Հայագիտակ

Վահան Հովհաննիսյանը, որի գրական ժառանգությունը «երկաթե վարագույրը» թաքցրեց մեզանից․ «Հայագիտակ»

1908 թվականի աշնանային մի օր հեռավոր Ախլցխայից Վենետիկի սուրբ Ղազար կղզի ուսման ժամանեց 14-ամյա մի պատանի` ապագա գրող, մանկավարժ, փիլիսոփայության դոկտոր, աստվածաբան հայր Վահան Հովհաննիսյանը։ Նրա բուռն ու հետաքրքիր կյանքը ու գրական հարուստ ժառանգությունը գրեթե անհայտ է մնացել խորհրդային երկաթե վարագույրի այս կողմում գտնվողների համար։

Հայր Վահան Հովհաննիսյանի «Հայոց պատմության» 10-հատորյակը սփյուռքի դպրոցներում երկար ժամանակ որպես դասագիրք էր ծառայում։ Նա բազմաթիվ բանաստեղծությունների, վեպերի ու  թատերգությունների հեղինակ էր։ Նրա պիեսներով են նաև հայոց պատմություն սովորել, դաստիարակվել սփյուռքի տարբեր կրթօջախների սաներ, նաև իրենց առաջին քայլերն անելով բեմի վրա։ Մխիթարյան հայրերից Վահան Օհանյանը հիշում է, թե ինչպես էր Հայր Վահանը ոգևորությամբ աշակերտներին հորդորում կորով հաղորդել իր պիեսների հերոսներին։ 

Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյան

Հայերեն ամենաերկարակյաց պարբերականի` «Բազմավեպ»-ի խմբագիր, Սփյուռքի տարբեր հայտնի կրթօջախների տեսուչ և տնօրեն, Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ Վահան Հովհաննիսյանը ծնվել է1894 թվականին Ախալցխայի Նորշեն` այժմ  Ծղալթբիլա գյուղում։ Նույն այդ գյուղում հինգ տասնամյակ անց ծնվում է նրա եղբոր թոռը` նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը։

Վիկտոր Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես 30-ական թվականներին Խորհրդային Միությունում սկիզբ առած բռնությունների ժամանակ 1936 թվականին հայր Վահանը ստալինյան աքսորից փրկվելու համար գնում է Բաթում և այստեղ նավերից մեկի հայ նավապետը` ճանաչելով նրան, թաքցնում է իր խցում ու հասցնում Իտալիա։

Այս դեպքերից արդեն մեկ տարի անց հայր Վահան Հովհաննիսյանը նշանակվում է Եթովպիայում Ադիս Աբեբայի Գևորգյան վարժարանի տնօրեն։ Բայց այստեղ էլ սկսվում է իտալա-եթովպիական պատերազմը, իսկ երկրորդ աշխարհամարտի մեկնարկին անգլիացիները գերի են վերցնում Եթովպիայում հայտնված իտալացիներին։

Վիկտոր Հովհաննիսյան

Քենիայում վեց տարի հայր Վահանը մնում է գերության մեջ։ Նկատի ունենալով նրա հոգևորի կոչումը` անգլիացիներն առաջարկում են նրան վերադառնալ Վենետիկ, սակայն հայ հոգևորականը մնում է իտալացի զինվորների հետ` այսպիսով նեցուկ լինելով նրանց։ Մինչև այսօր էլ այդ իտալացի զինվորների զավակներն ու բարեկամները ծաղիկներ են դնում հայր Վահանի գերեզմանին որպես նրա անձնազոհության երախտիքի նշան։

Խրուշչովյան ձնհալի տարիներին` 60-ականներին, հայր Վահանը հնարավորություն է ունենում հայրենիքում և հայրենի գյուղում ապրող իր ազգականների հետ կապը վերականգնել, նաև հաճախ այցելել և Հայաստան, և Ախլցխա։

Այս այցերը մեծ ներգործություն են ունեցել հատկապես Վիկտոր Հովհաննիսյանի վրա։ Այնպիսի ջերմությամբ է նկարիչը պատմում իր պապի եղբոր հետ հանդիպումների, նամակագրության մասին, որ հասկանում ես նրա աշխարհընկալման վրա գրող, մանկավարժ, փիլիսոփա հայր Վահան Հովհաննիսյանի ազդեցության չափը։

Հայր Վահանն իր եղբոր թոռանը հորդորում էր շատ կարդալ, քանի որ լավ նկարիչը պետք է շատ գրագետ ու բանիմաց լինի։ Նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը խոստովանում է, որ այդ խորհուրդներն իր համար շատ կարևոր էին և հեռուստատեսությունում աշխատելու տարիներին նաև հասկացավ հայր Վահանի խորհուրդների իմաստը։

Հեռուստատեսությունում Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքները բազմաթիվ ու բազմաբովանդակ էին. «Հայ ժողովրդի պատմություն», «Պատմության և մշակույթի հուշարձանները», «Մեր լեզուն մեր խոսքը», «Բարի գիշեր» իրիկնային հեքիաթի նկարազարդումները, երաժշտական «Հայ երգի ակումբ», հասարակական-քաղաքական «Հինգշաբթի», լրատվական «Լրաբեր», «Օր 7-րդ» հաղորդումները, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն հեռուստադասերը, թվարկումը դեռ կարելի է շարունակել։ Նաև նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի շնորհիվ հայ հեռուստադիտողը ճանաչեց հայր Վահան գրողին։

Վերջին անգամ հայր Վահանը հայրենիք է ժամանում իր մահվանից մեկ տարի առաջ` 1976 թվականին։ Այդ անգամ նա շատ դիպուկ մի նկատառում է անում. «Երբ 30-ականներին գնում էի Թիֆլիս` հայերեն խոսում էի, հայերեն էին պատասխանում, 60-ականներին Թիֆլիսում հայերեն խոսում էի, ռուսերեն էին պատասխանում, այժմ (70-ականներին. խմբ), ոչ ես եմ իրենց հասկանում, ոչ իրենք` ինձ»։

Վիկտոր Հովհաննիսյանը պատմում է, որ մինչև այսօր էլ նա կապեր ունի Մխիթարյան հայրերի հետ։ Նրանք երբ գալիս են Հայաստան, անպայման հանդիպում են իրեն, մինչև այսօր էլ նա ստանում է իր պապիկի երբեմնի խմբագրած «Բազմավեպի» նոր համարները, իսկ սուրբ Ղազար կղզում ցուցադրվում են իր կտավները։

Back to top button