ԿարևորՀասարակություն

Գյումրու հնդկական ու աֆրիկյան երանգները

Գյումրիում մեծացել է օտարազգի ուսանողների հոսքը. քաղաքում ավելացել են Հնդկաստանից, Ինդոնեզիայից, աֆրիկյան պետություններից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած ուսանողները։ «Պրոգրես» համալսարանը, «World directory of medical schools» միջազգային կազմակերպության հետ համագործակցելով, հարյուրավոր արտասահմանցի ուսանողների է հրավիրել Գյումրի։ Նրանցից շատերը, չնայած նոր են Հայաստանում, բայց արդեն Գյումրին իրենց երկրորդ տունն են համարում ու համերկրացիներին էլ երաշխավորում են սովորելու համար այստեղ գալ։    

«Ձեր ուսանողական տոմսերի պատիվը բարձր պահեք և թող ձեր ստուգարքային գրքույկներում միշտ բարձր գնահատականներ լինեն»։ 

Գյումրիի «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը բարձր առաջադիմության մաղթանքով  ուսանողական գրքույկներ է հանձնում ավելի քան 100 ուսանողի Հնդկաստանից, Շրի Լանկայից, Ինդոնեզիայից։ Նույնքան էլ վրացի ուսանողներ առաջիկայում կստանան իրենց ուսանողական գրքույկները։

«Հիմա մենք սպասում ենք երկրորդ կիսամյակում «Պրոգրես» տեղափոխվող մոտ 350  ուսանողների»։

Դիմորդների խնդիր ունեցող մասնավոր բուհին ինչպե՞ս հաջողվեց ներկայանալի դառնալ միջազգային ասպարեզում ու մեծաթիվ ուսանողներ ներգրավել հարցին Ռաֆիկ Խաչատրյանը պատասխանում է․ «Միջազգային կրթական կազմակերպությունների հետ համագործակցելով ու ուսումնական համապատասխան պայմաններ ստեղծելով»։

2022–ին «Պրոգրեսը» գրանցվել է «World directory of medical schools» միջազգային կազմակերպությունում, նյութատեխնիկական բազայի, դասավանդող մասնագետների ու ուսումնական պլանների հիմքով արտոնագիր ստացել, որից հետո արտասահմանյան ուսանողների մեծ հոսք է սկսվել։

«Այդ կազմակերպությունը մշտապես հսկողության տակ է պահում կրթության որակն իր գործընկեր բուհերում, պարտավորվում է օգնել և՛ դասախոսներով, և՛ ուսումնական նյութերով։ Դիպլոմն ընդունվում է աշխարհի բոլոր երկրներում»։

Արտասահմանցի ուսանողների մեծ մասն ընտրել է բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտությունները, կան նաև իրավագիտությունը, ֆինանսներն ու հոգեբանությունը նախընտրողներ։ Հայերենի նախապատրաստական դասընթացներ էլ են անցնում, քանի որ ոչ բոլոր առարկաներն են անգլերենով դասավանդվում՝ ասում է Ռաֆիկ Խաչատրյանը։

«Ուսանողների ամենամեծ թվաքանակը Հնդկաստանից է, ևս 150 հնդիկ ուսանողի ենք հրավեր ուղարկել և հիմա սպասում ենք, խնդիրը միայն Հայաստան մուտքի արտոնագիր ստանալն է»։

Գյումրիի ավանդական գույները հարստացել են հնդկական ու աֆրիկյան երանգներով։ Գյումրեցիներից ոմանք, հիշելով մանկության հնդկական ֆիլմերն ու երգերը, կատակում են, թե «խառնվելու են գյումրվա տրնգին ու վիցիկ դանան», իսկ հնդիկ երիտասարդներին՝ Ջիմի անվանում։ Հնդկաստանից բացի այլ երկրներից էլ քիչ չեն ուսանողները։

«Ես Յամըկը Ռոուզբեկին եմ, Կամերոնից եմ եկել Հայաստան, քանի որ այստեղ ապրելը և ուսանելը բավականին մատչելի է, իսկ մարդիկ՝ հյուրասեր։ Ինձ շատ ապահով եմ զգում և հուսով եմ, որ ստացածս գիտելիքներով վերադառնալով իմ երկիր՝ կկարողանամ օգտակար լինել իմ ժողովրդին։ Ընկերներիս էլ եմ պատմել Գյումրիի մասին, որ հնարավորության դեպքում Գյումրի գան»։

Քերուբաշ Անքըրն էլ Շրի Լանկայի մայրաքաղաքից՝ Կոլոմբոյից է եկել, ասում է՝ բժշկական կրթություն ստանալու ցանկությունն ու փնտրտուքը գին-որակ հարաբերակցության համեմատականներով իրեն բերել են Հայաստան։ Գյումրին արդեն  իր երկրորդ տունն է համարում։

«Հատկապես Գյումրին ինձ շատ դուր եկավ, մեծ քաղաքների նման աղմկոտ չէ ու շատ հյուրընկալ է։ Այստեղ կրթությունս ավարտելուց հետո մագիստրոսական կրթությունս պլանավորում եմ շարունակել Կանադայում կամ Միացյալ Թագավորությունում»։

Ուսանողների նաև կեցության հարցերով խնդիրներ չկան, միջնորդ կազմակերպություններն են հոգում այդ ծախսերը։ «Պրոգրեսը» համալսարանի ռեկտորն ասում է, հրավերն ուղարկել են, տեղերը նախապատրաստել․ նոր ուսումնական տարում Գյումրին կընդունի ավելի քան 1200 արտասահմանցի ուսանողի։

Back to top button