Դպրություն

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին կբացահայտեն և կուղղորդեն․ «Դպրություն»

Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում որոշակի թվով երեխաներ հանրակրթության տարբեր մակարդակներում դուրս են մնում կրթությունից։

Նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն փաստը, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար, կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման գործուն համակարգ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը։ Նախորդը հաստատվել էր 2021թ․-ին։ Ինչո՞ւ առաջացավ կարգի նոր նախագծի կարիքը, ի՞նչ փոփոխություն է նախատեսվում։

Արսեն Բաղդասարյան

«Նախկին կարգավորմամբ մենք ունեինք մեկ հասկացություն՝ նախատսված էր, որ այն երեխան, որն անընդմեջ 6 օր կամ 1 ամսվա ընթացքում 10 աշխատանքային օր չի հաճախում դպրոց, համարվում է կրթությունից դուրս մնացած անձ։ Վիճակագրական տվյալներով բավականին մեծ էր այս անձանց թիվը։ Այստեղ անճշտությունների թիվն էր բավականին շատ։ Եվ այս իսկ պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում կատարվեց փոփոխություն։ Նախատեսվեց 2 հասկացություն՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխա», – ասում է ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։

Սուրեն Ավետիսյան

«Կրթության տեսչական մարմինը, ինչպես հանրակրթության բնագավառի մյուս իրավական ակտերի, այնպես էլ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի պահպանման վերաբերյալ իրականացնում է վերահսկողություն։ Թերացումներ արձանագրվելու դեպքում կազմվում է ակտ և այդ մասին տեղեկացվում է համապատասխան մարմիններին։ Ուսումնական հաստատությունը այն հիմնական օղակն է, որ պարտավոր է կրթությունից դուրս մնացած երեխաների հանդեպ հետևողական լինել և համապատասխան միջոցներ ձեռնարկել», – ասում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը։

Էդգար Պետրոսյան

«Ոստիկանության գործառույթը առաջանում է այն դեպքերում, երբ կա իրավախախտում կամ հանցագործություն։ Այսինքն, պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստը դեռևս չի վկայում հանցագործության կամ իրավախախտման կատարված լինելու փաստի մասին։
Օրինակ՝ նախագծով հստակեցվել և ամրագրվել է ոստիկանության նվազագույն միջամտության միջազգային սկզբունքը։ Դա ենթադրում է, որ պատասխանատու կառույցները, ովքեր իրենց աշխատանքները պետք է կատարեն նախնական փուլում, այսինքն հիմնական պատասխանատուները, կատարում են իրենց գործառույթը։ Այստեղ մենք գործ ունենք պետական ռեսուրսների ճիշտ կառավարման հետ և ոստիկանությունը պետք է ներգրավվի այն փուլում, որ փուլում, որ պատասխանատու կառույցները կհամարեն դա անհրաժեշտ», – ասում է ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ինքը և՝ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը։

Back to top button