ԿարևորՏնտեսական

Ամեն հաջորդ կրկնօրինակումը  նախորդի հաջողությունը չի ունենում․ ինչպե՞ս զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում

Հայաստանն այսուհետ տեքստիլ արդյունաբերության զարգացման ու դրանից բխող գործողությունների ծրագրեր կունենա։ Նախագիծը հաստատվել է այսօր կառավարության նիստում։ Թեթև արդյունաբերության ոլորտում տեքստիլը փոքր մասնաբաժին ունի, 2021–ին մոտ 3 տոկոս է կազմել, և դրանում ներգրավված են հիմնականում փոքր ու միջին ձեռնարկությունները։ Ոլորտում հիմնականում կանայք են աշխատում։ Բայց հայկական արտադրանքի հիմնական մասը հայտնի է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանման մեծ ներուժ ունի։ Հայ սպառողն այսօր տեքստիլի ոլորտում ընտրության հնարավորություն ունի՝ հայկական արտադրության գուլպաներից մինչև բաճկոններ ու բժշկական և այլ մասնագիտական արտահագուստ։

«Made in Kurtan» մակնշմամբ հայկական արտադրության բաճկոններն ու անթևիկները տեղական շուկայում հայտնվեցին 2020 թվականի 44–օրյա պատերազմից անմիջապես հետո։ Համավարակն ու պատերազմը խանգարել էին, որ բաճկոնների արտադրությունը սկսվի նախատեսված ժամեկտում՝ 2020–ի փետրվարին։ Առաջին բաճկոնները արտադրեցին Արցախի երեխաների համար։ Դրանից առաջ էլ  փախստական ընտանիքների համար տաք վերմակներ էին կարում։ Հետո արդեն հայ սպառողը տեղական շուկայում  ավելի հաճախ սկսեց հանդիպել հայկական արտադրության  բաճկոններն ու անթևիկները։ Ապրանքանիշը, հատկապես սոցիալական ցանցերում, սպառողին գրավեց իր վառ գույներով։ Արտադրության հիմքը դրել է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը։ «Made in Kurtan»- ը հիմնադրամի սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերից է։

«Ծրագրի հիմնական նպատակը Լոռու մարզի Կուրթան համայնքում աշխատատեղերի հիմնումն էր», — «Ռադիոլուրին» պատմում է հիմնադրամի տնօրեն  Մարիամ Անտոնյանը։ Իսկ ինչու՞  հենց բաճկոններ։

«Իմ կարծիքով՝ մեր երկրում այսպիսի խնդիր ունենք, երբ մի նախաձեռնություն հաջողություն է ունենում, շատ արագ նախաձեռնությունը կրկնօրինակվում է։ Եվ ամեն հաջորդ կրկնօրինակումը այն հաջողությունը չի ունենում, ինչը եղել է առաջինի դեպքում։ Իրականում մենք, երբ սկսում էինք արտադրությունը, չէինք ուզում կրկնօրինակել։ Մենք ուզում էինք այնպիսի բան ստեղծել, ինչի կարիքը շուկան ուներ։ Եվ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեր շուկան տեղական արտադրության բաճկոնների կարիք ունի»,–ասում է Մարիամ Անտոնյանը։

Բաճկոնների կտորը թայլանդական է։ Այն ոչ թե ներկրում են, այլ ձեռք են բերում Երևանից, իսկ սինդիպոնը՝ հայկական արտադրության է։ Երբ արտադրության ծավալներն ավելացնեն, կմտածեն հումք ձեռք բերելու մասին։ Կտորի դեպքում էլ նախապատվությունը կտային, հայկականին, բայց այս պահին կտորի արտադրություն գրեթե չկա՝ ասում է Մարիամ Անտոնյանը։  Աշխատատեղեր բացելու և սոցիալական ծրագրեր իրականացնելու  տրամաբանությամբ էլ Լոռու մարզի Վահագնի գյուղում արդեն մի քանի ամիս է, ինչ «Made in Vahagni» ապրանքանիշով նոր ուղղություն են զարգացնում․

«Այնտեղ էլ սկսել ենք  հյուրանոցային, ռեստորանային ոլորտների ու բժշկական արտահագուստի արտադրություն։ Նոր է սկսվել արտադրությունը, դեռ շատ հայտնի չէ։ Կուրթանի հաջողությունն ուզում ենք ունենալ Վահագնիում»։

Արտադրության առանձնահատկությունն այն է,  որ ներգրավված են գյուղերում բնակվող  կանայք։ Ոչ միայն այս ձեռնարկություններում, այլև, ընդհանրապես, ողջ ոլորտում է մեծ կանանց ներգրավվածությունը։ 2020–2021 թվականներին 11500 աշխատատեղերի 95 տոկոսում աշխատել են կանայք։ Հագուստի և հագուստի պարագաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության՝ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է։ Արդյունաբերության մեջ տեքստիլի մասնաբաժինը մոտ 3 տոկոս է կազմում, բայց կարևոր է , որ այստեղ ներգրավված են հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ։ Չնայած 2019 և 2020 թվականների արտահանման անկմանը (20%), Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թվականներին միջինում կազմել է տարեկան ավելի քան 40%։ 

Հայաստանն այսուհետ տեքստիլ արդյունաբերության զարգացման ու դրանից բխող գործողությունների ծրագրեր կունենա։ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն արձանագրում է՝ 2022թ ավելի, քան 200 մլն դոլարի արտադրանք է արտահանվել։ 2021–ի համեմատ աճը կազմել է մոտ 16 տոկոս։

« 2022–ին ոլորտում գործել է 265 ընկերություն։ Մեծ մասը՝ ՓՄՁ են։ ՊԵԿ–ի տվյալներով, 2021թ խոշոր հարկատուների ցանկում ներառվել են  տեքստիլ ոլորտի 11 ընկերություն»,– ասում է փոխնախարարը։

Ծրագրով նախատեսում են մարդկային կապիտալի, արտադրական կարողությունների զարգացում, ինչպես նաև արտահանման ու վաճառքին միտված ծրագրերի իրականացում։ Կառավարությունն առաջիկա տարիներին մոտ 14 մլրդ դրամ կծախսի ոլորտի զարգացման համար։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տեքստիլի  զարգացումը կարևորում է։ Հիշեցնում է՝ անկախության տարիներին այն որոշակի հաջողություններ արձանագրում էր։  Այժմ զարգացումն ավելի կարևոր է․

«Չմոռանանք, որ թեթև արդյունաբերության մի կարևոր մասը կարող է ու պետք է օգտակար լինի նաև հայկական բանակին։ Շատ կարևոր է, որ արտադրությունը տեղում կազմակերպենք։ Եթե անգամ փոքր տարբերությամբ տեղական արտադրանքն ավեlլի թանկ լինի։ Բայց փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ այդպես է»,– ասում է տնտեսագետը։ 

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ՝ հայկական տեքստիլը  բավականին հաջող իրացում ունի արտերկրում ու, եթե գործընթացն ավելի  կազմակերված բնույթ ունենա, արդյունքներն ակնհայտ կլինեն։ Ըստ նրա՝ հումքի ձեռքբերումը նպատակահարմար է  Իրանից կատարել, չմոռանալով ու  նաև դիվերսիֆիակցնելով ԵԱՏՄ անդամ երկրների՝ հատկապես Ղրղզստանի, ՌԴ–ի ներուժը։ Եվրասիական տնտեսական միության դեպքում միասնական շուկայի գաղափարն առաջատար է, ուստի այն կարող է օգնել տեղական արտադրողներին։

Back to top button