանը՝ անհամաչափ գործողություններ իրականացնելու համար, իշխանությունը՝ Հարությունյանին՝ իրավիճակին չտիրապետելու համար։ Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 5-ի մամուլի ասուլիսում հնչեցրեց հայտնի ձևակերպումը՝ Հարությունյանն իր «ամենաանհաջող կադրն» է։

Վերջինը շարունակեց աշխատել մինչև առավել գրավիչ աշխատանքի առաջարկ ստանալը։ Նրան առաջարկել էին դառնալ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը․

 «Ես ոչ թե չեմ ուզում լինել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, այլ ուզում եմ աշխատել այլ պաշտոնում, դա ուզենալու հետ կապ չունի։ Նման պաշտոնից հրաժարվելը կլիներ… պաթոլոգիա, քանի որ այդպիսի պաշտոնի հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում»:

Տարիներ անց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր ընտրվելուց հետո նույնպես Հարությունյանը չպատասխանեց Քոչարյանի՝ իրեն տված գնահատականի վերաբերյալ լրագրողների հարցերին․

-Դուք համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի այդ գնահատականի հետ։
-Ինձ տենց հարցեր մի տվեք, երեխեք ջան, եկեք փոխադարձ հարգանք ունենք, դուք ինձ քաղաքական հարցեր եք տալիս, որոնք հետագայում կարող է օգտագործվել իմ դեմ ՄԻԵԴ-ում։ Դա ձեզ ձեռ է տալի՞ս։

***

Կարեն Անդրեասյան՝ պաշտոնավարել է 5 տարի՝ 2011-ից 2016 թվականը։

Պաշտոնավարման 50-րդ օրը լրագրողները Անդրեասյանին հարցրին՝ չի՞ վախենում արդյոք նա էլ Սերժ Սարգսյանի «ամենաանհաջող կադրը լինել»։ Ի պատասխան ասաց, որ իրեն առաջադրել է ոչ թե Սարգսյանը, այլ ԱԺ-ն, և կոալիցիան գուցե մի օր իրեն հենց այդպես էլ գնահատի։

Կանխատեսումն իրականություն դարձավ, երբ ՄԻՊ-ը ներկայացրեց իր հերթական զեկույցը՝ Հայաստանի դատաիրավական համակարգի մասին։ Զեկույցում նշված էին դատական տարբեր ատյաններում կաշառքի սակագները։ Նկարագրված էին նաև կաշառքը տեղ հասցնելու մեխանիզմները, դատավորների վրա ճնշումներ գործադրելու սխեմաները։ ԱԺ-ին զեկույցը դուր չեկավ։ 6–րդ գումարման խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան․

«500 էջ՝ ամբոջղության մեջ, խոշոր հաշվով, ջործեծոցի։ Եվ մենք այնպիսի զարմանահրաշ ձևակերպումներ ենք հանդիմում  ՄԻՊ տարեկան զեկույցում, որ եթե Երվանդ Օտյանը, Պարոնյանը նախախնամության կամքով տեղեկանային, մեր երգիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար։»

Անդրեասյանը բազմիցս նշել է, որ այդ զեկույցից հետո տարբեր  ճնշումների է ենթարկվել։ Տարիներ անց հարցազրույցներից մեկում ինքնաքննադատաբար է խոսել իր պաշտոնավարման մասին, բայց նաև խոստովանել՝ վախեցել է իր ընտանիքին ու իրեն ուղղված սպառնալիքներից․

— Դուք էլ, երբ ՄԻՊ էիք, շատ կտրուկ, շատ կոշտ հայտարարություններով հանդես չէիք գալիս, ավելի մեղմ ձևակերպումներ ունեիք։
-Ճիշտ եք ասում, ես շատ վատն եմ եղել որպես ՄԻՊ և ես գնահատում եմ ինքս ինձ իսկապես շատ թերի և շատ սխալներ եմ արել և մեղաչում եմ դրանց համար, և ներողություն եմ խնդրել շատ հաճախ եթերներից, խոսակցություններիկ ժամանակ։
-Իսկ ի՞նչն էր պատճառը
-Ունեցել եմ վախեր, եղել են մարդիկ, որոնք վախեցել են, ահաբեկել են իմ ընտանիքին, ինձ։ Այո, եղել են ճնշումներ, եղել է այնպիսի մի իրավիճակ, որ ես եղել եմ զգուշավոր պաշտպան։ Անկեղծ ասեմ, եթե ես սկսեմ մանրամասներ պատմել տարբեր ահաբեկումներից, տարբեր կուսակցություններից, տարբեր քաղաքական գործիչներից, կարծում եմ այս պետականության իմիջը չասեմ, բայց հենասյուները կարող են թեթև շարժեր ունենալ։

ԱԺ-ում՝ Կարեն Անդրեասյանի մասին հնչեցված դժգոհությունները շարունակվեցին նաև նրա հրաժարականից հետո՝ բայց արդեն առանց բացատրության հրաժարական տալու պատճառով։ Ռուբիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից առաջարկեց ՄԻՊ-ի երդման տեքստում ավելացնել նաև «երդվում եմ հրաժարական չտալ» արտահայտությունը»․

«ՄԻՊ-ը, եթե ստանձնում է այդ պարտավորությունները, պետք է հասկանա, որ դա սովորական պաշտոն չի։ Նա 99 տոկոսով պետք է ճակատ տա օրվա իշխանության հետ, պետք է հասկանա, որ ինքը մտնում է մի տեղ, որտեղ շատ դժվար է»,- ասաց Հակոբյանը։

***

Արման Թաթոյան։ Միակը, որ շարունակեց պաշտպանել մարդու իրավունքները մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Առաջին ՄԻՊ-ը պաշտոնավարեց Հյուսիսային պողոտայի կառուցման շրջանում, երկրորդը՝ մարտի 1-ի, երրորդի «խնդիրը» դատաիրավական համակարգն էր, իսկ 4-րդին՝ Արման Թաթոյանին, բաժին էր հասել 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը։ Այս շրջանում հատկապես սրվեցին իշխանություն-ՄԻՊ հարաբերություննները։

Բայց ԱԺ-ՄԻՊ հարաբերությունները պատերազմից առաջ ևս լարված էին։Իշխանական պատգամավորները նշում էին , որ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հնչեցված բռնության կոչերին ՄԻՊ-ը պատշաճ չի արձագանքում։

-Ես ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերը եկավ ու վիրավորական տե՞քստ հնչեցրեց: Ես ձեզ  խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում։
-Պարոն Վաղարշակ Հակոբյան, Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները։

Թաթոյանը ևս նշել է, որ սպառնալիքներ է ստացել, սակայն դրանց չի տրվել և շարունակել է իր գործունեությունը մինչև ժամկետի ավարտը։ Սա որպես օմբուդսմենի ինստիտուտի պատմության  բացառիկ փաստ արձանագրել է նաև  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունենք մի աննախադեպ երևույթ․ առաջին անգամ ՀՀ–ում ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր պաշտոնավարման ժամկետի վերջին օրը։ Նախկինում բոլորը իրենց մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել և սա կարևոր արձանագրում է՝ սրանից բխող ակնհայտ և ոչ այնքան ակնհայտ հետևություններով»։

***

Քրիստինե Գրիգորյան Հայաստանի մարդու իրավունքների ամենակարճաժամկետ պաշտպանը

Քրիստինե Գրիգորյանը 2022-ին օմբուդսմեն է դարձել արդարադատության փոխնախարարի պաշտոնը թողնելով։ Նրա պաշտոնավարումը համընկավ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման, Լաչինի միջանցքի շրջափակման հետ։

Նա միակ ՄԻՊ-ն է, որը երբևէ չի խոսել քաղաքական որևէ ճնշման մասին։

Back to top button