ԿարևորՔաղաքական

Բաքվի հակաիրանական ու հակահայկական քաղաքականությունն ինքնին խոչընդոտ է որևէ կառուցողական հարթակի համար․ փորձագետները՝ «3+3»-ի մասին

Ռուսաստանը խթանում է «3+3» ձևաչափը՝ Հարավային Կովկասում իրավիճակը կառուցողական դարձնելու համար՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև հայտնել է, որ Իրանը կմիանա Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններին՝ տրամաբանական համարելով, որ այդ շփումները կկազմակերպվեն Իրանի և Ռուսաստանի կողմից, քանի որ նրանք այդ հարցով Աստանայի խմբի անդամներ են։ Նման գործողությունները, այդ թվում՝ 3+3 ձևաչափը կոչված են տարածաշրջանում կառուցողականություն ապահովելուն։ Որոշ փորձագետներ, սակայն, այդ առումով լավատեսության հիմքեր չեն տեսնում՝ ելնելով հատկապես վերջին զարգացումներից։

«3+3» ձեւաչափի առաջխաղացումը Հարավային Կովկասում իրավիճակը կառուցողական կդարձնի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

«Հարավային Կովկասում իրավիճակը կառուցողական դարձնելու համար մենք /Ռուսաստանը/ խթանում ենք «3+3» ձևաչափը։ Առաջին նշանակալի շփումն արդեն տեղի է ունեցել, այն կշարունակենք»։  

3+3 ձևաչափը ներառում է Այսրկովկասյան երեք պետությունները՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան և Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության հարթակը։ Փորձագետները, սակայն, ներկայում ձևաչափի արդյունավետությունը դժվար են պատկերացնում, հատկապես Բաքու-Թեհրան վերջին սրացումների համատեքստում։ Թեհրանը կասկած չունի, որ Իրանի Սպահան քաղաքում ռազմական օբյեկտի վրա հարձակումը Իսրայելի կազմակերպածն է՝ չբացառելով Ադրբեջանի մասնակցությունը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ վերջին օրերի զարգացումները մեկ բանի մասին են վկայում։

«Իրան-Ադրբեջան հարաբերությունները առաջիկայում որևէ բարելավման հեռանկար չունեն՝ հաշվի առնելով Բաքվի բռնապետական վարչախմբի գործելաոճը և, ըստ էության, գաղափարախոսությունը, նաև՝ ինքնությունը, որը մի կողմից հակահայկական է, մյուս կողմից՝ հակաիրանական»։

Բաքվի  հակաիրանական ու հակահայկական քաղաքականությունն ինքնին խոչընդոտ է որևէ կառուցողական հարթակի ձևավորման համար։ Փորձագետներն ամբողջ տարածաշրջանը վտանգի տակ դնող այլիևյան կեցվածքը քաղցկեղածին են որակում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմունքն է։

«Իրանցիները գնալու են Ադրբեջանի հնարավոր թուլացման ու կազմաքանդման, ու, ըստ էության, բոլոր այն վտանգների վերացման, որոնք բխում են այս արհեստածին կազմավորումից , որն իր էությամբ քաղցկեղածին է»։     

Իրանը թույլ չի տա, որ Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումն անպատասխան մնա՝ ասում է վերլուծաբանը։ Այդպիսի հայտարարություն հնչել է նաև Իրանից։ Շեշտվել է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու ազգային անվտանգությունը և վճռականորեն պատասխանելու ցանկացած սպառնալիքի։ Իսկ որ սպառնալիքի ծիրում Իրանը դիտարկում է նաև Ադրբեջանին, արդեն փաստ է։ Իրանցի միջազգայնագետ Շուայբ Բահմանի խոսքով՝

«Ադրբեջանը հետևում է Թուրքիայի ու Իսրայելի հրամաններին՝ Իրանին տարատեսակ հարվածներ հասցնելու նրանց նպատակներն առաջ տանելով»։

Նախօրեին էլ Իրանի հետախուզության նախարարն է հերթական զգուշացումն արել հարևան պետություններին՝ մարտադաշտ չդառնալ իր ոխերիմ թշնամի Իսրայելի համար՝ վերջինին բնորոշելով որպես «օրեցօր մահացող ռեժիմ»։ 

Ավելի վաղ, հիշեցնենք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված  հարցազրույցում ասել էր, որ հնարավոր է համարում ռազմական ուժի կիրառումն Իրանի դեմ, եթե այդ երկրի զսպման քաղաքականությունը հաջողության չհանգեցնի։

Այսօր արդեն ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին նամակ ուղղել։ Կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դատապարտել Իսրայելի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները։

«Իրանը օրինական և անօտարելի իրավունք ունի ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ արձագանքելու Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած սպառնալիքին կամ ապօրինությանը, երբ դա անհրաժեշտ համարի»։  

Իրանը «պատերազմ» չի ցանկանում, որովհետեւ տանուլ կտա, եւ այս հարցին «շատ զգույշ» է մոտենում՝ նույն հարցազրույցում ասել էր Նեթանյահուն։ Իրանագետները, մինչդեռ, նկատում են, որ Իրանը միշտ կարողացել է իրավիճակը համբերությամբ կառավարել ու պատասխանել սադրիչ գործողություններին։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը չի կասկածում. 

«Վերլուծությունների հիման վրա՝ դժվար է ասել, թե ինչպես կպատասխանի, բայց որ կպատասխանի՝ միանշանակ է ու բավականին խիստ ու անզուգաչափ»։   

Մինչ այդ, Իրանի հետախուզության նախարարն է ուղերձ հղել հարևան երկրներին՝ հորդորելով իրենց անվտանգությունից ելնելով գործ չունենալ Իսրայելի հետ ։ Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն խոսել է Իսրայելի իր պաշտոնակցի հետ, այնուհետև գնացել Թուրքիա, որտեղ այսօր ավարտվում է Թուրքիայի, Ադրբեջանի ու ևս 15 պետության մասնակցությամբ ընթացող «Ձմեռ 2023» զորավարժությունը։

Back to top button