

Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը սեփական զավակի նման էր վերաբերվում իր յուրաքանչյուր ֆիլմին։ Անցյալ դարի 50-ականների վերջին նկարահանված և, ցավոք, հանդիսատեսին չհասած «Մեր թաղի ձայները» ֆիլմի կորստի ցավը չսպիացավ նրա հոգում։
Սովետական Միության գրաքննությունը Հայաստանում նկարահանվող ֆիլմերը դասակարգում էր մի քանի խմբերի՝ հաջողված, անհաջող և արգելված։ Հաջողված ֆիլմերն էկրաններին ցուցադրվելուց բացի մասնակցում էին կինոփառատոնների, անհաջող ճակատագիր ունեցող ֆիլմերը տարիներով ննջում էին կինոարխիվի փոշոտ դարակներում, իսկ «պատժված» ֆիլմերը ոչնչացվում էին՝ պատճառաբանությամբ, թե դրանք չեն համապատասխանում խորհրդային գաղափարախոսությանը։
Այդ խմբերից վերջինում հայտնվեց կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի՝ խորհրդային կինոյի կարծրատիպերից դուրս նկարահանված «Մեր թաղի ձայները» ֆիլմը։ Այն կարող էր հայկական կինոյում շրջադարձային լինել։ Կարող էր, բայց չդարձավ։
Նեոռեալիստական ոճով նկարահանված ֆիլմը, ըստ գրաքննիչների, հակասում էր սովետական գաղափարախոսությանը։
Կինոգետ Սուրեն Հասմիկյանը կյանքը նվիրել է հայկական կինոյի զարգացմանը։ Նա այն քչերից էր, ում բախտ էր վիճակվել դիտել «Մեր թաղի ձայները» ֆիլմը։ Տարիներ անց այդ ֆիլմի տխուր պատմությունը վերհիշելիս՝ նա նշում էր, որ ֆիլմի դրամատուրգիան և սցենարը բոլորովին նոր խոսք էին հայ կինոյում։
«Անցյալ դարի 60-70-ականներին Ռուսաստանում ստեղծվել էր նոր ասելիքով մի ֆիլմ՝ Գրիգորի Չուխրայի «Քառասունմեկերորդը», իսկ մենք դեռ չունեինք նմանատիպ ֆիլմ։ Հրապարակախոս, արձակագիր Պերճ Զեյթունցյանի՝ այդ տարիներին գրված սցենարը, որը Յուրի Երզնկյանը էկրանավորում էր, պիտի այդպիսի մի ֆիլմի սկիզբ ազդարարեր մեր կինոպատմության մեջ, բայց ավաղ չստացվեց»,- պատմում էր Սուրեն Հասմիկյանը:
ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանն այդտեղ մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Ավելի քան հինգ տասնամյակ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում տարբեր կերպարներով հանդես եկած դերասանուհին նշում է, որ հենց այս ֆիլմի շնորհիվ էր, որ իր կյանքը մեկընդմիշտ կապեց արվեստի հետ։
«Փողոցում՝ անսպասելի, ինձ մոտեցավ «Մեր թաղի ձայները» ֆիլմի նկարիչը և առաջարկեց մասնակցել գլխավոր հերոսուհու դերասանական լսումներին: Անկեղծ ասած ես գաղափար անգամ չունեի թե դա ինչ է, ինչպես են տեղի ունենում լսումները: Հիշում եմ, որ այդ պահին ինձ հետ էր նաև մայրիկիս ընկերուհին, որն էլ իմ փոխարեն համաձայնեց: Հաջորդ օրը մենք գնացին Տերյան 2 հասցեում գտնվող «Հայֆիլմ » կինոստուդիա, որտեղ մեզ դիմավորեց Յուրի Երզնկյանը: Մի քանի փորձնական նկարահաումներ կատարեցին, որից հետո, ինձ հաստատեցին այդ դերում»,-պատմում է Էվելինա Շահիրյանը:
«Մեր թաղի ձայները» կինոնկարի առաջին դիտմանը հաջորդող քննարկումը թեժ անցավ։ Կինոյի պատասխանատուներն, այսպես ասած, երջանիկ ավարտ չարձանագրեցին ֆիլմում։ Խորհրդային տարիներին ընդունված էր նշել, որ ԽՍՀՄ-ը հզոր երկիր է կառուցել, պատերազմներում հաղթել է, հզոր արդյունաբերություն է ստեղծել։ Բայց այդ ամենի հետևում հաճախ դժբախտ մարդկանց կյանքեր էին։ Երջանիկ Խորհրդային Հայաստանի վարագույրի հետևում պահվող դժբախտ մարդկանց և հասարակության մասին բարձրաձայնողֆիլմը մտահոգել է և՛ երևանյան, և՛ մոսկովյան չինովնիկներին։ Յուրի Երզնկյանի դուստրը՝ կինոքննադատ Անետա Երզկյանը նշում է, որ կինոռեժիսորին առաջարկվել է փոփոխություններ կատարել ֆիլմի կառուցվածքում, ինչը նա մերժել է։
«Ե՛վ հասատանյան, և՛ մոսկովյան կինոպատասխանատուները Յուրի Արամայիսիչին առաջարկեցին էականորեն փոփոխել ֆիլմը, որի արդյունքում պիտի փոխվեր կինոնկարի ընդհանուր պատկերը։ Դա մի առաջարկ էր, որ հայրս չէր կարող ընդունել։ Նա չգնաց զիջումների, ֆիլմը էկրան չբարձրացավ։ Դա մեծ հարված էր հորս համար, որովհետև նա զգում էր, որ այդ ոճում նկարահանված ֆիլմի անհրաժեշտությունն այդ պահին շատ պետքական էր մեր հասարակության համար»,- Անետա Երզնկյանը տարիներ անց էլ նույն հուզմունքով և ափսոսանքով է վերհիշում «Մեր թաղի ձայները» ֆիլմի փակման պատմությունը։
Մի քանի արխիվային հոդվածներ. սա է այն ամենը ինչ այսօր մնացել է «Մեր թաղի ձայները» ոչնչացված ֆիլմից։ Կինոնկարը որպես «դարակային» ֆիլմ արգելվելուց հետո մինչև 70-ականների սկիզբը պահվեց «Հայֆիլմ» կինոստուդիայի պահոցում։ Այդ տարիների ընթացքում Յուրի Երզնկյանն այդպես էլ չգնաց զիջումների: Արդյունքում՝ համարձակ այս ֆիլմը որակվեց որպես խոտան և ոչնչացվեց։