ԿարևորՀասարակություն

Մինչև 2027–ն առողջապահական ապահովագրության ամբողջական ծածկույթ կունենանք. ԱՆ

Այս տարվանից Հայաստանում մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրության նախապատրաստական փուլը։ Կառավարությունը հաստատել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Գործադիրը նախատեսում է 2024թ.-ից ներդնել համակարգը, ինչը նշանակում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամեն ամիս որոշակի գումար կհատկացնեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ համակարգի ներդրումը ոլորտի ամենակարևոր համակարգային բարեփոխումն է։

Ֆինանսական  և այլ խնդիրների պատճառով հաճախ ժամանակին չենք դիմում բժիշկի, չենք կանխարգելում հիվանդությունը կամ գոնե ժամանակին բուժում ստանում։ Դիմում ենք բժիշկներին, երբ դանակն արդեն ոսկորին է հասել։ Իսկ այդ դեպքում սովորաբար բուժումն ավելի ծախսատար  է և պակաս արդյունավետ։

Ըստ վիճակագրական տվյալների՝ ֆինանսական պատճառներով բժշկի չի հաճախում ոչ աղքատ բնակչության 13, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը։

Նաև այս տվյալներով է գործադիրը հիմնավորում  առողջության համապարփակ ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ խոսքը Կառավարության ծրագրով ամրագրված  ամենակարևոր համակարգային բարեփոխումներից  մեկի մասին է։

«Տասնյակ տարիներ առողջության պահպանման և վերականգման ծառայությունների հասանելիությունը ապահովող նման համակարգի ներդրման մասին մշտապես խոսվել է, սակայն գործնական քայլերն անընդհատ հետաձգվել են ավելի լավ ժամանակների ակնկալիքով։ Մոտ երկու տարի աշխատել ենք Հայաստանի համար հնարավորինս օպտիմալ և իրատեսական ապահովագրական համակարգի մոդել մշակելու համար։ Համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նախ և առաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից»։

Պարտադիր ապահովագրական համակարգը կներդրվի փուլերով: Համակարգի ներդրումով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար բուժծառայությունների մեծ մասն անվճար կդառնա։ Նախապատրաստական փուլը կմեկնարկի 2023 թվականից։

«2023 թվականին կունենանք ծառայությունների փաթեթը, որն արդեն իսկ մշակվել է, կհաստատվեն փաթեթի գները։ Դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենանք հաստատուն ծառայությունների արժեք և, իհարկե, կորոշվեն պետության կողմից համաֆինանսավորման չափերը։ 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում բոլոր շահառուները կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ։ 2024 թվականին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ամրագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել նաև այլ ցանկացողներին»։

2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակառուները որպես ևս մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ։ 2027 թվականին արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջական  ծածկույթ ողջ բնակչության համար, նկատեց նախարարը։ Քննարկվել է նաև աշխատող և չաշխատող քաղաքացիների պարտադիր ապահովագրության կարգը։ Չաշխատող քաղաքացիները որոշակի սուբսիդավորում կստանան պետությունից, իսկ սոցիալական խմբերն ամբողջությամբ պետության հոգածության տակ կլինեն։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք–Նուբարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հույս է հայտնում, որ համակարգի ներդրումը  վերջապես առողջությանը հետևելու մշակույթ կձևավորվի․

«Մեր հասարակության շրջանում առողջության համար վճարումները շատ ծանր ազդեցություն են ունենում, և դրա մասին են վկայում փաստերը։ Փետրվարին հետազոտություն պատվիրվեց, որը ապացուցեց, որ մեր քաղաքացիները ¼- ը առողջապահական ծախսերը վճարելու պատճառով հայտնվում է շատ ծանր սոցիալական վիճակում։ Թե ինչքանով է պատրաստ մեր հասարակությունը, այստեղ մենք խնդիրներ ունենք։ Նույն հետազոտության արդյունքներով ՝ մեր հասարակության 70 տոկոսը լավ չի պատկերացնում՝ ինչի համար է սա անհրաժեշտ։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ սա ոչ թե իրենցից լրացուցիչ գումար պոկելու միջոց է, այլ հնարավորություն է օգնելու, խուսափելու առողջապահական ծախսերի հետևանքով առաջացած խնդիրներից»։

Համակարգի ներդրմամբ ֆինանսական խնդիրներն այլևս խոչընդոտ չեն լինի՝ հավաստիացնում է զրուցակիցս։ Եվրոպական երկրներում այս մշակույթը տասնամյակների հաջող պատմություն ունի։ Մյուս կողմից էլ՝ նույն եվրոպական երկրներում այլ է եկամուտների մակարդակը։

Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծում  է, որ այս գործընթացին պետք է ներգրավել նաև գործատուներին, քանի որ աշխատակիցը նրա համար եկամուտ է գեներացնում։ Գործատուն էլ իր հերթին պետք է շահագրգռված լինի, որ աշխատողներն առողջ լինեն։  Նախարարությունը խոստանում է դիտարկել ու քննարկել նաև այս տարբերակը։

Back to top button