15 րոպեն քիչ է

Շուրջ 1200 երգ՝ աշուղ Ջիվանուց․ «15 րոպեն քիչ է»

Նա ծնվել է 1846 թվականին՝ Ռուսական կայսրության կազմում գտնվող Ջավախքի Կարծախ գյուղում՝ Գասպար Բենկոյենցի ընտանիքում։ Նրա ծնողները ռուս-թուրքական պատերազմի պատճառով Բասենից գաղթել էին Կարծախ։

Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում և տեղափոխվում է հարևան Դադեշ գյուղ։ Իր երկու եղբայրների՝ Քերոբի ու Փիլիպոսի հետ, նրանք զրկվում են մայրական խնամքից։ Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ նա հետագայում գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։

Ուսման, երգի ու երաժշտության հանդեպ սերը նրա մեջ արթնանում է վաղ հասակից։ Նրա ընկեր Ավետիս Պողոսյանը պատմել է. «Մի խումբ պատանիներ Խոզապին լճի ափին անասուններ էինք արածեցնում։ Մեզ հետ էր նաև Սերոբը։ Նա հազվադեպ էր մասնակցում մեր ընկերական խաղերին, շարունակ առանձնանում էր, ցածր ձայնով երգում և հետն էլ ճիպոտի վրա «նվագում»։ Մի օր էլ տեսնենք սա իր հետ բերել է տախտակի մի կտոր և ձիու պոչից քաշած մազ։

— Ինչի՞ համար են դրանք,- հարցնում ենք նրան։

Սա թե՝ սազ եմ շինելու։ Երբ մենք սովորականի պես սկսեցինք մեր խաղը, Սերոբը առանձնացավ։ Կեսօրին տեսնենք «սազը» պատրաստ է։ Նա երգում էր հորեղբայր Մարտիրոսից սովորած մի երգ ու հետն էլ խփում «սազի լարերին»։ Ավա՜ղ, մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին»։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել՝ Սերոբ Լևոնյանի կամ բոլորին հայտնի աշուղ Ջիվանու մասին։

Back to top button