ԿարևորՔաղաքական

Հայատյաց թռուցիկների տարածումը թուրքական ձեռագիր էքաղաքագետ

Վերջին շրջանում ուշադրություն են գրավում կրկնվող հակահայկական բովանդակությամբ թռուցիկները։ Նախ՝ հայերի դեմ ատելություն տարածող գրություններ հայտնվեցին Իսրայելում, հետո՝ նաև Միացյալ Նահանգներում։ Վերլուծաբանները դրանում թուրքական հետք է են տեսնում։ Ասում են նաև, որ հակահայ քարոզը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում հայկական դիրքերի թուլացմամբ։ Ոմանք էլ կատարվածը դիտարկում են գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։

Վերջին 20 օրում հակահայկականություն տարածող գրություններ հայտնվեցին Իսրայելում ու Միացյալ նահանգներում։ «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից» այս բովանդակությամբ ատելություն քարոզող թռուցիկներ էին օրերս փակցվել Բևեռլի Հիլզի լուսասյուներին։ Երկու տասնյակի հասնող թռուցիկների բովանդակությունը հիմք է տալիս ենթադրել, որ դրանում կարող են ներգրավված լինել Հայաստանին ոչ բարեկամ երկրները։ Ուշադրության է արժանի այն, որ թռուցիկները հայտնվել են այնտեղ, որտեղ հայ ցուցարարները երթ են իրականացրել ընդդեմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման։ Բևեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն սոցիալական ցանցերում անմիջապես դատապարտել է հայերի դեմ ատելություն քարոզող թռուցիկների տարածումը։

 «Ատելությունը տեղ չունի Բևեռլի Հիլզում կամ որևէ այլ վայրում: Ես միշտ մերժելու և դեմ եմ արտահայտվելու դրան», — գրել է քաղաքապետը Ֆեյսբուքում։

Քաղաքի ոստիկանությունն ուսումնասիրում է տարածքի հսկող տեսախցիկների տեսագրությունները, պարզելու, թե ովքերն են եղել թռուցիկ տարածողները։ Կատարվածը դատապարտել է նաև հայկական մեծ համայնք ունեցող Ուեսթ Հոլիվուդի քաղաքապետ Սեպի Շայնը:

«Ատելության աճը վկայում է ժողովրդավարության համար լուրջ սպառնալիքի մասին, և մենք բոլորս պետք է շարունակենք խոսել  հանուն սիրո և ընդդեմ ատելության», — գրել է նա Թվիթերում:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածում թուրքական ձեռագիր է տեսնում․ «Սա տիպիկ թուրքական ձեռագիր է, որը սիստեմատիկ իրականացնում են թուրքերն ու ադրբեջանցիները։ ԱՄՆ Էրդողանի այցի ժամանակ էլ թիկնապահները հարձակվեցին հայերի ու քրդերի վրա։ Երևույթը նոր չէ։ Թիկունքում թուրքերն են։ Ադրբեջանցիներն էլ Ռուսաստանի հարավում են հայերի դեմ գրոհներ  ձեռնարկելու համար մարդիկ վարձում»։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Հայերի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքս Բաստյանն էլ մտահոգություն է հայտնել, որ իր հայրենակից հայերի դեմ ատելության հանցագործությունների թիվն ավելանում է, սակայն միջազգային հանրության կողմից արձագանք չկա։

Հայերի դեմ ատելության համանման դեպքեր  արձանագրվեցին նաև Իսրայելում։ Մեկ շաբաթ առաջ էլ 30- 40 հրեա ծայրահեղականներ հարձակվել էին տեղի հայկական  ռեստորանի հաճախորդների վրա, վնասել ռեստորանի գույքը։ Եվ այդ ամենը ուղեկցվել էր «մահ քրիստոնյաներին», «մահ հայերին» կոչերով։

Իսկ ավելի վաղ, հունվարի 11–ին, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով հակահայկականություն ու ատելություն տարածող  գրություն էր հայտնվել՝ «մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «վրեժ» ձևակերպումներով։ 

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը կատարվածը դիտարկում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Նա գտնում է, որ կատարվածը տեղավորվում է Արևմուտքի ծրագրերում։ Ըստ նրա՝ նպատակ կա Հարավային Կովկասն ու Թուրքիան մեկ բռունցք դարձնել Իրանի դեմ և հետո շարժվել Ռուսաստանի ուղղությամբ։ Իսկ այդ ճանապարհին հակահայկականություն տարածելը, վերլուծաբանի կարծիքով, ձեռնտու է որոշ ուժերի։

«Այստեղ կարող է հայ-իսրայելական հարաբերությունները սրելու միտում լինել, որ Հայաստանին կարողանան հարկ եղած դեպքում մեղադրել, որ Իրանի բարեկամն է։ Մեծ հաշվով ասում են, որ եթե դուք չանեք այն, ինչ ձեզանից պահանջում ենք, ապա ձեզ հետ էլ կվարվենք այնպես, ինչպես Իրանի հետ ենք ուզում վարվել»,– ասում է վերլուծաբանը։

Նա կարծում է, որ քաղաքական ու հոգեբանական ճնշում է գործադրվում, որ Հայաստանը չընդդիմանա Իրանին հարվածելու ծրագրերին։

Բայց Հայկ Այվազյանը վստահ է, որ հայկական կողմը կարող է փոքր ամրոց դառնալ Հարավային Կովկասում՝ ընդդեմ  նման ծրագրերի։ Բայց դրան կարելի է հասնել միայն հայկական բանակը ուժեղացնելու միջոցով։

Back to top button