ԿարևորՄիջազգային

Արքայական հրաժեշտ «Երկնքի թագուհուն». Boeing-ը թողարկել է վերջին 747 ինքնաթիռը

Վերջին Boeing 747-ն է դուրս է եկել հավաքման արտադրամասից։ Այն գնել է ամերիկյան Atlas Air բեռնափոխադրող ավիաընկերությունը։ 747-ները հավանաբար դեռ երկար կթռչեն, սակայն դրանց արտադրությունն արդեն դադարեցվել է։

Քաղաքացիական ավիացիայի ոլորտում իսկական հեղափոխություն արած Boeing-ին, որն իր ժողովրդականության համար ստացել է «Երկնքի թագուհի» անվանումը, թագավորական հրաժեշտ են տվել․ ինքնաթիռի անձնակազմը երկնքում նկարել է հսկայական թագ և 747 թիվը։

Boeing 747-ը աշխարհի ամենաճանաչված ինքնաթիռներից մեկն է և արտադրվում է ավելի քան 50 տարի:

Աշխատակիցները նրան հրաժեշտ են տվել մի քանի օր ավելի շուտ։ Հունվարի 31-ին Boeing-ի հազարավոր աշխատակիցներ հավաքվել են աշխարհի խոշորագույն ավիաարտադրող Everett Aircraft Building Plant-ում՝ Վաշինգտոն նահանգում, որտեղ 747 ինքնաթիռներ են արտադրում 1967 թվականից ի վեր: Ներկաների թվում եղել է հոլիվուդյան աստղ Ջոն Տրավոլտան, որը օդաչուի արտոնագիր ունի և ավիացիայի սիրահար է:

Վերջին 747-ը դուրս է եկել հավաքման գծից դեկտեմբերի 7-ին, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները, թռիչքային թեստերը, որից հետո վերջնականապես հանձնվել է Atlas-ին։

Boeing 747-ի հսկայական առևտրային հաջողությունը որոշ չափով խամրել էր վերջին տարիներին, քանի որ և՛ Boeing-ը, և՛ նրա եվրոպական մրցակից Airbus-ը մշակել են ավելի խնայող և հետևաբար, ավելի շահավետ ինքնաթիռներ:

Ընկերության հաջորդ մոդելը՝ Boeing 777 X-ը, կարող է շուկայում հայտնվել 2025 թվականից ոչ շուտ։

Back to top button