ԿարևորՀասարակություն

Բլոկադայի «ձեռքբերումը»․ շրջափակված Արցախում դժվարություններն ավելի են մտերմացնում մարդկանց

Շրջափակված Արցախում դժվարություններն ավելի են մտերմացնում, ջերմացնում մարդկանց։ Գրեթե ամեն օր «Ռադիոլուրի» արցախցի զրուցակիցները պատմում են, թե ինչպես են ծանոթ–անծանոթների հետ կիսում ունեցածը, մեկը մյուսին օգնում կամ վերակազմակերպում կյանքը հովհարհային անջատումների ու գազի բացակայության պայմաններում։ Այսօրվա մեր պատմությունը դարձյալ էներգետիկ, տնտեսական ու հոգեբանական դժվարությունների, բայց նաև արցախցիների լավատեսության մասին է։

Աիդա Գյանջումյանը մեկն է այն արցախցիներից, որոնք շրջափակման առաջին օրերից Գորիսում էին մնացել։ Նա հիմա արդեն Արցախում է, Ստեփանակերտում։ Բլոկադայի 37-րդ օրն էր, որ Աիդան շուրջ 2 տասնյակ երեխաների հետ Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձավ։ Պատմում է՝ այն ինչ վերադարձից հետո տեսել է շրջափակված Արցախում, հաճելիորեն զարմացրել է իրեն։

«Իմ վերադառնալուց հետո տեսա արցախցիների տոկունությունը, կամքի ուժը, համբերությունը, թե ինչպես են, ամեն ինչ անտեսելով, կառչած իրենց պապերի հողից ու, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում են այնտեղ ապրել»,– ասում է Աիդա Գյանջումյանն ու  հիշեցնում ՝ արցախցիների համար սա առաջին դժվարությունը չէ։

Նա նեղսրտում է, որ շատերը այս օրերին, նյութականից կառչած, խոսում են միայն դժվարությունների մասին։ Իսկական արցախցին, որ առնվազն 3 պատերազմ է տեսել, հիմա կոտրվելու իրավունք չունի․

«Հասկանալի է, որ դժվար է, գոնե երեխաներին պետք է վիտամիններով հարուստ սնունդ, մրգեր։ Իհարկե, կառավարությունը աշխատում է ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի օգնությամբ այդ ամենը կարգավորել, ինչքան որ հնարավոր է։ Մեզ համար շատ ցավալի է այն իրավիճակը, որը Ադրբեջանը ստեղծել է մեր ժողովրդի համար։ Հիմա Արցախում ոտնահարվում են մեր ազատ տեղաշարժի ապրելու, առողջության իրավունքները»։

Դժվարությունները մարդկանց ավելի են միավորում, ասում է Աիդան։ Նա հիանում ու զարմանում է՝ այս օրերին նույնիսկ երեխաներն են մեծերի պես իրենց ուսերին կրում բոլոր դժվարությունները․ ծնողների հետ  հերթ են կանգնում, մոմի լույսի տակ դասեր սերտում և ունեցածն ուրիշների հետ կիսում․

«Ինչ–որ բան էի առել, երեխաների համար տարել էի, թոռնիկիս տվեցի, ինձ հարցրեց․ «Եթե սրանից ընկերոջս էլ տանեմ, կլինի՞»։ Ես ապշած էի, որ երրորդ դասարանի երեխան մտածում է, որ եթե ինքն ուտում է, անպայման ընկերոջը տա։  Իհարկե, ցավալի է, որ նման իրավիճակում ենք, Ադրբեջանը հենց նմանատիպ հոգեբանական ճնշումներով  ուզում է մեզ հանել այստեղից, բայց դրական ապրումներ էլ կան»։

Աիդա Գյանջումյանը Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդականն է։ Նա նաև Արցախի Ասկերանի շրջանի դպրոցներից մեկում հասարակագիտություն է դասավանդում։ Ասում է՝ այս օրերին հատկապես երեխաների հետ շփումն է իրեն հույս տալիս և վստահ է, որ Արցախի էներգետիկ ճգնաժամը չի կարող խանգարել, որ կրթությունը շարունակվի։

«Աշխատում ենք այնպես անել, որ հովհարային անջատումների ժամերին ընդմիջումներ անենք, կամ փոփոխում ենք աշխատանքային ժամերն այնպես, որ մինչև հոսանք անջատելն արդեն աշխատանքն ավարտած լինենք»,– մանրամասնում է Աիդան։

Մանկական եվրատեսիլի համար Երևան եկած ու ավելի քան մեկ ամիս ծնողներից ու տնից հեռու գտնվող երեխաներին ուղեկցող Աիդա Գյանջումնյանն ասում է՝ երբեք չի մոռանա՝ ինչպես ադրբեջանցիների միջով սարսափահար անցան ու հասան հայրենիք, չի մոռանա Գորիսում անցկացրած օրերը ու, թե ինչպես էին երեխաները անհանգստանում այդ օրերին շրջափակման մեջ գտնվող իրենց ծնողների համար։ Անկեղծանում է՝ շրջափակման դժվարություններն անցած իրենց խումբը արդեն մեծ ընտանիք է․ դա էլ բլոկադայի «ձեռքբերումն» է․

«Այնտեղ՝ Գորիսում երեք երեխաների ծնունդն ենք նշել՝ Մարիաննայի, Դիանայի և Աստղիկի, իսկ արդեն Ստեփանակերտում երեխաներից Անիի ծնունդն ենք նշել, բոլորով հավաքվել էինք իրենց տանը և նորից զգացինք մեր ջերմությունը։ Երեխաները իրար շատ կարոտել էին․ դժվարությունները ավելի են մտերմացնում»։

44-օրյա պատերազմի օրերին ևս Աիդա Գյանջումյանը իր սաների հետ Երևանում էր։ Այդ ժամանակ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ նոր երգ ստեղծեցին․ ասում է՝ երեխաների շուրթերից հնչող «Պիտի ապրենք» երգն այսօր ավելի քան արդիական է։

Back to top button