ԿարևորՔաղաքական

Կովկասյան բանակցությունների ամերիկացի նոր դերակատարը․ ո՞վ է Բոնոն և ինչո՞ւ է նշանակվել

Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ–ում ամերիկացի համանախագահի պաշտոնը թափուր էր մնացել մոտ մեկ ամիս։ Այդ պաշտոնը զբաղեցնող նախորդ դիվանագետը՝ Ֆիլիպ Ռիքերը դադարեց պաշտոնավարել այս տարվա հունվարի 5–ից։ Պետքարտուղարությունը այդ որոշումը որևէ կերպ չմեկնաբանեց, փոխարենը՝ արդեն մեկնաբանել է, թե ինչու է ընտրվել և Կովկասի տարածաշրջանում ինչ նպատակներ է հետապնդելու նոր բանակցողը՝ կադրային դիվանագետ Լուի Բոնոն։ Հին և նոր բանակցողների նշանակման հարցում կան ուշագրավ դրվագներ և հստակեցումներ։ «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ՝ ով է ամերիկացի նոր պաշտոնյան, ինչ մասնագիտացում է ունեցել և ինչ նպատակով է նշանակվել մեր տարածաշրջանում աշխատելու համար։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու համար ԱՄՆ պետքարտուղարը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել։ Համատեղության կարգով այդ պաշտոնը նախատեսում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, բայց այդ մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ հիշատակում չկա։

Մինչև այս տարվա հունվարի 5–ը Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականը Ֆիլիպ Ռիքերն էր։ Նա շատ կարճ՝ մոտ 4 ամիս զբաղվեց տարածաշրջանային հարցերով։ Ռիքերի՝ պաշտոնից ազատման պատճառները պաշտոնապես չեն ներկայացվել, բայց նոր պաշտոնյայի՝ Լուիս Բոնոյի առաջիկա անելիքները պետքարտուղար Բլիքենը հստակ շարադրել է Պետքարտուղարության պաշտոնական կայքում․

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագրի կնքմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցություններին աջակցելու հանձնառությանը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու համար դիվանագետը կհամագործակցի Նահանգների հետ համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»։

Եթե դիտարկենք պաշտոններն ու կարգավիճակը, ապա դեսպան Ռիքերը փոխարինվել է կադրային դիվանագետ, բայց դեսպանի կարգավիճակ չունեցող Բոնոյով։ Պետքարոտւղարությունը հստակեցնում է, որ Բոնոն բանակցությունների բազմակողմ և երկկողմ ձևաչափի մեծ փորձառություն է ցուցաբերել Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակներում մշտական ներկայացուցչի պաշտոնակատարի, ինչպես նաև Սուրբ Աթոռում ժամանակավոր հավատարմատարի դերերում: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և փոխպետքարտուղարի տնտեսական և բիզնես հարցերով խորհրդականի պաշտոնում: Այսպիսով՝ ակնհայտ է նրա՝ տնտեսական ուղղվածությամբ մասնագիտացումը։ Բայց Բոնոյի գործունեությունն ընդգրկել է նաև ԱՄՆ Բանակի ռեզերվը, որտեղից նա անցել է թոշակի: Լուիս Բոնոն հրահանգիչ էր Ուեսթ Փոյնթում և Բանակի պատերազմի քոլեջում:

Այսքանով հանդերձ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը նշում է․  

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետքարտուղար Բլինքենի համար խորը կարևորության հարց է, որին Պետդեպարտամենտը մեծ ուշադրություն է հատկացնում, դա  կայուն առաջնահերթություն է Բայդենի վարչակազմի համար։ Լուիս Բոնոն ստորաբաժանման ավագ  ղեկավար է և ունի բարդ խնդիրների վրա աշխատելու մեծ փորձ: Նա վայելում է պետքարտուղար Բլինքենի և այս գերատեսչության անձնական վստահությունը՝ ստանձնելու այս նոր պաշտոնը»։

Նոր բանակցողի տարածաշրջանային այց դեռևս չի ծրագրվում, նաև հայտնի չէ՝ արդյոք Բոնոն իր աշխատանքում կիրառելու՞ է բանակցային նոր գործիքակազմ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը իր վերլուծություններում առանձնացրել է դիվանագետի նշանակման մի քանի, իր կարծիքով՝ կարևոր դրվագ։ Նա շեշտել է Սուրբ Աթոռում՝ Վատիկանում Բոնոյի պաշտոնավարման փաստը։ Բադալյանը կարծում է, որ Վատիկանի դերակատարությունը միջազգային գործընթացներում չափազանց նուրբ է, լատենտ, սակայն շատ կարևոր ու էական։ Դրա վկայությունն է այն, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը որոշեց սերտացնել Վատիկանի հետ հարաբերությունները և այնտեղ դեսպանատուն հիմնելու որոշում կայացրեց: Բադալյանը ուշադրության արժանի է համարում նաև դիվանագետի մասնագիտացումը։

Վերլուծաբանը գրել է․ «Կովկասի հարցերի նոր բանակցողը կամ Մինսկի խմբի նոր համանախագահը ունի «տնտեսական դիվանագիտության» մասնագիտացում: Իսկ սա ուշադրության է արժանի նրանով, որ ԱՄՆ հենց այդ «մասնագիտության» տեր դիվանագետ էր ընտրել նաև Հայաստանում իր նոր դեսպանի պաշտոնում, և Քրիստինա Քվիենը արդեն տվել է նոր դեսպանի երդումն ու շուտով ձեռնմուխ կլինի իր պաշտոնավարմանը: Բարդ է ասել՝ կա՞ երկու առանցքային դիվանագետների ընտրության հարցում մեթոդաբանական կապ «տնտեսական» մասնագիտացման տեսանկյունից, բայց հանգամանքը իսկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն, որ ներկայումս ռեգիոնալ իրողությունների խորքային տողատակերում նաև տնտեսական գործընթացներ են, տնտեսական ռազմավարական մոտիվներ, այդ թվում նաև հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս՝ հետպատերազմական փուլում»:

Թեև պաշտոնապես այդպես էլ չի ներկայացվել, թե ինչ պատճառներով է 4 ամսվա աշխատանքից հետո զբաղեցրած պաշտոնից հեռացել Ֆիլիպ Ռիքերը, հասարակական գործիչների շրջանում  էական դժգոհություն կա դեսպանի աշխատանքից։ Նրանք շրջանառում են մի վարկած, ըստ որի Ֆիլիպ Ռիքերն իրեն վատ, նույնիսկ սկանդալային է դրսևորել աշնանը Հայաստանում փորձագետների ու ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ։ Այնքան վատ, որ այդ լուրերը հասել են անգամ Եվրամիություն։

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանը, անդրադառնալով Ռիքերի աշխատանքին, սոցցանցում գրել է․

«Նա սխալ մարդ էր այդ պաշտոնում, ով իր ասելով, զոռով ու ժամանակավոր էր նշանակվել, բացարձակ անտարբեր էր արցախահայության ճակատագրի հանդեպ, և չէր համբերում, թե երբ պետք է թոշակի գնար ու անցներ մասնավոր սեկտորում աշխատանքի։ Ինչպես ինքը խոստովանեց ԱՄՆ Սենատում՝ ի պատասխան Մենենդեսի հարցադրումներին, նա անգամ իր էլեկտրոնային փոստը հեղեղած՝ սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների տեսանյութերը հարկ չէր համարել նայել»։

Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդականը մեր տարածաշրջանում մեկ այլ կարևոր նպատակ ունի, որը նույնպես արձանագրված է Պետքարտուղարության կայքէջում։ Լուի Բոնոն պետք է համակարգի ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև՝ Վրաստանի տարածքում առկա հակամարտությունները:

Պետքարտուղարության կայքում գրված է, որ նրա նշանակումը վերահաստատում է նաև այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «Վրաստանի վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների դերին, որը միակ միջազգային ձևաչափն է՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական օկուպացման հետ կապված»:

Back to top button