ԿարևորՔաղաքական

Քաղաքական ու բարոյական պատասխանատվությունից առաջ պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները. ՔՊ պատգամավոր

Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Զինված ուժերին, ո՞ր փուլում են բանակի բարեփոխումները և ինչպե՞ս են խմբագրվում նախատեսված քայլերը՝ վերջին ողբերգական իրադարձությունները հաշվի առնելով։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ ԱԺ–ում քննարկվող հարցերը համարժեք չեն բանակի առջև ծառացած մարտահրավերներին, խորհրդարանական մեծամասնությունը գնահատականը չի կիսում՝ մատնանշելով առանցքային մի քանի փոփոխություններ ու դրանց քննարկումներին ՝  ընդդիմադիրների չմասնակցելը։

Ընդդիմությունն այսօր ձեռնպահ է քվեարկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգին։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն է պարզաբանել պատճառը։

«Տարբեր հարցեր են բերվում քննարկման։ Հերթական նիստում էլի ականատես ենք լինում, որ կառավարության կողմից մեր անվտանգային համակարգի, զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության հետ կապված որևէ նախագիծ չկա։ Կա մեկ փոքրիկ, ուղղակի՝ մեկտողանոց փոփոխության նախագիծ, որը հերթական անգամ խոսում է մի բանի մասին,  որ, ցավոք սրտի, այդքան իշխանությունների կողմից խոսվող զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության հետ կապված լայնածավալ աշխատանք չկա և այդ պատճառով մենք օրակարգին ձեռնպահ ենք քվեարկել»։   

Ընդդիմադիր գործընկերոջ գնահատականը չեն կիսում իշխանական պատգամավորները։ Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հակադարձում է։  

«Սիրելի քաղաքացիներ, կարող եք նայել պաշտպանության հանձնաժողովի նախորդ բոլոր նիստերը, որպես այդպիսին ու տոկոսային համեմատությամբ տեսնել, թե ինչ քանակով է քննարկվում ԶՈՒ բարեփոխումները՝ քանի փաթեթ է եկել որպես այդպիսին»։

Խոսքը ոչ թե առանձին փաթեթների, այլ համակարգային բարեփոխումների մասին է ՝ հստակեցնում է Գեղամ Մանուկյանը։ Խորհրդարանական ընդդիմության գնահատմամբ՝    ԱԺ–ում քննարկվող հարցերը համարժեք չեն այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է բանակը։

Խորհրդարանական մեծամասնությունը, մինչդեռ,  կարծում է, որ բանակում շրջադարձային  փոփոխություններ են սկսվել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը թվարկում է դրանցից մի քանիսը։

«Այսօր մենք կադրային սպաների լրջագույն խնդիր ունենք, և այդ խնդիրը լուծելու համար բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել ռազմաուսումնական հաստատություններում։ 2022 թ-ից այն անձինք, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ և կավարտեն, ավարտելուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք նշանակվում։ Բացի այդ, հնարավորություն է տրվել, որ զինծառայողները 6 ամիս ծառայելուց հետո կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել, դառնալ պայմանագրային զինծառայող 5 տարի ժամկետով: 5 տարի ծառայելուց հետո կստանան 5 մլն պարգևավճար, չհաշված այն, որ նրանք հնարավորություն ունեն ատեստացիոն կարգով գործընթաց անցնելուց հետո ստանալ բարձր աշխատավարձ, որը 300 հազարից ավելի  է»։  

Ատեստավորման արդյունքներով Զինված ուժերում աշխատավարձերը բարձրացնելու  հնարավորություն է ամրագրվել, բազմաթիվ դժգոհությունների առիթ տված եռամսյա հավաքները փոխարինվել են 25-օրյա հավաքներով, ինչը  հնարավորություն կտա շատ ավելի անձանց ներգրավել ուսումնական հավաքներին՝ ասում է Արմեն Խաչատրյանը։

Հարցերի նոր խումբ է բացահայտել զորամասերից մեկում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը։  Խոսքն արդեն բանակում կառավարման արդյունավետության, զինծառայողների անվտանգության ու մարտունակության մասին է։

Դիտարկմանն ի պատասխան, որ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը ցույց տվեց, թե ինչ լուրջ խնդիրներ կան բանակում, իշխանական պատգամավորն ասում է, որ կացարանում տարրական պայմաններն ապահովված են եղել։   

«Որ ասում եք՝ ապահովված չեն տարրական պայմանները, այդ պայմանները ապահովված են, բայց ինչ պայմաններ էլ որ լինեն, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լինել, որ վնասներ չառաջանային։ Այլ հարց, որ հետևանքների առաջացրած ծանրության մեջ  կարող են փոփոխություններ լինել, հարուցված է քրեական գործ, բոլոր հանգամանքները պարզվելուց հետո կհասկանանք՝ ինչ է պետք անել: Ավտոբենզինը այնտեղ օգտագործվում է շինարարական աշխատանքների համար, տրակտորների համար և այլն, այն եղել է կացարանից բավականանին հեռու, սակայն բերվել է կացարան։ Քննությունը կավարտվի, այս ամենը հանրությանը կներկայացվի»։

Խաչատրյանը վստահեցնում է, որ ժամանակավոր կացարանների հարցն  ու անվտանգային  խնդիրները հիմնովին լուծելու  քայլեր են արվում, և գործընթացը պետք է շարունակական լինի , քանի որ պայմանների բարելավման անհրաժեշտություն միշտ էլ կա։ Ինչ վերաբերում է տեղի ունեցածի համար բարոյական եւ քաղաքական պատասխանատվության կրելուն, ապա պատգամավորը կարծում է, որ նախ պետք է պարզվեն  գործի բոլոր հանգամանքները։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի տալ կատարվածի քաղաքական ու բարոյական գնահատականը:

Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել են զորամասի հրամանատարի տեղակալն ու զորամասի կոմունալ շահագործման, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը։

Մեղադրվող երկու զինվորականներն էլ պատասխանատու էին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման  համար։

Back to top button