Յոթ քայլ առաջ․ Հայաստանը բարելավել է դիրքերը 2022 թ. Ժողովրդավարության ինդեքսում


Economist Intelligence Unit-ի (EIU) հրապարակած 2022 թ. Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը բարձրացել է յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը։ Հայաստանը դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին:
Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 90-րդ և 134-րդ հորիզոնականները, Թուրքիան 103-րդն է, Իրանը՝ 154-րդը։
Ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայի 16 երկրներ բարելավել են ցուցանիշերը 2022 թ․ Ժողովրդավարության ինդեքսում, ամենամեծ բարելավումը գրանցել են Չեռնոգորիան և Ալբանիան։ Վեց երկրների ցուցանիշներ անկում են ապրել, ամենամեծ հետընթացը գրանցել է Ռուսաստանը։
Տարածաշրջանում դեռևս չկան «լիարժեք ժողովրդավարություններ». 28 երկրներից 16–ը դասակարգվում են որպես «թերի ժողովրդավարություն» (ներառյալ ԵՄ արևելյան անդամ երկրները և Արևմտյան Բալկանների մեծ մասը), 4-ը «հիբրիդային ռեժիմ» են (Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան և Ուկրաինա), իսկ 8-ը՝ «ավտորիտար ռեժիմ» (Ադրբեջան, Բելառուս, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի ԱՊՀ անդամ բոլոր երկրները):


Ժողովրդավարության ինդեքսը, որը հրապարակվում է 2006 թվականից սկսած, ներկայացնում է ժողովրդավարության վիճակը 165 անկախ պետություններում և երկու տարածքներում:
Ինդեքսը հաշվի է առնում հինգ ցուցանիշ՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:
Ելնելով այս կատեգորիաների մի շարք ցուցանիշներից՝ յուրաքանչյուր երկիր դասակարգվում է որպես «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» կամ «ավտորիտար ռեժիմ»:
Աշխարհի ժողովրդավարության միջին միավորը մի փոքր բարելավվել է նախորդ տարվա վարկանիշից հետո: Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդը դեռ ապրում է ավտորիտար երկրներում, մինչդեռ միայն 8%-ն է ապրում լիարժեք ժողովրդավարության պայմաններում: